Հուլիսի 1-ին 74-ամյակն է տոնում Հարութ Փամբուկչյանը, նույն ինքը՝ Ձախ Հարութը: FastNews Culture-ն առանձնացրել է 10 հետաքրքիր փաստ սիրված երգչի մասին:
Ծնվել է 1950 թվականի հուլիսի 1-ին՝ Երևանում: Մայրը՝ Ծաղիկ Շահակեանը, երգչուհի է եղել։ Վաղ պատանեկությունից հետաքրքրվել է երաժշտական գործիքներով: Սովորել է նվագել կիթառ, սազ, բուզուկի, դհոլ և դաշնամուր։ «Երևանում ամեն քարն ինձ ծանոթ է: Օպերային թատրոնի շենքի տարածքում մի նստարան կար, առաջին ընկերուհուս հետ հենց այնտեղ եմ համբուրվել: Այսօր այդ նստարանի տեղում «քյաբաբնոց»»:
70-ականներին ակորդեոն նվագելը շատ նորաձև էր: Մայրիկից ակորդեոն ուզեց, սակայն այն արժեր 300 ռուբլի: Ամենից մատչելի երաժշտական գործիքը կիթառն էր` 6 ռուբլի 10 կոպեկ: Պատանի Հարութի համար մայրը կիթառ գնեց, ինքն էլ շուռ տվեց և սկսեց ձախով նվագել: Սկզբում ամաչում էր, որ ձախով է բռնում, հետո իմացավ, որ Փոլ ՄաքՔարթնին ու Ջիմի Հենդրիքսն էլ են ձախով նվագում, միայն այն տարբերությամբ, որ նրանք փոխում էին լարերը, իսկ Փամբուկչյանը առանց փոխելու է նվագել: Այդպես էլ սկսվել է Ձախ Հարութի պատմությունը: «Մի անգամ մի մարդ հարցրեց՝ «Դուք ձախո՞րդ Հարութն եք»: Ասացի՝ «Ո՛չ, ես ձախ Հարութն եմ, բայց գործերս միշտ աջ են գնում»»:
Հայրը՝ Եսայի Փամբուկչյանը, փախել էր ջարդերի: «Հոնքի վրա կացնի հարվածի սպի կար: Խորհրդային տարիներին, երբ դրսում զինվոր էր տեսնում, մոտենում, փաթաթվում ու համբուրում էր: Հարցնում էի՝ «Պապ, ի՞նչ ես անում»: Ասում էր` «Տղաս, դու չգիտես, թե ինչ ասել է հայ զինվոր»»:
16-17 տարեկանում ընկերների հետ հիմնադրել է «Էրեբունի» վոկալ-գործիքային անսամբլը: Երգում էին ռոքնռոլլ-ից մինչև հայկական երաժշտություն: Հենց «Էրեբունիում» է հանդիպել ապագա կնոջը՝ Ռուզաննային: Նա խմբի բեք-վոկալիստներից էր: Այժմ երգիչն ունի 1 որդի:
Պապլավոկում համերգներ էին ունենում: Մեքենա չունեին: Այդ տարիներին միայն հարուստների երեխաները մեքենա ունեին: Մի ընկեր ունեին, որը ջրի մեքենա էր վարում, փողոցներն էր ջրում: Ընկերներով նստում էին այդ ջրի մեքենան, գալիս Պապլավոկում իջնում: «Շապիկով ու ջինսով բեմ էինք բարձրանում: Պապլավոկում հնչում էր Բիթլզ, Ռոլինգսթոն: Երգիչներից մեկը Արտավազդ Եղոյանն էր, իսկ բասկիթառահարը՝ Արշակ Թադևոսյանը: Մարդիկ ոգևորությունից ջուրն էին ցատկում: Դա էր մեր ժամանակը, մեր ապրելու ժամանակը:
25 տարեկան էր, երբ մեկնեց Հայաստանից: «Այն ժամանակ հին օդակայանն էր: Դեպի օդանավ աստիճանաներով էինք բարձրանում: Կանգնեցի ամենավերին հարթակին, հետ դարձա ու ինքս ինձ ասացի,որ հետ եմ դառնալու և երգելու եմ այս քաղաքում: Բայց պետք է երգեմ այն, ինչ ես եմ ուզում, ինչ ինձ է դուր գալիս»:
«ԱՄՆ-ը հնարավորությունների երկիր է, առաստաղ չկա, կարող ես բարձրանալ որքան ուզում ես, կարող ես հարստանալ 3-4 ամսում: 2 ամիս աշխատելուց հետո մեքենա գնեցի, մայրս 2 ժամ լացում էր, թե այս մեքենայի գումարը քեզ որտեղից: Չէր կարողանում պատկերացնել, որ կարելի է 2 ամսում նոր մեքենա գնել»:
«Մի անգամ մեկն ասաց՝ «Պարոն Հարութ, ինչո՞ւ Լոս Անջելեսի մասին երգ չեք երգում»: Ասացի՝ միայն մի քաղաք կա, որի մասին Հարութը կերգի՝ Երևանն է»:
Կինը՝ Ռուզանը, մահացել է 2013 թվականին՝ 38 տարվա համատեղ կյանքից հետո: «Մեզանից հեռացողները մահանում են մեկ անգամ, իսկ նրանց սիրողները՝ ամեն օր: Ես նարնցից մեկն եմ,բայց երևի ես սխալներ շատ եմ արել: Ռուզանս ինձ ասում էր՝ Հարություն, դու լավ ամուսին չես, բայց լավ մարդ ես, զավակիս համար լավ հայր ես: Հումոր ուներ անեևակայելի: Մի օր ասաց՝ Հարութ տղա, ես քեզ հետ ապրելով քեզ պետք է պատժեմ, բայց ճիշտ հակառակը արեց…»:
«Մի անգամ ինձ ասացին՝ «Պարոն Հարութ, որ խնդրեմ, «Փոթորիկը» կերգեք»: Ասացի՝ միլիոն հատ երգ գիտեմ, այդպիսի երգ չկա: Վերջում հասկացա, որ «Օ, քամի, քամին» է ուզում: