Logo

Էլվիրա Մնացականյան․ Եթե երկրորդ կյանք ունենայի, էլի բալետին կնվիրեի

Հեղինակ
Հասմիկ Հարությունյան
15:15 / 20.03.2023Զրույցներ
Բացառիկ
Էլվիրա Մնացականյան

VNews Culture-ի զրուցակիցն է բալետի հայ արտիստ, պարուսույց, փորձավար, Հայաստանի ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանը:

1963-1992 թվականներին Էլվիրա Մնացականյանը եղել է Օպերայի և բալետի պետական թատրոնի մենապարուհի։ 1990 թ. ավարտել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի բալետմայստերական բաժինը` բալետմայստեր-փորձավար մասնագիտությամբ։ Էլվիրա Մնացականյանը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում` Կանադա, Արգենտինա, Բրազիլիա, Մեքսիկա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Լեհաստան, Իրան... 1993-1997 թվականներին աշխատել է Խարկովի Լիսենկոյի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում:

Տիկին Էլվիրա, շնորհակալ եմ հարցազրույցի առաջարկը չմերժելու համար: Այսօր, ինչպես Երևանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, բալետը, ցավոք, մասսայական ու պոպուլյար արվեստ չի համարվում: Ձեր տարիներին բալետն ինչպիսի՞ն էր:

-Իմ տարիներին բալետը բարձրության վրա էր: Այլ հարց է, թե որ երկրում են բալետային ներկայացումները բեմադրվում: Մենք միշտ ընդունում ենք ռուսական բալետը, Պետերբուրգի բալետը, բայց Երևանում էլ շատ լավ բալետային խումբ կար, և մանավանդ 1960 թվականից շատ ավելի լավացավ: Բարեբախտաբար, այդ ժամանակաշրջանը համընկավ մեր թատրոն գալու հետ: Հայտնի բալետմեյստեր Եվգենի Չանգային այդ տարի հրավիրեցին Երևան` «Սպարտակ» բեմադրելու: Շատ լավ ներկայացում էր, մեծ աղմուկ հանեց ու դրանից հետո նրան խնդրեցին, որ մնա որպես գլխավոր բալետմեյստեր: Այդ ժամանակաշրջանում հայկական բալետը շատ մեծ աճ ստացավ, որովհետև Խորհրդային միության ժամանակ կար Անդրկովկաս հասկացություն, ու Կովկասյան երկրների մայրաքաղաքներից՝ Երևան, Թբիլիսի, Բաքու, ամենաուժեղ բալետային թատերախումբը Թբիլիսիում էր: Իսկ հետո, այդ տարիներին Երևանում բալետը շատ բարձրացավ:

Էլվիրա Մնացականյան-1

Ասում են՝ Պարարվեստի ուսումնարանում, երբ Ձեզ տեսել են առաջին անգամ, ասել են՝ այս աղջիկը հայկական բալետի ապագան է:

-Այո, այդպես են ասել: Ես լավ տվյալներ ունեի, ու նաև շատ սիրում էի պարել: Ես եմ մայրիկիս ստիպել, որ ինձ տանի Պարարվեստի ուսումնարան, քանի որ փոքր հասակից շատ սիրել եմ բալետը: Սկզբում մայրս ինձ տարավ երաժշտական դպրոց, ու 4 տարի սովորեցի, բայց, ի վերջո, կարողացա ստիպել, որ ինձ տանի պարի: Շատ ակտիվ էի, բոլոր բեմադրություններին մասնակցում էի, ու ինձ միշտ ասում էին` «այդ աղջիկը լավ պարուհի կդառնա»: Մի կողմից դա լավ էր, մյուս կողմից էլ՝ վատ:

Պարտավորեցնո՞ղ էր:

-Բացի պարտավորեցնողը, հիմա, երբ արդեն մեծացել եմ, հետ եմ նայում ու մտածում եմ, որ ես երևի ավելի շատ կպարապեի, եթե այդքան շատ չասեին, որ ամենալավն եմ: Մի քիչ հանգիստ էի ինձ զգում:

Էլվիրա Մնացականյան-2

Նկարագրեք այն զգացողությունը, որով մտել եք թատրոն՝ վստահությամբ, որ Դուք բալետի ապագան եք:

-Չէ, ես չեմ եկել թատրոն այն զգացողությամբ, որ բալետի ապագան եմ: Ուսուցիչներս, իհարկե, ասում էին: Ուսումնարանն ավարտելուց էլ «Ժիզել» եմ պարել Վիլեն Գալստյանի հետ՝ ամբողջական ներկայացում: Մինչ այդ, որևէ աշակերտ ավարտականին ներկայացումն ամբողջությամբ չի պարել: Մեր դասարանը շատ ուժեղ էր: Երբ եկանք թատրոն, Եվգենի Չանգան մեզ ասաց՝ «Կապ չունի ուսումնարանում ինչպես եք եղել, դուք պետք է ամեն ինչ պարեք»: Թատրոնի ձևն այդպիսին է: Ավարտելուց հետո չես կարող միանգամից մենապար պարել: Այդ ժամանակ կային հրաշալի մենապարողներ, և մենք չէինք կարող այդպես միանգամից նրանց տեղը զբաղեցնել: Ամեն ինչ էլ պարել եմ` և՛ օպերաներում, և՛ կորդեբալետում: Երեք տարի անց եղավ իմ առաջին մեծ ներկայացումը՝ «Ժիզելը»: Դա ճիշտ է, որովհետև կամաց-կամաց ես հարմարվում թատրոնի մթնոլորտին: Շատ տարբեր է, երբ դու ուղղակի աղջիկ ես ու պարում ես, ու բոլորովին այլ է, երբ որպես արտիստ ես պարում: Որովհետև բեմում միայն պարը բավարար չէ, արտիստը իր հետևից ներկայացումն է տանում, դերասանական վարպետություն պետք է լինի: Ես չեմ սիրում, երբ ուղղակի պարում են, որքան էլ գեղեցիկ են պարում, բայց, երբ ներքին հոգեվիճակը չկա, դա իմ սրտով չէ:

Ինչպե՞ս հասնել այդ ներքին հոգեվիճակին:

-Դրան հասնելը դժվար է, որովհետև ես հիմա ուսումնարանում էլ եմ դասավանդում, ու կան բազմաթիվ  երեխաներ, որոնք լավ տեխնիկա ունեն, բայց այդ ներքինը պակասում է: Այդ ներքինը սովորեցնել չի լինում: Դա էլ է Աստված տալիս տվյալների պես:

Կրթվածությունը, ինտելեկտը, ընդհանուր աշխարհայացքը որքանո՞վ են օգնում բալետի արտիստին:

-Օգնում է, իհարկե, շատ է օգնում, երբ դու զարգացած ես, երբ գիտես` ինչ կերպար ես պարում, ինչ դեր է: Օրինակ` «Դիմակահանդեսն» է, դու գիտես Նինան ով է, ինչ ապրումներ ունի: Բայց, բացի դրանից, ներքին մի բան կա, որ միայն Աստված է տալիս է: Մենք ունեինք հրաշալի պարողներ, որ ասես շատ կրթված էին՝ չէ, բայց որ բեմ էին դուրս գալիս՝ բեմը լցնում էին: Դա էլ է բնությունից տրված:

Էլվիրա Մնացականյան-3

Աստված Ձեզ այդ շնորհը տվե՞լ է:

-Հա, տվել է (Ծիծաղում է - Հեղ․):

Խոսենք «Գայանեի» մասին, Դուք առաջին դերակատարն եք եղել:

-Այո, առաջինը ես եմ եղել: 1974 թվականն էր: Վիլենը (Վիլեն Գալստյան` ՀՀ բալետի հայ արտիստ, բալետմեյստեր, «Գայանե» բալետի բեմադրիչ) այն ժամանակ դեռ պարում էր և շատ էր ուզում «Գայանե» բեմադրել, և կամաց-կամաց Վիլենը հասավ այդ ցանկությանն ու բեմադրեց: Արամ Խաչատրյանը ներկա էր պրեմիերային: Կոմպոզիտորը շատ ուրախ էր, որ «Գայանեն» բեմադրվել է: Մինչ պրեմիերան, փորձերին էլ ներկա էր լինում, մեկ-մեկ ընդմիջումներին Արամ Իլյիչը բալետի արտիստներին շոկոլադ էր հյուրասիրում: Նա հաճույք էր ստանում, որ իր ներկայացումը գնում է: Նրա միակ պահանջն այն էր, որ իր երաժշտությունը չտուժի ու ոչինչ չհանեն իր երաժշտությունից:

Էլվիրա Մնացականյան-4

Արամ Խաչատրյան «Գայանե»՝ Էլվիրա Մնացականյանի արխիվից


Դուք ինչպե՞ս մոտեցաք Գայանեի կերպարին: Գայանեի կերպարը, գյուղական-խորհրդային կյանքը Ձեր դարաշրջանին ավելի մոտիկ է, քան ներկայիս սերնդին:

-Այո, ճիշտ եք: Բայց ներկայացման մեջ գյուղական կյանքը շատ ժամանակակից էր բեմադրված: Գայանեն ինձ շատ մոտ ու սիրելի կերպար է: Երբ մտնում ես տվյալ մարդու կերպարի մեջ` ի՞նչ է զգում աղջիկը, ի՞նչ է իրեն սպասվում և այլն, արդեն կամաց-կամաց քոնն է դառնում:

Ունեցե՞լ եք կերպար, որ դժվար է Ձեզ տրվել:

-Սկզբից, որ եկա թատրոն, ինձ միշտ ասում էին, որ ես միայն լիրիկական կերպարներ պետք է պարեմ: Իսկ ես ավելի խարակտերային դերեր էի ցանկանում պարել, ու ինձ թվում էր, որ կկարողանամ, ներքուստ վստահ էի, բայց միշտ ընկճվում էի, ինքս ինձ ասում էի, որ այնքան էլ բոյով չեմ, չեմ կարողանա խարակտերային դերեր կատարել: Այդ ժամանակ «Բախչիսարայի շատրվան» ներկայացումն էր գնում․ գլխավոր հերոսուհիներն էին Մարիան ու Զառան: Ես մարմնավորում էի Մարիային, բայց ինձ միշտ ձգում էր Զառան, միշտ մտքումս ասում էի՝ «Այնպես կպարեի Զառա»: Եվգենի Չանգան ինձ շատ օգնեց ու տարբեր խարակտերային կերպարներ էր տալիս, որ ես բացվեի: Ներսից զգում էի, որ կկարողանամ պարել, բայց չէի համարձակվում:

Էլվիրա Մնացականյան-5

Բեռլիոզ «Ռոմեո և Ջուլիետ»՝ Ջուլիետ


Բալետի արտիստի համար որքա՞ն է կարևոր ինքնավստահ լինելը:

-Նայած` ինչ ձևի ինքնավստահության մասին է խոսքը: Եթե արտիստը ինքնավստահ է ու մտածում է, որ լավն է՝ իրենից բան դուրս չի գա: Միշտ պետք է մտածես՝ սա արեցի, բայց կարող եմ ավելին: Եթե արտիստն ինքն իրենից դժգոհ լինի, ավելի շատ բանի կհասնի: Ինքնավստահները ոչ մի բանի չեն հասնում: Իրենց թվում է, որ իրենցից բարձրը չկա ու ոչ մեկի չեն լսում:

Երբևէ եղե՞լ է, որ ինքներդ Ձեզանից գոհ լինեք:

-Չէ՛, ես միշտ ինձանից դժգոհ եմ: Ու ես միշտ մտածել եմ, որ ավելի լավ կկարողանամ:  Փորձերին ինչ-որ բաներ էի անում, հետո բեմում կարող էր այնպես չստացվել, ինչպես փորձերին: Չնայած կողքից բոլորն ասում էին՝ «վայ, ինչ լավ էր», բայց ներսից գիտեի` ինչն եմ լավ արել, ինչը՝ վատ:

Էլվիրա Մնացականյան-6

Չայկովսկի «Կարապի լիճ» բալետ՝ Օդետ


Ասում են՝ յուրաքանչյուր բալերինա՝ կորդեբալետից սկսած, մինչև մենապարուհի, երազում է «Կարապի լճում» պարել:

-Այո, ճիշտ է:

Դուք Օդետ եք պարել:

-Այո: Երբ մենք ուսումնարանում էինք սովորում, գալիս էինք թատրոն պրակտիկայի: Ու երբ թատրոնում «Կարապի լիճը» ներկայացումն էր ընթանում, ես վերջին գծում պարում էի: Շատ հաճույքով էի պարում: Չորրորդ ակտում մի հատված կա, որ կարապները վազքով երկու գծով պետք է անցնեին: Ու առաջինը ես էի շարքում: Ու ես այնքան լավ եմ հիշում, որ վազում էի, ու ինձ թվում էր, որ իմ հետևից ոչ ոք չի վազում: Ես Օդետն եմ: Քսան տարի հետո ես բեմ բարձրացա արդեն Օդետի կերպարով:

Նկարագրեք զգացողությունը, երբ երազում եք կերպարի մասին ու հասնում դրան:

-Ամենալավ զգացողությունն է: Ուրախությանս չափ չկար, երբ ասացին, որ պետք է Օդետ պարեմ: Շատ լավ ժամանակներ էին: Անկեղծ ասած` բոլոր կերպարներն էլ սիրում եմ, չկա, որ չեմ սիրում: Դա նույնն է, որ մի քանի երեխա ունենաս ու մեկին սիրես, մյուսին՝ չէ: Ուղղակի դերեր կան, որ շատ ավելի հարազատ են: «Ժիզել» էլ եմ սիրում, բայց «Կարապի լիճը» ուրիշ է, Չայկովսկու երաժշտությունն ուրիշ է: «Կարապի լճում»  կերպարի փոփոխություն կա՝ Օդիլիան, այդտեղ ես զգացի, որ խարակտերային դերեր կարողանում եմ պարել: Հետո, երբ բեմադրվեց «Արա գեղեցիկ և Շամիրամ» ներկայացումը, ես Շամիրամին էի մարմնավորում, և այդ ժամանակ հասա խարակտերային իմ կերպարին, ու բոլորը հիացած ասում էին, թե ինչ հրաշալի Շամիրամ եմ ես: Չնայած ես էլի գիտեի, որ ավելի լավ կարող եմ անել, ինձ միշտ թվում էր, որ ես հասակով ցածր եմ, բայց բեմի վրա փոքր չէի երևում:

Էլվիրա Մնացականյան-7

Մինկուս «Դոն Կիխոտ» բալետ՝ Կիտրի


Ի՞նչ ծիծաղաշարժ դեպք կհիշեք Ձեր ներկայացումներից:

-Զվարճալին այն է, երբ բեմի վրա պատահաբար ընկնում ես: Բոլոր արտիստների հետ էլ պատահում է: Իհարկե այդ պահին քեզ վատ ես զգում, վեր ես թռնում ու շարունակում ես պարել, բայց հետո սկսում ես ծիծաղել: Մենք կենդանի մարդիկ ենք, ամեն ինչ էլ պատահում է: Ինձ հետ շատ զվարճալի մի դեպք է պատահել: 90-ականներին ես աշխատում էի Խարկովում, թատրոնը երկու բեմ ուներ՝ մեծ ու փոքր, ու քանի որ նոր թատրոն էր, փոքր բեմի վրա դեկորացիաները ամբողջական չէին արել: Փոքր բեմը թեքահարթակ չուներ ու միանգամից գնում էր դեպի նվագախումբը: «Ժիզել» ներկայացումն էր, ու առաջին ակտում, երբ Ժիզելը վազում է ու պետք է ընկնի, որ մայրը գա ու հանգստացնի: Վազելուց աչքերս փակ ընկել եմ, ու պարզվում է` թռել եմ բեմի ծայրին: Գլուխս բարձրացրի ու զգում եմ, որ սահում եմ, ու խաղընկերս հետևից շորս բռնել է: Շորս մի փոքր պատռվեց, ու ես գլորվելով գնում եմ: Երաժշտություն չկա, աչքերս բացում եմ, տեսնեմ` նվագախմբի մոտ եմ: Կոնտրաբասի վրայով գլորվելով հայտնվել էի հատակին: Բոլորն ինձ էին նայում, թե ինչ է եղել: Բարեբախտաբար, վնասվածք չէի ստացել: Բարձրացա, մտա կուլիս ու նորից դուրս եկա բեմ, նորից պառկեցի ու ներկայացումը շարունակվեց: Դահլիճում շշուկ անգամ չկար, հանդիսատեսը լուռ հետևում էր, թե ինչ է կատարվում:

Ե՞րբ է ավարտվել բալետի արտիստի Ձեր կարիերան:

-1999 թվականին:

Էլվիրա Մնացականյան-8

Մորիս Ռավել «Դաֆնիս և Քլոե» բալետ՝ Քլոե


Հե՞շտ եկաք այդ որոշմանը:

-Շատ դժվար կգայի այդ որոշմանը, եթե իմանայի, որ պարում եմ վերջին ներկայացումը: Բայց այն ժամանակ թատրոնում շատ աղքատ էր խաղացանկը: Երբ Խարկովից վերադարձանք, մի քանի անգամ «Դիմակահանդես» պարեցի: Հետո ամուսինս մահացավ 1999 թվականին, որից հետո ևս մեկ ներկայացում պարեցի, որից հետո Վիլեն Գալստյանն ինձ ասաց, որ գուցե արդեն անցնեմ փորձավարի աշխատանքի: Խաղացանկ չկար, տրամադրություն չունեի: Բայց այդ ամենը շատ սահուն անցավ, ես չգիտեի՝ ո՞րն է իմ վերջին ներկայացումը: Իսկ եթե հատուկ լիներ վերջին ներկայացում, ինձ թվում է՝ չէի կարողանա պարել: Գուցե լաց լինեի ու դուրս գայի բեմից: Կան արտիստներ, որ շատ հաճույքով են անում վերջին ներկայացումները: Դա արդեն մարդու բնավորությունից է կախված: Ես հիմա խոսում եմ՝ աչքերս արդեն լցվել են: Շուտ եմ հուզվում:

Դուք 1999 թվականից փորձավար եք աշխատում, ու կարելի է ասել` վերջին շուրջ 25 տարվա բալետի բոլոր արտիստները Ձեր ձեռքի տակով են անցել: Պատահե՞լ է, որ արտիստի մեջ Ձեզ փնտրեք:

-Չէ՛, երբեք: Երբեք չպետք է քեզ փնտրես նրանց մեջ: Դու կարող ես ուղղություն ցույց տալ, տարբեր տարբերակներ ներկայացնել` հասկանալու համար, թե արտիստին որը կսազի, ամեն մեկն իր ոճն ունի: Փորձավարը պետք է ուղղություն ցույց տա կերպարի կերտմանը, իսկ տեխնիկական հատվածը բոլորի մոտ նույնն է, ուղղակի պետք է հետևել, որ նրանք ճիշտ կատարեն:

Ո՞ր արտիստների հետ եք հաճույքով աշխատել:

-Ես բոլորի հետ հաճույքով եմ աշխատում: Բոլորին շատ սիրում եմ` Սոնա Առուստամյան, Ժակլին Սարխոշյան, Մերի Հովհաննիսյան, Սյուզի Փիրումյան: Բոլորի հետ աշխատել եմ: Ռուբենը (Ռուբեն Մուրադյան` բալետի արտիստ, բալետային թատերախմբի ղեկավար) երկրորդ կուրսում էր սովորում, երբ նրան բերեցին թատրոն: Շատ լավ տղա էր ու խոստումնալից ապագա ուներ, ու նրան տվեցին «ժիզել»-ում Կոմս Ալբերտի կերպարը, ու ես եմ նրան պատրաստել այդ դերի համար: Իսկ 2009-ին, երբ բեմադրվեց «Սպարտակ»-ը, առաջին դերակատարները Ռուբենն ու Ժակլինն էին, ու կրկին ես եմ նրանց հետ աշխատել: Րաֆֆի Գալստյանի հետ եմ աշխատել, Անդրանիկ Աբովյանի: Նախորդ տարի Տաթևիկ Բոլշիկյանին պատրաստեցի Գայանեի դերի համար: Բոլոր արտիստներով շատ հպարտանում եմ, ու որքան կարողացել եմ` իմ փորձը տվել եմ: Բոլորն էլ սիրով են աշխատում, ձգտում ու շնորհք ունեն:

Էլվիրա Մնացականյան-9

Ի՞նչն է կարևոր փորձավարի աշխատանքում: Ինչպիսի՞ն պետք է լինի լավ փորձավարը:

-Պետք է լինել և՛ պահանջկոտ, և՛ նաև հասկանալ արտիստին, մտնել նրա դրության, հնարավորությունների մեջ, լինել արտիստի կողքին, մոտիվացնել, քաջալերել:

Ձեր ժամանակվա և այսօրվա բալետի չափանիշները փոխվե՞լ են:

-Ամեն ինչ գնում է առաջ: Մեր սերնդից առաջ բալետում դրաման շատ էր: Հիմնականում միզանսցեններ էին: Հետո, երբ մենք էինք աշխատում, Խորհրդային միությունում բալետում Գրիգորովիչը բարեփոխում արեց, ու  նրա «Սիրո լեգենդը» անհավանական ռեֆորմ էր բալետի աշխատում: Ոչ մի միզանսցեն չկար: Ամեն ինչ երաժշտության ու պլաստիկայի վրա էր: Դա փառահեղ բարեփոխում էր, և մեր սերնդին դա շատ դուր եկավ: Հիմա եկել է մի ժամանակ, երբ հատկապես արտասահմանում բալետը նմանվել է մարմնամարզության՝ որքան են պտտվում, որքան են թռիչքներ անում: Հիմա ավելի շատ թռիչքներ, «տրյուկներ» են մտցնում, որոնք կերպարի հետ սազական չեն:  Այն ժամանակ կար պարի արվեստ` стихия танца, ուղղակի դուրս գալ ու տրյուկներ անել, պտտվել՝ չէ: Դա մոռացվում է, իսկ կերպարայինը միշտ հիշում են: Կերպարն են հիշում, ոչ թե պիրուետները:

Էլվիրա Մնացականյան-10

Այսօրվա թատրոնի խաղացանկից ո՞ր ներկայացումն եք ամենաշատը սիրում:

-«Ժիզելը», «Գայանեն» այլ է: Մեր ժամանակ մոդեռն չկար, բայց շատ կուզեի մոդեռն ինչ-որ բան անել: Բայց այդ մոդեռնը հենց այնպես հնարավոր չէ անել: Ներկայիս սերունդը կամաց-կամաց ինչ-որ բաներ անում է: Շատ էի սիրում «Ռոմեո և Ջուլիետ»-ը: Այն ժամանակ, երբ Վինոգրադովը բեմադրեց, ես եմ եղել առաջին պարողը: Բայց այս անգամ Վինոգրադովը շատ բան էր փոխել, ու կերպարային առումով ահագին բան փոխվել էր: Ավելի շատ դեպի մասսան էր, ոչ թե պարողը: Դուք տեսե՞լ եք:

Այո, անցյալ տարի պրեմիերային ներկա էի:

-Իսկ նախո՞րդը:

Ցավոք, ոչ:

-Դե, Դուք այն ժամանակ ծնված էլ չեք եղել: Դա 1968 թիվն էր:

Իսկ «Սպարտա՞կը»:

-Վայ, «Սպարտակ» բալետը շատ եմ սիրում: Եվգենի Չանգան, երբ «Սպարտակ» բեմադրեց, ես առաջին կուրսում էի ու պարում էի կորդեբալետում: Չանգայի բեմադրության մեջ Ֆրիգիան կոշիկներով էր պարում, իսկ Էգինան՝ պուանտներով: Առաջին անգամ ես էգինա պարեցի, ու դա իմ առաջին խարակտերային դերն էր, և ես շատ հավանեցի էգինայի կերպարը: Հետո, երբ Վիլեն Գալստյանը բեմադրեց «Սպարտակ», ես արդեն Ֆրիգիա էի պարում, էլի մեծ հաճույքով:

Իսկ Գրիգորովիչի բեմադրությամբ «Սպարտակը» պարե՞լ եք:

-Չէ, ցավոք, չեմ պարել:

Որպես հանդիսատես` երեք բեմադրիչների «Սպարտակից» ո՞րն եք ամենաշատը հավանում:

-Դե, իհարկե, Գրիգորովիչինը: Նա բոլորովին այլ կերպ է մտածում:

Էլվիրա Մնացականյան-11

Ձեր կյանքի քանի՞ տարին եք նվիրել բալետին:

-Ամբողջ կյանքս: 1954 թվականին ընդունվել եմ ուսումնարան, ու այդ օրվանից նվիրվել եմ բալետին:

Հաջորդ տարի կլինի 70 տարի: Արժե՞ր կյանքը նվիրել բալետին:

-Այո, եթե ես երկրորդ կյանք ունենայի, էլի բալետին կնվիրեի: Միայն բալետը չէ, երաժշտությունն էլ պետք է սիրես: Առանց երաժշտության բալետ չկա: Ձեռքը ինչպե՞ս գնաց, արդյո՞ք նոտայի հետ գնաց, թե՞ երաժշտությունն ու տեխնիկան առանձին են: Մի անգամ Պլիսեցկայան է ասել ինչ-որ պարուհու, թե այս աղջիկն ի՞նչ է անում, երաժշտությունը նրան խանգարում է:

Ի՞նչ է Ձեզ տվել բալետը:

-Հաճույք: Ես իրոք հաճույք էի ստանում բեմ դուրս գալուց: Երբ երեկոյան ներկայացում էի ունենում, առավոտվանից արդեն անհանգստություն կար: Գալիս էի դիմահարդարման սենյակ, այդ անհանգստությունը դեռ կար, բայց, երբ ոտքս բեմ էի դնում, այդ անհանգստությունը կորչում էր: Ես արդեն կերպարի մեջ էի: Երբեմն զարմանում եմ, երբ հիմա արտիստներն ասում են՝ կուլիսում կանգնած խոսում էին, ես չեմ լսել երբևէ, ես էի ու ես բեմի վրա: Բեմում ես Էլվիրա չէի, բեմում ես տվյալ ներկայացման կերպարն էի: Ու կերպարն ինձ ամբողջովին կլանում էր:

Ինչո՞վ է բալետը փոխել Ձեր կյանքը:

-Չգիտեմ, ուրիշ կյանքեր չեմ տեսել, որ իմանամ` ինչով է փոխել (Ծիծաղում է - Հեղ․): Այն, ինչ ունեմ, բալետի շնորհիվ է: Ամբողջ կյանքս է բալետի հետ կապված: Բալետով ես ապրել ու ապրում եմ:

Եվ վերջին հարցը, ինչպե՞ս այս տարիքում լինել այսքան խնամված, կանացի, գեղեցիկ ու դրական աուրայով:

-Արդեն սովորել եմ խնամված լինել: Դա գալիս է դաստիարակությունից։ Մայրս միշտ ուշադրություն էր դարձնում դրան: Եթե նա պետք է գնար հաց գնելու, անպայման պետք է սանրվեր, հարդարվեր, նոր միայն գնար խանութ: Եթե կինը դուրս է գալիս փողոց չխնամված, չհարդարված, հողաթափերով, դա նույնն է, ինչ մերկ դուրս գաս: Դա իմ մեջ մնացել է: Հետո բալետն էլ է օգնում: Ներսից չեմ մեծանում: Հա, մարմինը մեծանում է, կնճիռներ կան, բայց ներսից հոգեպես ուրիշ ձև եմ զգում, ինձ երիտասարդ եմ զգում: Երևի որ մեծանաք, հետո իմ խոսքերը կհիշեք: Այնպիսի տպավորություն է, որ եթե հայելու մեջ չնայեմ, չեմ մտածի տարիքի մասին:

Շնորհակալ եմ անչափ հետաքրքիր զրույցի համար:

-Ես եմ շնորհակալ, որ ինձ հիշեցիք...

 

Զրուցեց Հասմիկ Հարությունյանը

Լուսանկարեց Ագնեսա Կիրակոսյանը

Օգտագործվել են նաև արխիվային կադրեր

Կարող եք կարդալ նաև՝ 

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Միքայելյան․ Ինձ զգացել եմ պարարվեստի հայ դեսպան բալետային աշխարհում  

Ալբինա Ղազարյան․ Բալետում ոչ ոք չի կարող ինձ կանգնեցնել

Միլիտոն Կիրակոսյան․ Արտասահմանում բալետային կարիերայի փոխարեն ընտրեցի Երևանում ընտանիք ունենալը

Նելլի Մելքոնյան․ «Ասում էին՝ եթե երբևէ «Գայանե»-ում վերջին գծում պարես, պետք է գնաս եկեղեցում մոմ վառես»

fastnews-ads-banner