Logo

«Darwin's project». երաժշտական էվոլյուցիա՝ Սուրենի, Սենիկի և Մոնիկայի ոճով

Հեղինակ
Նարինե Մելիքյան
23:51 / 28.11.2024Լուրեր
Բացառիկ
null

«Darwin's project»-ը ձևավորվել է 2023 թվականի մայիսին։ Ի սկզբանե բենդը հավաքվել է մեկանգամյա նախագծի համար և ունեցել է այլ արտիստներ։ Սակայն մեկը մյուսին հաջորդող համերգները հիմնադրին՝ Սուրեն Պողոսյանին, ստիպել են պահել ու նոր շունչ հաղորդել բենդին։ «Fast News Culture»-ը բենդի անցյալի, ներկայի ու ապագայի մասին զրուցել է Սուրեն Պողոսյանի հետ։

Անհատական կարիերայից անցում բենդի

Տարիներ շարունակ մենակ եմ ելույթ ունեցել։ Երբ բենդը ձևավորեցինք, ինձ հետաքրքրեց արտիստների հետ համատեղ աշխատանքը։ Բենդը սովորաբար մի քանի օրում չի հավաքվում, բայց մի ծրագրի համար ստիպված էինք շտապ խումբ հավաքել։ Համերգից համերգ հավանեցինք այս ձևաչափը, հասկացանք, որ կարողանում ենք միասին որակյալ աշխատանք ներկայացնել և որոշեցինք պահել բենդը։ 

«Darwin's project» անվան ընտրությունն ու փոփոխվող երգիչները

Դարվինը խոսել է էվոլյուցիայի մասին տարբեր տեսանկյուններից՝ բնության, մարդու, կյանքի: Բայց չի խոսել երաժշտական էվոլյուցիայի մասին: Մենք փորձում ենք մատուցել որակյալ երաժշտության էվոլյուցիան՝ երգելով հին և ռետրո երգերից մինչև մեր օրերի ամենահիթային գործեր: 1․5 տարում խմբում մի քանի երգիչ է փոխվել։ Պատճառները տարբեր են։ Հիմա բենդում ես, Մոնիկա Մանուչարովան և Սենիկ Բարսեղյանն ենք։ Երեքով մասնագիտական առումով համապատասխանում ենք միմյանց։

Բենդով աշխատելու նրբություններն ու նախնական նպատակը

Ինձ համար շատ հետաքրքիր են «live» բենդով ելույթները, քանի որ այն ամբողջությամբ ստեղծագործական աշխատանք է։ Կախված չես հստակ ինստրումենտալից։ Նույնիսկ նախօրոք ծրագրածը կարող է բեմում այլ ընթացք ունենալ, և դու պետք է պատրաստ լինես դրան։ Շատ հետաքրքիր է  աշխատել այն երգիչների հետ, ովքեր «քո ալիքի վրա են»։ Ի սկզբանե նպատակադրվել էի այս բենդը դարձնել բրենդ։ Այսինքն՝ չպիտի լինեինք գումարի համար աշխատող խումբ։ Հակառակը՝ պետք է լինեինք հետաքրքիր ու տարբերվող, որոնց ժամանակի ընթացքում կճանաչեին և կլսեին։ 1․5 տարում մասամբ հասել ենք մեր նպատակին։ Հերթական բենդերից չենք, որոնք երգում են միայն գումարի համար։ Մենք պահանջված ենք որակյալ երաժշտություն նախընտրողների կողմից։

21-րդ դարում տեսահոլովակ նկարահանելու կարևորությունը

Չեմ ցանկանա եսասիրական հնչի, բայց ոչնչի մակերեսային չեմ վերաբերում։ Կյանքում ոչինչ չեմ անում ուղղակի անելու համար։ 21-րդ դարում մարդիկ տեսահոլովակներ այդքան էլ չեն դիտում, բայց մեր գունավոր ու ռիթմիկ տեսահոլովակը՝ «Արևը» ինստագրամում բավական շատ դիտում ունի։ Համերգների ժամանակ հանդիսատեսի մեծ մասը մեզ հետ հավասար երգում է «Արևը»։ Դա փաստում է, որ մարդիկ լսել են մեր երգը։

«Darwin's project»-ի առաջիկա ծրագրերը

Աշխատում ենք 2 նոր երգի վրա։ Ինչպես «Արևը», այնպես էլ այս երկուսը հատուկ գրված են մեզ համար։ Մեկը ռոմանտիկ բալլադ է, մյուսը՝ կրկին ակտիվ։ Բացի այդ, ունենք 3 նոր նախագիծ։ Առաջինը նոյեմբերի 30-ին է։ Երևանի պետական կամերային թատրոնում կհնչեն 2000-ականների հայկական փոփի ամենագեղեցիկ, հիթային ու մելոդիկ երգերը: Սպասվում են բազմաթիվ անակնկալներ և հատուկ հյուրեր։

Երկրորդ նախագիծը «live studio» համերգ է՝ քիչ հանդիսատեսով։ Հայաստանում դեռ ոչ ոք նման բան չի արել, բայց այս ձևաչափն ընդունված ու տարածված է ԱՄՆ-ում և Ռուսաստանում։ Իսկ երրորդը՝ ծրագրում ենք «House party»։ Մարդիկ գնելու են տոմս, բայց դահլիճ գնալու փոխարեն գալու են տուն։ Նրանք են ընտրելու՝ ուր նստեն, ինչ անեն և ինչպես վայելեն մեր երաժշտությունը։ Սա ևս ամերիկյան ոճ է, որը Հայաստանում առաջին անգամ մենք կկիրառենք։

fastnews-ads-banner