ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը ելույթ կունենա Հարավային Ամերիկայում: Դաշանակահարը կներկայացնի հայ դասական կոմպոզիտորների գործերը: Հունիսի 25-ին Մելիքյանը ելույթ կունենա Ուրուգվայում՝ հեղինակավոր «Սոլիս» համերգասրահում, Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգը նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին: Հնչելու է Արամ Խաչատրյանի հանրահայտ դաշնամուրային կոնցերտը. դիրիժոր՝ Ալվարո Հակոբյան, մենակատար՝ Հայկ Մելիքյան։
Հունիսի 28-ին դաշնակահարն Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի «Բեթհովեն» համերգասրահում կունենա մենահամերգ՝ «Հայկական գունապնակ» խորագրով: Մելիքյանը կներկայացնի հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների մեծակտավ և փոքրակտավ ստեղծագործություններից: Կհնչեն Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, Սարյան, Դելլալյան, Յոլչյան և այլք։
Համերգների նպատակն է ներկայացնել հայ դասական երաժշտությունը Մոնտեվիդեոյի և Բունեոս Այրեսի երաժշտասեր հասարակությանը, ինչպես նաև ամրապնդել հարավամերիկյան երկու երկրների հետ մշակութային կապերը:
Համերգների կազմակերպիչներն ու աջակիցներն են Մոնտեվիդեոյի քաղաքապետարանը, Ուրուգվահայ բազմամիութենական կազմակերպությունը, «Զուլամյան» ընկերությունը, ՀՀ դեսպանություններն Ուրուգվայում և Արգենտինայում, Արգենտինայի «Հայ կենտրոնը», Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդությունը: