ԷՐԱՏՈՅԻ ՄԱՍԻՆ
Քանի որ շատ շահարկվեց Մեծ Հայքի վերջին Արտաշիսյան թագուհի Էրատոյի մասին թեման, որոշեցի այստեղ գրել այն, ինչ հայտնի է նրա մասին։
Նախ՝ Էրատոյի մասին հայ պատմագիտությունն ուղղակի լռում է, նրա մասին վկայում են միայն հռոմեական պատմիչները՝ Կոռնելիուս Տակիտուսը, Դիոն Կասիուսը (հունական ծագմամբ)։ Միայն այս երկու վկայություններն են և պահպանված դրամական պատկերագրությունները, ուրիշ ոչինչ․ մնացածը երևակայության արդյունքում ծնված դատողություններ են, ենթադրություններ են, հորինվածքներ են, վիպասանություն է և այլն․․․։
Դատեք ինքներդ․
Դիոն Կասսիոս․
«[Ս]ակայն հայերը, քանի որ Տիգրանը բարբարոսների դեմ մղած ինչ-որ պատերազմի ժամանակ սպանվել էր, իսկ ԷՐԱՏՈՆ էլ հրաժարվել էր իշխանությունից, պատերազմի ելան հռոմեացիների դեմ, որովհետև նրանց [վրա իշխանությունը] հանձնել էին ոմն մեդացի Արիոբարզանեսի, որը մի ժամանակ Տիրիդատեսի հետ եկել էր հռոմեացիների մոտ [․․․]» (Dio Cass․, LV, 10a,5):
Գայուս Կոռնելիուս Տակիտուս․
«Մերձավորների նենգությամբ կատարված Արտաքսիասի սպանությունից հետո, Հայաստանին կայսեր կողմից տրվեց Տիգանը, որին Տիբերուս Ներոնի շնորհիվ ուղեկցեցին դեպի իր թագավորությունը։ Ո՛չ Տիգրանի, ո՛չ էլ սրա որդիների տիրապետությունը երկարատև չէր, թեպետ վերջիններս, ըստ օտար սովորության, ամուսնացել էին միասին թագավորելու նպատակով» (Tacit., Ann., II:3)
«Հետո Ավգուստուսի հրամանով Արտավազդը գահ բարձրացավ և տապալվեց ոչ առանց կորուստ պատճառելու մեզ։ Այդ ժամանակ Հայաստանը խաղաղեցնելու համար՝ ընտրվում է Գայուս Կեսարը։ Սա ծագումով մեդ Արիոբարզանին հայերի ցանկությամբ նշանակում է Հայաստանի պետ, նրա մարմնի նշանավոր գեղեցկության և շատ աչքի ընկնող քաջության պատճառով։ Արիոբարզանը մահացավ պատահական մահով։ Սրա հետնորդների իշխանությունը հայերը չտարան։ Կնոջ իշխանությունը փորձելուց հետո (այդ կնոջ անունն է ԷՐԱՏՈ) և սրան շուտով արտաքսելուց հետո, անհաստատ լինելով, և ավելի շուտ առանց պետի մնալու, քան ազատության մեջ լինելու համար՝ հայերը թագավոր են ընտրում Վոնոնին» (Tacit., Ann., II:4):
Փաստն այն է, որ Էրատոն Տիգրան Գ արքայի դուստրն է և «սրբազան ամուսնությամբ» ամուսնացած էր եղբոր՝ Տիգրան Դ-ի հետ (ենթադրվում է, որ խոսքն այն ամուսնության մասին է, որը կնքվում էր ոչ համամայր եղբայրների և քույրերի միջև՝ համաձայն զրադաշտական միջավայրում առկա ավանդույթի։ Այսու՝ թագուհին այս դեպքում ներկայացնում էր «հայոց համակեցական ամբողջի հետ արքայի կապի մեկ այլ մարմնավորում», մանավանդ որ այն դիտարկում ենք առասպելամտածողության ծիրում, որտեղ արքան նույնանում էր Միհր-Ապոլոնին, իսկ Ապոլլոնին մշտապես ուղեկցող մուսաներից մեկն էր հենց Էրատոն։ Այս մասին ավելի մանրամասն տե՛ս Ա․ Ստեփանյան, Պատմության կերպափոխությունները Մեծ Հայքում․ Արտաշիսյան դարաշրջան, Ե․, Սարգիս Խաչենց, Փրինթինֆո, 2012, էջ 244-245 և 320-321)։
Հ․Գ․-1։ Ուշագրավ է, որ Encyclopedia of the Roman Empire հանրագիտարանում Էրատոն ներկայացված է իբրև Տիգրան Բ Մեծի դուստր, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Տե՛ս Matthew Bunson, Encyclopedia of the Roman Empire, p. 199։ “Queen of Armenia; daughter of King Tigranes II and one of the last hereditary rulers of her nation”)։
Հ․Գ․-2։ Իսկ անվան կիրառման դեպքում յուրաքանչյուր ոք ազատ է՝ մեկնաբանելու և իմաստավորելու ըստ իր երևակայության կամ խնդրի։ Եթե այլ անուն եք ուզում, կարող եք առանձին ձեր խումբը ստեղծել և դնել անունն ինչ ուզում եք։
Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին «Շամիրամ» կուսակցություն կար՝ անուններն իմաստավորելու նույն տրամաբանությամբ։
Սմբատ Հովհաննիսյան

