Logo

Չարենցն ու Առնոն․․․

16:23 / 13.03.2023Ասում են․․․
null

Այսօր գրող Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։ Այս առիթով ներկայացնենք Առնո Բաբաջանյանի հուշը գրողի մասին․

Հայրս մտերմություն էր անում Չարենցի հետ: Բանաստեղծը հաճախ էր մեզ այցի գալիս: Երաժշտական իմ անդրանիկ հաջողություններով հպարտ՝ ծնողս մի անգամ (1931-ին էր) պարծեցավ, թե տղան հորինել է պիոներական քայլերգ:

-Հապա նվագիր,- պահանջեց Չարենցը:

Ես ինձ գցեցի դաշնամուրին:

Իսկ նոտաները կա՞ն,- հարցրեց Չարենցը,- մի բեր՝ տեսնեմ: Եվ տիտղոսաթերթի լայնքով մեկ մակագրեց. «Տպագրել 1000 օրինակ, Եղիշե Չարենց»: Եվ, պատկերացրեք, տպվեցին: Դիմանկարով հանդերձ, տասնմեկը դեռ չբոլորած մարդու դիմանկարով…

Չարենցի բարությունը երեխաներս երբեմն չարաշահում էինք: Օրինակ՝ իմ տարեկից Արմենի հետ ունենում էինք մոտավորապես այսպիսի մի երկխոսություն. «Սովա՞ծ ես- ըհը- ես էլ: Գնում ենք քեռի Եղիշեի մոտ»: Եվ ահա գնում էինք: Այն ժամանակ Չարենցը մնում էր «Ինտուրիստ» հյուրանոցում (հիմա՝ «Երևան»), ուր իր համարը լրիվ պատած էր ճապոնական նուրբ պաստառներով և մեծ թվով Բուդդայի արձանիկներ կային: Պոետը կեսօրին էլ նստած էր լինում անկողնում և միշտ նույն կարեկցանքով հարցնում էր. «Հը՞, տղերք, հո քաղցա՞ծ չեք: Տեսեք խոհանոցում բան-ման չկա՞»: Եվ մենք առանց այլևայլության գցվում էինք համարի «խոհանոց» կոչվող թևը…

Աղբյուր՝ Հովիկ Չարխչյան

fastnews-ads-banner