Logo

Չպատմված պատմություններ. Իմպրեսիոնիստները քանդում, խարխլում էին գույնի բոլոր հասկացությունները (Մաս 2)

Հեղինակ
Աննա Անտոնյան
18:01 / 09.08.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
իմպրեսիոնիստներ-2

Բոլոր պատմությունների հիմքում և «գործող անձինք» գեղանկարներն են:

Կարդացե՛ք ՄԱՍ 1-ը...

ՄԱՍ 2

Բոլոր առարկաներն էլ ունեն իրենց բնական գույնը, որոնց մենք սովորել ենք և որոնց շնորհիվ զանազանում ենք դրանք իրարից: Նկարիչների կողմից օգտագործվող բոլոր ներկերի գույնը պայմանավորված է ներկի պիգմենտի՝ հիմքի գույնով: Մի քանի գույներ և մի քանի ներկեր իրենց անունները ստացել են որոշ առարկաների անուններից, որ ինչ-որ կերպ հիշեցնում են կամ մոտ են գույներով. կիտրոնագույն, շագանակագույն և այլն: Բայց փորձենք այդ նույն կիտրոնը դիտել օրվա տարբեր ժամերին և կտեսնենք, որ նրա գույնը տարբեր պայմաններում ամենևին էլ միատեսակ չէ: Կեսօրին, անդրադարձնելով արևի շողերը, այն ուղղակի կշողշողա ու կփայլի այն գույնով, որը մենք ի ծնե սովոր ենք դեղին անվանել, իսկ երեկոյան կողմ փայլը կխամրի, տեղ-տեղ կերևան մթնշաղի անդրադարձումները: Նման բազմաթիվ դիտումներից կարելի է գալ մի եզրակացության. առարկայի գույնը կախված է արևից (կամ լուսավորող մեկ այլ աղբյուրից): Արևն իր լույսով շրջապատում է առարկան և օրվա յուրաքանչյուր ժամի այն ի հայտ է բերում իր բնական գույնի մի նոր հատկանիշ: 

Գույնի և առանձնապես գեղանկարչական գույնի, երփնագրի մասին հարյուրավոր աշխատություններ են գրվել, սակայն մինչև օրս էլ չի կարելի ասել, թե այդ պրոբլեմն օբյեկտիվ կերպով լուծված է: 

Կիսախավար սնյակում, իսկ առավելևս մթության մեջ չենք տարբերում առարկաների ձևը, կառաուցվածքը: Հարկավոր է լույսի մի աղբյուր, որը լուսավորելով առարկան ի հայտ կբերի նրա կառուցվածքի մանրամասները: Սա պարզ ճշմարտություն է, որի պատճառների մեջ երբեմն չենք խորանում: Չենք մտածում, օրինակ այն մասին,  որ առարկայի ձևը դիտողի կողմից ընկալվում է նրա տարբեր մակերևույթների տարբեր լուսավորվածության և, հետևաբար, տարբեր գույների համադրման շնորհիվ: Փաստորեն տեսնում ենք տարբեր գույներ, կամ մի գույնի տարբեր ելևէջումներ ունեցող մակերեսներ, դրանց հստակ սահմանագծումները, ապա միացնում ենք դրանք, համադրում և պատկերացում կազմում առարկայի ձևի, կառուցվածքի մասին: Այստեղից կարելի է հաջորդ եզրակացությունն անել. բնության մեջ առարկայի գույնը և ձևը իրարից անջատ հանդես չեն գալիս, դրանք մի կուռ ամբողջականություն են: Գույնը ձև է ծնում, պարզորոշ է դարձնում առարկայի կառուցվածքը, գծագրում է տարածական հասկացությունների իմաստը: 

Գծանկարը և մատիտանկարը, որ սովորաբար կատարվում են սպիտակ թղթի վրա, գույն չունեն, սակայն պարզորոշ պատկերացում են տալիս պատկերվածի ձևի մասին: Ինչպե՞ս, ուրեմն, այստեղ կիրառել գույնի և ձևի անքակտելիության սկզբունքը: Առաջին հայացքից բարդ թվացող հարցը, սակայն, շատ պարզ պատասխան ունի: Փորձեք վերհիշել, թե ինչպես եք դիտում դուք այդ նկարները: Ըստ երևույթին, ձեզնից անկախ ձեր հիշողությունն այդ պահին վերականգնում է պատկերված առարկայի գույնի մասին ունեցած հիշողությունները և դրանցով «լցնելով» գծանկարի սպիտակ մասերը, ամբողջական ու ավարտուն տեսք է տալիս դրան: Այդ բանը հիանալի է հասկացել Էժեն Դելակրուան: «Ի՞նչ է իրենից ներկայացնում գծանկարը, - գրում է նա, - եթե ոչ մաքուր պայմանականություն, որին դիտողը սովորել է այնքան, որ նրա գիտակցությունը չի խանգարում բնությանը կրկնօրինակելու այդ փորձի մեջ տեսնել նրա լրիվ համապատասխանությունը»: 

Եվ այսպես՝ չկա՛ գույն առանց ձևի և չկա՛ ձև առանց գույնի: Պատկերացրեք առանց ձևի, ուրեմն նաև առանց կոնկրետ առարկայի կառուցված կտավ: Պարզ է, որ նման փորձի արդյունքը միայն անհեթեթության կհասցնի: Նույնը կարելի է ասել նաև առանց գույնի, միայն ձևի համադրությունների վրա ստեղծված գործի մասին, այն տարբերությամբ, սակայն, որ այստեղ մենք գործ կունենանք վերացական, երկրաչափական կառուցվածքների հետ:

Իմպրեսիոնիստները քանդում, խարխլում էին գույնի բոլոր հասկացությունները, որպեսզի մի նոր ուսմունք ստեղծեն և դրա կիրառմամբ նոր որակ հաղորդեն գեղանկարչությանը: 

Շարունակելի....

Աղբյուրը՝ Նարեկ Մեսրոպյանի «Գեղանկարներ և ճակատագրեր» գրքից

fastnews-ads-banner