Logo

Չպատմված պատմություններ. Ինչո՞ւ էին իմպրեսիոնիստները մերժում սև գույնը (Մաս 5)

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:05 / 25.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Բոլոր պատմությունների հիմքում և «գործող անձինք» գեղանկարներն են:

Կարդացե՛ք ՄԱՍ 1-ը, ՄԱՍ 2-ը, ՄԱՍ 3-ը և ՄԱՍ 4-ը...

ՄԱՍ 5

Իմպրեսիոնիստները, այս ամենն ընդունելով հանդերձ, գտնում էին, որ պատկերման հարցում միակ ռեալն ու ճշմարիտը մթնոլորտի, կամ, ավելի ճիշտ եթե կարելի է այդպես ասել՝ օդային ոլորտի, առարկայի, բնության, մարդու և նկարչի տեսողական օրգանի՝ աչքի միջև ընկած տարածության ծավալի ճշմարիտ պատկերումն է: Նման ճշմարտությունը, գտնում էին նրանք, դիտողին թույլ կտա հիշել իրական գույնը, և, հետևաբար, հավաստի պատկերացում կազմել պատկերվածի մասին: Ստացվում է, որ այդ տարածությունը, կամ, պարզ ասած, օդը կտավի միակ ռեալ իրականությունն է, որի միջոցով էլ մենք տեսնում ենք յուրաքանչյուր պատկերվելիք: Եկեք հիշենք այս սկզբունքը, որովհետև այն չափազանց կարևոր է իմպրեսիոնիստների ստեղծագործական հետագա սկզբունքներն ըմբռնելու, հասկանալու համար: 

Լույսի վերլուծության հետագա ճանապարհն իմպրեսիոնիստների հետ միասին մեզ հանգեցնում է ստվերի պրոբլեմի քննարկմանը: 

Մենք վարժվել ենք նույնացնել «ստվեր» և «սև» հասկացությունները: Փորձեք ուշադիր զննել 18-19-րդ դարերի նկարիչների կտավներն ու զարմանալի մի գյուտ կանեք: Կպարզվի, որ առաջին հայացքից աննկատ սև տոներն այստեղ բավականին մեծ տեղ են գրավում, «լցնում են» այն բոլոր տարածությունները, ուր տիրապետում է ստվերը: 

Իմպրեսիոնիստները ժխտում էին սև գույնի գոյությունը, գտնում էին, որ նույնիսկ ստվերը սև չէ: Ստվերի մեջ լույսը չի բացակայում, ուղղակի այլ որակ և այլ ուժ ունի: Այստեղ էլ, ինչպես ամենուրեք, թրթռում են լույսի տարբեր արագություններ ունեցող սպեկտորները: Իհարկե, չափազանց հեշտ է առանց երկար մտածելու ստվերը պատկերել վաղուց ի վեր սովորական դարձած ձևով, սակայն բնության նկատմամբ մինչև վերջ ճշմարտացի մոտեցում ունեցող նկարիչն այստեղ էլ պետք է անալիտիկ հետազոտություններ կատարի, որոնի իրականը և ոչ կարծեցիալը: Իրենց այդ սկզբունքի վրա հիմնվելով՝ իմպրեսիոնիստները սև գույնը իսպառ արտաքսեցին իրենց կտավներից: Ասում են՝ Ռենուարը այնպիսի զզվանք էր զգում այդ գույնի հանդեպ, որ անգամ սև կոստյում պատկերելիս օգտագործում էր բեռլինյան լազուրը: Միակ բացառությունն Էդվարդ Մանեն էր, որը համարյա մինչև կյանքի վերջն օգտագործում էր սևը, որը լավ է ընդգծում մյուս տոների խաղը: 

Ստվերի մասին հետաքրքիր նշումներ ունի Գյոթեն, որը, ինչպես հայտնի է, չափազանց ուշագրավ մտքեր է արտահայտել գույների վերաբերյալ: Ձմռանը ճանապարհորդելիս նա նկատել է, որ երեկոյան ծառի ձյան վրա ընկած ստվերը կապտավուն երանգ ունի, որ մայրամուտի ժամանակ այն փոխում է մուգ կանաչի: Սևը, ինչպես տեսնում ենք, այստեղ ևս գոյություն չունի:

Շարունակելի...

Աղբյուրը՝ Նարեկ Մեսրոպյանի «Գեղանկարներ և ճակատագրեր» գրքից

fastnews-ads-banner