Logo

3 ստեղծագործություն Խալեդ Հոսեյնիից, որոնք թարգմանվել են հայերեն

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:09 / 31.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Խալեդ Հոսեյնի

Աֆղանական ծագմամբ ամերիկացի գրող Խալեդ Հոսեյնիին միջազգային ճանաչում է բերել 2003-ին լույս ընծայած «Օդապարուկ թռցնողը» վեպը, որի հիման վրա 2007-ին ռեժիսոր Մարկ Ֆոստերը նկարահանել է համանուն ֆիլմը (The Kite Runner):

Իր էթնիկ փուշտունական ծագման մասին Հոսեյնին ասում է. «Ես զտարյուն ինչ որ մեկը չեմ ... Իմ ներսում փուշտունական ծագում կա»։

VNews Culture առանձնացրել է գրողի ստեղծագործությունները, որոնք թարգմանվել են հայերեն՝

«Օդապարուկ թռցնողը» 

Օդապարուկ թռցնողը

«Օդապարուկ թռցնողը» Հոսեյնիի առաջին վեպն է, լույս է տեսել 2003 թվականին «Riverhead Books» հրատարակչության միջոցով: 

Վեպն Աֆղանստանի Քաբուլ քաղաքում ապրող Ամիր անունով տղայի և նրա ամենամտերիմ ընկերոջ՝ Հասանի մասին է, որն Ամիրի հոր ծառայի տղան էր։ Ամիրն ու Հասանը ծնված օրվանից անբաժան են և իրենց մանկության գրեթե յուրաքանչյուր պահը միասին են անցկացրել։ Այնուամենայնիվ, մի օր, երբ Ամիրն ականատես է լինում Հասանի հանդեպ գործադրվող դաժան բռնությանը, ոչինչ չի ձեռնարկում, փոխարենը նպաստում է Հասանի և նրա հոր հեռանալուն՝ սեփական մեղքի զգացումից ազատվելու համար։ Դեպքի հետ կապված հիշողությունները և խղճի խայթը հետապնդում են Ամիրին երկու տասնամյակ՝ մինչ այն օրը, երբ նա իր խնամքի տակ է վերցնում սպանված Հասանի որդուն․․․

«Օդապարուկ թռցնողը» միջազգային բեսթսելլեր է՝ գրեթե երկու տարի զբաղեցնելով «The New York Times»-ում բեսթսելլերների առաջին հորիզոնականը։ Գիրքն ամբողջ աշխարհում վաճառվել է մոտ 38 միլիոն օրինակ: 

Վեպը հայ ընթերցողին է ներկայացրել «Զանգակ» հրատարակչու­­­­­­թյունը՝ 2017 թվականին։ Հայերեն թարգմանության հեղինակն է Մարիա Սադոյանը։

Մեջբերումներ՝

Ուրեմն, անկախ նրանից, թե ինչ է սովորեցնում մոլլան, կա միայն մի մեղք, միայն մեկը։ Դա գողությունն է։ Ցանկացած այլ մեղք գողության մի տեսակ է ...Երբ մարդ ես սպանում, գողանում ես նրա կյանքը,–ասաց Բաբան,–գողանում ես նրա կնոջից ամուսին ունենալու իրավունքը, երեխաներին զրկում հորից: Երբ սուտ ես ասում, գողանում ես ճշմարտությունն իմանալու որևէ մեկի իրավունքը: Երբ խաբում ես, գողանում ես արդարության իրավունքը։ Հասկանու՞մ ես։
Աֆղանստանում շատ երեխաներ կան, բայց մանկություն չկա։

 

«Հազար չքնաղ արևներ»

Հազար չքնաղ արևներ

«Հազար չքնաղ արևներ» վեպը լույս է տեսել 2007 թվականին: Այն քսաներորդ դարի երկրորդ կեսի Աֆղանստանի մասին է՝ աֆղան կանանց աչքերով՝ իրենց դժվարությունների և տանջանքների մասին: 

Այս ստեղծագործությունը նույնպես դարձել է The New York Times-ի բեսթսելլեր՝ լույս ընծայումից հետո հաջորդած տասնհինգ շաբաթների ընթացքում։ Վաճառվել է շուրջ 1 միլիոն օրինակով:

Վեպը հայերեն է լույս տեսել 2020 թվականին՝ կրկին Մարիա Սադոյանի թարգմանությամբ։ 

Մեջբերումներ գրքից՝ թալիբների, աֆղանների, արգելքների մասին

«Մեր հայրենիքն այժմ անվանվում է Աֆղանստանի Իսլամական Էմիրություն: Սրանք են օրենքները, որոնք մենք սահմանում ենք, իսկ դուք պետք է կատարեք.

• Բոլոր քաղաքացիները պետք է օրը հինգ անգամ աղոթեն: Եթե աղոթքի ժամն է, իսկ դուք այլ գործով եք զբաղված, ծեծի կենթարկվեք:

• Բոլոր տղամարդիկ պետք է մորուք պահեն: Ճիշտ երկարությունը պետք է լինի ծնոտի տակ առնվազն մեկ սեղմված բռունցքի երկարության: Եթե չպահեք, ծեծի կենթարկվեք:

• Բոլոր տղաները պետք է չալմա դնեն: Առաջինից վեցերորդ դասարանի տղաները դնելու են սև չալմա, բարձր դասարաններինը՝ սպիտակ: Բոլոր տղաները հագնելու են իսլամական հագուստ: Վերնաշապիկի կոճակները պետք է կոճկված լինեն:

• Երգելն արգելված է:

• Պարելն արգելված է:

• Արգելվում է խաղաքարտ խաղալ, շախմատ խաղալ, խաղադրույքներ անել և օդապարուկ թռցնել:

• Արգելվում է գրքեր գրել, ֆիլմեր դիտել և նկարներ նկարել:

• Եթե թութակ պահեք, ծեծի կենթարկվեք: Ձեր թռչունները կսպանվեն:

• Եթե գողանաք, ձեր դաստակը կկտրվի: Եթե նորից գողանաք, ձեր ոտքի թաթը կկտրվի:

• Եթե դուք մահմեդական չեք, մի՛ աղոթեք այնտեղ, որտեղ ձեզ կարող են տեսնել մահմեդականները: Այլապես դուք ծեծի կենթարկվեք և բանտ կնստեք: Եթե փորձեք մահմեդականին ձեր հավատքին վերափոխել, մահապատժի կենթարկվեք:

Ուշադրությո՛ւն կանանց:

• Դուք պետք է միշտ ձեր տանը մնաք: Կանանց հարիր չէ աննպատակ շրջել փողոցներով: Եթե դուրս եք գալիս, ձեզ պետք է ուղեկցի մահրամը՝ արական սեռի ազգականը: Եթե ձեզ մենակ գտնեն փողոցում, ծեծի կենթարկեն ու տուն կուղարկեն:

• Դուք ոչ մի դեպքում չպետք է ցույց տաք ձեր դեմքը: Դրսում պետք է հագնեք բուրքա: Եթե չհագնեք, դաժան ծեծի կենթարկվեք:

• Շպարվելն արգելվում է:

• Զարդեղենն արգելվում է:

• Հմայիչ հագուստ հագնել չի կարելի:

• Չի կարելի խոսել, եթե ձեզ հետ չեն խոսում:

• Տղամարդկանց աչքերի մեջ նայել չի կարելի:

• Հանրային վայրում ծիծաղել չի կարելի: Եթե ծիծաղեք, ծեծի կենթարկվեք:

• Եղունգները ներկել չի կարելի: Եթե ներկեք, կկորցնեք մատը:

• Աղջիկներին արգելվում է դպրոց հաճախել: Աղջիկների համար բոլոր դպրոցները անմիջապես փակվելու են:

• Կանանց արգելվում է աշխատել:

• Եթե դուք դավաճանեք ձեր ամուսնուն, կքարկոծվեք մինչև մահ: Լսե՛ք: Լա՛վ լսեք: Հնազանդվե՛ք: Ալլահ–ու–աքբա՛ր»:

 

«Եվ արձագանքեցին լեռները»

Եվ արձագանքեցին լեռները

«Եվ արձագանքեցին լեռները» համաշխարհային բեսթսելլեր է, որի հիմքում աֆղանական ընտանիքների պատմությունն է: Վեպը Հոսեյնիի առաջին ստեղծագործությունն է, որն ուղղակիորեն կապված չէ թալիբանների հետ: Այն հեղինակի երրորդ գիրքն է և շեղվում է առաջին երկու գրքերի ոճից, որոնք չէին կենտրոնանում կոնկրետ որևէ կերպարի վրա։ Գիրքը նման է կարճ պատմությունների հավաքածուի՝ կազմված 9 գլխից, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին կերպար: Սյուժեի առանցքային գիծը 10 տարեկան Աբդուլլայի և նրա 3 տարեկան քրոջ՝ Փարիի ճակատագիրն է։ 

Վեպը թարգմանվել է շուրջ 40 լեզվով: Այն հայ ընթերցողին է ներկայացրել «Զանգակ» հրատարակչությունը՝ Անուշ Սեդրակյանի թարգմանությամբ՝ 2016 թվականին: 

Մեջբերումներ՝ 

Ես հասկացա, որ մարդիկ չեն տեսնում քո ներքին էությունը, նրանք անտարբեր են քո հույսերի, երազների և վշտի հանդեպ, որոնք թաքնված են ոսկորների և մաշկի շերտի տակ: 
Համարձակ լինելու համար պիտի կորցնելու բան չունենաս։
Պետք չէ բոլոր բարեգործությունները փակցնել ցուցատախտակին: Բարի գործերը պետք է արվեն լուռ արժանապատվությամբ: Հրապարակավ կտրոններ ստորագրելը բարություն չէ:
Մի՛ եղիր այդքան մանրախնդիր:
Երկու շաբաթվա ընթացքում կարելի է հասկանալ՝ ամուսնությունը հաջող է, թե ոչ: Ապշեցուցիչ է, թե ինչպես մարդիկ տարիներ, նույնիսկ տասնամյակներ ապրում են շղթաների մեջ, երկարուձիգ փոխադարձ խաբեության և կեղծ հույսի ճիրաններում, մինչդեռ պատասխանն ի սկզբանե հայտնի է հենց այդ մեկ-երկու շաբաթվա մեջ:
Անկախ բարեգործությունների քանակից՝ աղքատները սիրում են վատ բաներ խոսել: Բամբասում են, որովհետև հիասթափված են սեփական կյանքից: Եվ դրան լուծում տալ հնարավոր չէ, դա բավական է:

 

fastnews-ads-banner