Դեկտեմբերի 8-ին Հոլիվուդի «Dolby» թատրոնում կայացել է «Armenian Music Video Awards» մրցանակաբաշխությունը: Լոսանջելեսյան բեմում ելույթ են ունեցել և մրցանակի արժանացել Սիրուշոն, Իվետա Մուկուչյանը, Նունե Եսայանը, Սոֆի Մխեյանը, Անդրեն, Գոռ Եփրեմյանը, Էմմին, Քրիստինե Պեպելյանը, Անահիտ Հակոբյանը, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Ռոզա Լինը, Սյուզաննա Մելքոնյանը, Սոնա Ռուբենյանը, Անի Քրիստին, Սևակ Ամրոյանը, Մալենան, Արփին, Արմինկան, Ռոլանդ Գասպարյանը և այլք:
Սիրուշոն կատարել է «Դոնիկը» և «Ինձանից ավելը», Անդրեն՝ «Թամամ աշխար պտուտ էկան»։ Էկրանին ցուցադրվել է երգչի «Տեր Ողորմեա» երգի տեսահոլովակը։ Անդրեն իր խոսքում անդրադարձել է Արցախում նկարահանված տեսահոլովակին։ «Սա Արցախում նկարահանված վերջին տեսահոլովակներից էր։ Ուզում եմ այս պարտություններից հետո ազգովի կարողանանք ոտքի կանգնել», - նշել է երգիչը։
Սոնա Ռուբենյանը կատարել է «Թափիլներ» և «Լուսին», Իվետա Մուկուչյանը՝ «Սեր կա երկնքում Երևանի», «Սիրտ», «Հայաստանի աղջիկներ» երգերը։ «Հայրս ասում էր 2 աղջիկ ունեմ։ Կամուսնանան, «Մուկուչյան» ազգանունը կմոռանան։ Շնորհակալ եմ ձեզ, որ ձեր շնորհիվ «Մուկուչյան» ազգանունը հնչում է նման բեմերում», - անկեղծացել է Իվետան։
Էրիկը կատարել է «Ոչ ավելի, ոչ պակաս» երգը։ «Շնորհակալություն եմ հայտնում այս նախագծի պրոդյուսեր և ռեժիսոր Արթուր Մանուկյանին, ինչպես նաև երգի հեղինակներին՝ Ավետ Բարսեղյանին, Գրիգոր Կյոկչյանին ու երաժշտական պորդյուսեր Մարտին Միրզոյանին։ Ինչպես ուզում ես երգի, պետք է արժանի լինես այս ծափահարություններին», - ելույթից հետո խոստովանել է երգիչը։