Ռեժիսոր Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը Kaaffilm կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում ստացել է գլխավոր մրցանակը: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
Kaaffilm կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը կարևոր հարթակ է ինչպես սկսնակ, այնպես էլ կայացած կինոգործիչների համար, այն անցկացվում է Միլանում։
- Խեղճ եմ ես: Երկու տախտակ ամրացված են իմ քունքերին, - մտածում էր Ֆրանցը: - Կարելի է վերցնել ու արտապտուտակել դրանք, սակայն քո հիմար մտքերը՝ դատաստանի հետևից, իսկույն քեզ կքաշեն իրենց մութ անդունդը, հավերժական անքնության տեսքով ուղիղ չարանենգ արդարադատության թաթերի մեջ: Կարելի է վերցնել ու քնել, սակայն կոպերը ձգված են ճոպաններով. աչքերդ ոչ մի կերպ չես փակի: Կարելի է պարզապես արթնանալ՝ թեթևացած շունչ քաշելով: Սակայն այդ դու ես բզեզի թիկունքին, որը սլանում է դաշտով, հողի մեջ հորած աչքերի միջով:
Պետական ֆինանսական աջակցություն ստացած ֆիլմն արտադրել է «ԱրտՍտեպ ստուդիան», սցենարի հեղինակը և ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, պրոդյուսերը՝ Արմինե Հարությունյանը, ֆիլմի նկարիչը՝ Գագիկ Բաբայանը, կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, հնչունային օպերատորը՝ Տիգրան Կուզիկյանը։