Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիսում չկարողացավ հայտնել, թե երբ է տեղի ունենալու Սնուփ Դոգի երևանյան համերգը։ «Չեմ կարող ասել՝ երբ է տեղի ունենալու, քանի որ ԿԳՄՍ նախարարությունը չի կազմակերպում համերգը: Մենք ընդամենը ֆինանսավորողն ենք։ Համերգի անցկացման վերաբերյալ բանակցությունները և կազմակերպչական աշխատանքն ամբողջությամբ իրականացնում է կազմակերպող ընկերությունը։ Մենք նրանցից գրավոր հարցմամբ պահանջել ենք ներկայացնել համերգի հնարավոր ժամկետները, ինչպես նախատեսված էր պայմանագրով։ Սպասում ենք նրանց արձագանքին։ Ելքը կարող է երկուսը լինել՝ կամ օրը կհամաձայնեցնեն և համերգը տեղի կունենա, կամ, եթե համաձայնության չգան և համերգը տեղի չունենա, բնականաբար, ամբողջ պայմանագիրը կլուծարվի և ամբողջ գումարը կվերադարձվի», - տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարը:
Հիշեցնենք, որ Սնուփ Դոգի համերգը Երևանում պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերին, սակայն Ադրբեջանի սկսած ռազմական ագրեսիայի պատճառով համերգը հետաձգվեց։ Հայաստանի կառավարությունը 2023 թվականի օգոստոսին համերգի կազմակերպման համար մոտ 6 միլիոն դոլար էր տրամադրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։