Logo

Ելենա Արշակյանի բացահայտած գաղտնիքը, «Նոր տարվա կինոյի» պրեմիերան և հայտնի հյուրերը

Հեղինակ
Նարինե Մելիքյան
23:16 / 21.11.2024Լուրեր
Բացառիկ
null

Նոյեմբերի 20-ին «ԿինոՄոսկվայում» կայացավ «Նոր տարվա կինո» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է, ռեժիսորը՝ Ելենա Արշակյանը։ Ֆիլմում նկարահանվել են Լիանա Վանոյանը, Մկրտիչ Արզումանյանը, Գրետա Մեջլումյանը, Լիա Զախարյանը, Զառա Սահակյանը, Արսեն Լևոնյանը, Ռաֆ Հարությունյանը, Անահիտ Կիրակոսյանը, Արթուր Կարապետյանը, Վիկտորյա Շամիրյանը, բլոգեր Աշոտ Հովհաննիսյանը և ուրիշներ։ «Fast News Culture»-ը ներկա է եղել պրեմիերային և զրուցել ստեղծագործական ու դերասանական կազմի հետ։

Ֆիլմը պատմում է փոքրիկ աղջկա երազանքի և դրա իրականացման մասին։ Հերոսուհին երազում է դառնալ դերասանուհի։ Այդ նպատակով նա կախարդական խաղալիքների փնտրտուքով շրջում է Հայաստանի մարզերում՝ համախմբելով իր երազանքի իրականացմանն օգնող մարդկանց։ Երբ բոլոր խաղալիքները նրա մոտ էին, նա հասկանում է, որ դիմացինի երազանքն ավելի կարևոր է․ և խաղալիքները նվիրում է արցախցի Մարիային, որպեսզի կատարվի նրա երազանքն ու նա վերադառնա տուն՝ Արցախ: Ելենա Արշակյանը խոստովանում է՝ ի սկզբանե ամեն ինչ այլ կերպ էին ծրագրել։ «Մի գաղտնիք բացեմ։ Սկզբում ֆիլմում ներառել էինք միայն Շուշիի հատվածը։ Այսինքն՝ խաղալիքը պետք է լիներ Շուշիում։ Հետո իրադարձությունները ստիպեցին ընդգրկել ամբողջ Արցախը։ Մեզանից յուրաքանչյուրը հոգու խորքում հավատում է հրաշքին։ Իսկ հրաշքի լավագույն ժամանակը Ամանորն է։ Մեզ բոլորիս հեքիաթ է պետք։ Ֆիլմը երազանքի մասին է։ Այս ֆիլմով ուզում ենք մարդկանց հավատացնել, որ երբեք չդադարեն երազել», - անկեղծացավ ռեժիսորը։

Գլխավոր հերոսը Վիկտորա Շամիրյանն է։ Հենց նրա երազանքի իրականացմանն են լծվում բոլորը։ «6 տարի առաջ ինքս էլ նույն երազանքն եմ ունեցել՝ նկարահանվել սերիալներում և ֆիլմերում։ Ամբողջ անձնակազմը հրաշալի է աշխատել։ Ֆիլմը դիտելիս շատ լարված էի։ Դահլիճը մի քանի րոպե անդադար ծափահարում էր։ Այդ ցափերը յուրաքանչյուր արտիստի համար ամենակարևորն են։ Դա նշանակում է, որ հանդիսատեսը գնահատում է մեր կատարած դժվարին աշխատանքը», - նշեց փոքրիկ դերասանուհին։

Ֆիլմի ավարտին արցախցի փոքրիկը նայում է այլևս չօգտագործվող իր տան բանալիներին ու երազում մի օր տան դուռը բացելու մասին։ Արթուր Կարապետյանի համար դա ֆիլմի ամենախոսուն հատվածն է։ «Երազում եմ, որ շուտ գա այն օրը, երբ այդ փոքրիկը կկարողանա բանալիով բացել իր տան դուռը։ Միայն այս երազանքի համար արժեր նկարահանել այս ֆիլմը», - ընդգծեց դերասանը։

Լուսանկարները՝ Աննա Շաշիկյանի

fastnews-ads-banner