Logo

Մայիսի 22-ին Շառլ Ազնավուրը կդառնար 100 տարեկան. ամենահայ ֆրանսիացին ու ամենաֆրանսիացի հայը

00:00 / 22.05.2024Լուրեր
null

1924 թվականի մայիսի 22-ին հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում ծնվեց Վաղինակ Ազնավուրյանը, ով հետագայում պետք է դառնար ֆրանսիացիների Ֆրենկ Սինատրան կամ, ինչպես մինչև մահը նրան անվանում էին, կենդանի լեգենդ: 1955 թվականին, երբ մեծն շանսոնիեն առաջին անգամ ելույթ ունեցավ Փարիզի Օլիմպիա դահլիճում, ֆրանսիական մամուլը գրեց. «Ֆրանսիան ազնավուրացված է: Իսկ Շառլ դը Գոլն ասաց. «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել»: Նա նվաճեց աշխարհը, հուզեց բոլորին և թողեց երաժշտական անգին ժառանգություն: Ազնավուրը մնաց բոլորի սրտերում նաև իր մտքերով՝ սիրո, դժվար ճանապարհի և երգի մասին: Ներկայացնում ենք հայ ազգի մեծագույն երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի լավագույն խոհերը:

«Մանկության այդ աղքատ տարիներն ամենաուրախն էին իմ կյանքում: Մենք երջանիկ էինք՝ չունենալով ոչինչ, բացի ինքներս մեզանից, ծիծաղից և փոխադարձ սիրուց»:

«Ինձ հաճախ են հարցնում՝ ինչու եմ ես այդքան շատ բան անում Հայաստանի համար։ Չգիտեմ՝ ինչպես ճիշտ պատասխանել։ Ներսում ինչ-որ բան կա... Այո՛, իմ արվեստը հայկական չէ, կրթությունս ֆրանսիական է։ Փոխարենը ընտանիքս, արմատներս, պատմությունս հայկական են։ Մենք հայ ենք ծնվել եւ հայ կլինենք մինչ մահը»։

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարևոր գծերից է»։

«Ես ինձ իհարկե հայ եմ զգում, քանի որ հայկական ընտանիքում եմ մեծացել, բայց առաջին բառերս ֆրանսերեն են հնչել: Հետագայում արդեն ես, քույրս և աղջիկս հայերեն սովորեցինք: Ես լավ խոսում եմ, բայց ո՛չ գրում եմ, ո՛չ էլ կարդում եմ հայերեն: Հոգ չէ: Վերջիվերջո իմ նախնիները, ովքեր դպրոց չեն հաճախել, դրանից ավելի վատ հայեր չեն եղել: Իսկ ո՞վ ասաց, թե լեզուն գոյություն ունի միայն գրքերում»:

«Հայը սիրում է լավ սեղանն ու լավ գինին: Այո՜, գինին, որն ազգային խմիչք է, հայը նույնքան է սիրում, որքան ֆրանիսացին: Տոնը առանց ճոխ սեղանի, առանց գինու, առանց երգի, տոն չէ հայի համար»:

«Ես 100 տոկոսով հայ եմ և 100 տոկոսով ֆրանսիացի: Ես նման եմ կաթով սուրճի, որի բաղադրիչներն այլևս անհնար է առանձնացնել»:

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարանքով լի ժպիտներ` «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»… Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, *քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…»:

«Պարտություններով ու դժվարություններով լի իմ կարիերայի առաջին տարիներին ուղեկցող ողջ դառնությունը և ծաղր ու ծանակը ընտանիքիս էր բաժին հասնում: Ես պարտական եմ նրան: Ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում, ականջներս դեռ լի հանդիսատեսի աղմուկ-աղաղակով, սուլոցներով ու վիրավորանքներով, ծնողներս իմ կողքին էին, պատրաստ լսելու ու մխիթարելու: Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս»:

«Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս»:

«Կանայք, որոնց միշտ ամեն ինչից վեր եմ դասել` սիրել են ինձ, խաբել, պաշտպանել, պաշտել, լքել, բայց հեռանալուց առաջ երջանկության պատրանքներ են տվել ինձ: Ես էլ իմ հերթին հաճախ եմ նրանց արցունքների մեջ թողել: Գնահատել չիմանալով սերը, վազել եմ վաղանցիկ սերերի հետևից: Խաբել եմ, նախքան կխաբեին ինձ, այսպիսով խաբել եմ ինքս ինձ… Ի՜նչ արած, այդ է կյանքը, այդ է սերը»:

«Ինձ համար հավերժական սերը ամփոփվում է երկու պայծառ կերպարում՝ Էդիթ Պիաֆ և Լայզա Մինելլի: Շնորհիվ Էդիթի, ես դարձա ֆրանսիացի, մենք շատ ընդհանուր բաներ ունեինք, այդ թվում մեր անցյալը, որի մասին միշտ տխրությամբ էինք հիշում: Ես սիրել եմ նաև Լայզա Մինելլիին, բայց սովորաբար այդպիսի սերը ապագա չի ունենում, այդպիսի սիրուց միայն երգեր են ծնվում: Հավերժական սերը ձեզ օրինակ»:

«Եթե թույլ սեռն ուժեղ է, ապա այն պատճառով, որ ուժեղ սեռը չափազանց մեծ թուլություն է զգում թույլի նկատմամբ»:

«Հիմա ես ունեմ տուն, 2 մեքենա… բայց ես մենակ եմ: Չունեմ ամենակարևորը՝ իմ երկրորդ կեսը, որին սիրեի, որը ինձ սիրեր, որին կարողանայի ասել. «Ես շատ եմ զգում քո կարիքը, ես ուզում եմ քեզ պատմել ամեն, ամեն ինչ»: Չնայած ես շատախոս չեմ, բայց որոշ օրեր խիստ ցանկություն եմ ունենում ինձ հասկացող մեկին, պատմել այն բոլորը, ինչ անցնում է իմ գլխով»:

«Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ»:

«Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնենք, սակայն մինչ այդ պետք է ապրել»:

 

fastnews-ads-banner