Logo

Չպատմված պատմություններ. արվեստն ու պատերազմը (Մաս 3)

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:28 / 23.07.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Բոլոր պատմությունների հիմքում և «գործող անձինք» գեղանկարներն են:

ՄԱՍ 3

«Տպավորություն. Արևածագ» կտավը Մոնեն նկարել է 1873 թվականին՝ Հոլանդիա և Անգլիա կատարած ուղևորությունից հետո։ Թեև այն առիթ է դարձել արվեստի նոր ուղղության անվանում ստեղծելու համար, այնուամենայնիվ կտավը նկարչի ստեղծագործության մեջ հատուկ տեղ չի գրավում։ Այդ շրջանի կտավներում Մոնեն փորձում է արտահայտել աշխարհից, բնությունից, առաջին հայացքից ստացած անմիջական տպավորությունները։ Հարկ է նշել, որ հենց այս կտավում առավել ցայտուն է արտահայտվում իմպրեսիոնիզմի վաղ շրջանի միակողմանի մոտեցումը գեղանկարչական արտահայտչամիջոցների նկատմամբ։ Աչքի է զարնում կտավի դիտավորյալ ընդգծված անավարտությունը, էմոցիոնալ ընկալման սյուբյեկտիվությունը, որը երբեմն դառնում է ինքնանպատակ։ Հետագայի մի շարք գործերում Մոնեն ավելի է զարգացնում այդ հատկանիշները։ Ու պատահական չէ, որ կյանքի վերջին տարիներին ստեղծած բազմաթիվ գործերն որպես լաբարատոր փորձեր։ 

Եվ այսպես, իմպրեսիոնիստներ, իմպրեսիոնիզմ։ Ի՞նչ էր բերում իր հետ այդ նոր ուղղությունը, ինչպիսի՞ ժամանակներում էր ծնունդ առնում ու զարգանում, ի՞նչ էր վերցնում անցյալից՝ զարգացնելու ու հղկելու նպատակով և ինչն էր ժխտում:

Փորձենց պատկերացնել անցյալ դարի 70-ական թվականների Ֆրանսիան, հիշողության մեջ վերակենդանացնել դեպքեր ու դեմքեր, որոնք արդեն ծածկվել են հարյուամյա պատմության փոշով: 

1870 թվական: Երկու գրգռված հարևանները՝ Ֆրանսիան և Պրուսիան, որ նոր հողերի զավթման տենչով լեցուն պատերազմի առիթի են սպասում, վերջապես ստանում են այդ հնարավորությունը: Իսպանիայի թափուր գահի զբաղեցման շուրջը ծավալված վեճերը հասցրին այն բանին, որ Բիսմակը վիրավորական արտահայտություններ թույլ տվեց Ֆրանսիայի հասցեին, իսկ Լուի Բոնապարտը պատերազմ հայտարարելուց բացի միջադեպը հարթելու այլ միջոց չգտավ: Ֆրանսիան տանուլ տվեց պատերազմը և Լուի Բոնապարտը իրենց հանձնեց պրուսական թագավորի ողորմածությանը: Իսկ ժողովուրդը պայքարի ելավ: Նկարիչ Մանեն Փարիզի պաշարման ժամանակ Ազգային գվարդիայում հրետանավորների դասակի հրամանատար դարձավ, իսկ հետո, կոմունայի փառահեղ օրերին՝ նկարիչների ֆեդերացայի հանձնաժողովի անդամ: Մի քանի անգամ ապստամբեց ժողովուրդը, Ֆրանսիայի բանվոր դասակարգը, բայց դավաճաններն ու լիբերալները խաթարեցին հաղթանակի վերջնական բերկրանքը։

1870-ական թվականների Ֆրանսիա....

Երկարամյա վտարանդիությունից հայրենիք է վերադարձել Վիկտոր Հյուգոն և աշխատում է իր նշանավոր «Իննսուներեքը» վեպի վրա։ Գյուստավ Ֆլոբերը արդեն հայտարարել է անկիրք նկարագրության իր գրական սկզբունքը, բայց ստեղծագործությունների մեջ դարձյալ մնում է բուրժուական բարքերի ամենադաժան խարազանողը։ Էմիլ Զոլան ավարտել է «Ռուգոնների կարիերան» վեպը, և ընթերցողն առաջին անգամ այստեղ հանդիպում է ոչ միայն առանձին մարդկանց, հերոսների, այլև ամբողջ դասակարգերի պատկերմանն ու բնորոշմանը։ 20-ամյա Մոպասանը դեռ չի գրել իր «Սիրելի բարեկամը», բայց պատանու հոգում արդեն պարզորոշ գծագրվում են կյանքի անմիջական շփումից ծնվող կերպարներն ու դեպքերը։ 

1870-ական թվականների Ֆրանսիա....

Հնչում են մի տարի առաջ մահացած ամենամեծ ռոմանտիկի՝ Բեռլիոզի մեղեդիները, իսկ երիտասարդ, բայց մարդկային անտարբերությունից մահացու հոգնած բիզեն մտմտում է «Կարմենը», երևի չմտածելով էլ, որ կյանքին հրաժեշտ է տալու նրա բեմադրությունից անմիջապես հետո։ Երևի ոչ մեկը չի մտածում, որ ընդաենը 18 տարի հետո Լիլում տեղի ունեցած բանվորական տոնի ժամանակ առաջին անգամ կհնչի Պոտյեի և Դեգեյտերի «Ինտերնացիոնալը»։ Իսկ նրանք, ովքեր հետագայում երաժշտության մեջ պետք է իմպրեսիոնիստներ կոչվեն՝ Կլոդ Դեբյուսին և Մորիս Ռավելը, մի տարեկան էլ չկան, դեռ նոր են առաջին քալերն անում և առաջին բառերը թոթովում։ 

1870-ական թվականների Ֆրանսիա....

Էժեն Դելակրուան գրում է Օնորե Դոմյեին. «Չկա մի մարդ, որին ես ավելի գնահատեի և որով ավելի շատ հիանայի, քան դուք»։ Չկա Դելակրուան, բայց վրձինը դեռքներից բաց չեն թողնում Դոմյեն, Դոբինյին, Դյուպրեն, Դիազը, Կուրբեն։ Տակավին շարունակում է ստեղծագործել Կորոն։ 1870 թվականին նրա նկարած «Էմմա Դոբինյին հունական հագուստով» կտավը շատ բանով արդեն համահունչ է իմպրոսիոնիստների որոնումներին։ 

Կատաղի մոլեգնությամբ իր դիրքերն է պաշտպանում պաշտոնական արվեստը՝ կեղծ կլասիցիզմը։ Չկա Լուի Ֆիլիպի սիրելին՝ պատմական մելոդրամատիկ սյուժեով կտավների հեղինակ Պոլ Դելարոշը, բայց շարունակում է իր ահռելի ռազմական համայնապատկերները ստեղծել Լուի Բոնապարտի սիրելի Ադոլֆ Իվոնը։ Սալոնը նախկինի պես հեղհեղվում է Թոմա Կուտյուրի, Օրաս Վերնեի, Էռնեստ Մեյսոնյեի, Իսիդոր Պիլսի, Շառլ Գլեյրի անկիրք, միապաղաղ կտավներով, որոնք, սակայն իսկական արվեստի չափանիշ են համարվում։

Ահա այսպիսի ժամանակներում էր ծնվում իմպրեսիոնիստների արվեստ։ 

 

Աղբյուրը՝ Նարեկ Մեսրոպյանի «Գեղանկարներ և ճակատագրեր» գրքից

 

fastnews-ads-banner