Սալվադոր Դալին իր ժամանակի կուլտային կերպարներից էր։ Բազմակողմանի զարգացած այս արվեստագետը ստեղծագործում և աշխատում էր գրեթե բոլոր ոլորտներում: Քչերը գիտեն, որ նա ստեղծում էր աներևակայելի հանդերձանքներ, որոնք չէին իջնում նորաձևության ամսագրերի էջերից։ Նա ցանկանում էր ոչ միայն նորաձևության մեջ լինել, այլև նորաձևություն ստեղծել: Դալին համագործակցում էր բազմաթիվ ամսագրերի հետ, բայց նրա աշխատանքներն առանձնապես կարևորում ու գնահատում էր հայտնի VOGUE ամսագիրը։

1939-ին հրատարակված Vogue-ի հերթական համարի կազմը պատվիրվեց Սալվադոր Դալիին։ Սա հանճարեղ քայլ էր, որ կատարեց ամսագիրը։ Դալիի հետ համագործակցությունը ամրապնդեց Vogue-ի դիրքը` որպես նորաձևության առաջադեմ ու նորարար հանդեսի: Ընթերցողներն այնքան հավանեցին ամսագրի անսովոր շապիկը, որ Vogue-ը հետագայում բազմիցս համագործակցեց հայտնի նկարչի հետ: Ընդհանուր առմամբ, Vogue- ի համար Դալին ստեղծեց վեց սյուրռեալիստական շապիկ: Առաջինը` 1939-ին, երկրորդը և երրորդը` 1944-ին, հաջորդը ` երկու տարի անց, իսկ վերջին երկուսն արդեն` 1971-ին:

Դալիի մահից ավելի քան երեսուն տարի անց նրա ազդեցությունը դեռ շարունակում է զգացվել ոչ միայն արվեստում, այլ նաև մեդիա դաշտում։ Vogue ամսագիրը, որի կյանքում մեծ դեր է ունեցել հայտնի սյուրռեալիստը, այսօր էլ ժամանակ առ ժամանակ անդրադառնում է Սալվադոր Դալիի արվեստին ու դրանով փորձում գրավել իր երկրպագու-ընթերցողների ուշադրությունը։




