Logo

Բուժիչ ձայնով երգչուհին․ փետրվարի 5-ին Ֆլորա Մարտիրոսյանը կդառնար 68 տարեկան

00:01 / 06.02.2025Լուրեր
null

Փոքրիկ աղջկա մեծական երգը

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թվականի փետրվարի 5-ին Գյումրիում՝ ղարսեցիներից սերված Արտաշես և Սիրանուշ Մարտիրոսյանների ընտանիքում: Հայրը ըմբշամարտի մրցավար էր, մայրը՝ տնային տնտեսուհի: 4 երեխաներից ամենակրտսերն էր: Ասում են՝ մոր հետ շատ կապված էր, ամենուր մայրը կողքին էր: Ժողովրդական երգը մոր գեղեցիկ ձայնով լցվեց ականջը, և մանուկ Ֆլորան մանկական երգերի փոխարեն մանկապարտեզում երգում էր մորից լսած երգերը՝ «Դլե յաման», «Մաճկալ ես» և այլն։ «Լենինականին մրցանակ հանձնելու հանդիսավոր արարողությանը հաջորդած համերգին ներկա էր Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը։ Բեմ բարձրացավ 14-15 տարեկան սիրունիկ-ժպտուն մի աղջնակ, և դահլիճում թևածեց չքնաղ մի երգ՝ «Հեյ ջան, հեյ ջան, լանջեր մարջան»: Բոլորը զարմացան: Քոչինյանը շրջվեց ու ասաց` այս աղջկան ուշադրության տակ պահեք», - պատմել է այդ տարիներին Լենինականի քաղկոմի քարտուղար Դոնարա Հարությունյանը:

Այս աղջկա ձայնը դուդուկի կնմանի

Նիդերլանդներում գործող ծրագրավորման կենտրոնը, որը նաև բժշկական ուսումնասիրություններով է զբաղված, պարզել է, որ Ֆլորա Մարտիրոսյանի բացառիկ վոկալը բուժիչ հատկություն ունի: Նրա «Դլե յամանը» լսելով` Վիլյամ Սարոյանն ասել է. «Այս աղջկա ձայնը դուդուկի կնմանի: Հազվադեպ եմ հանդիպում ձայնի և գործիքի նման ներդաշնակության»: Համբուրգի փառատոնում այս խոսքերով է երգչուհուն շնորհավորել նրանց մշակույթի նախարարը: Գլենդելյան մի համերգից հետո Շերոն Սթոունը զանգահարել է մորը` հարցնելու, թե արդյոք իր մեջ հայի արյուն չի՞ հոսում. «Ես նրա երգի ոչ մի բառ չէի հասկանում, բայց աչքերիցս արցունք էր հոսում, սիրտս կտոր-կտոր էր լինում»: Նրա մտերմներից վաստակաշատ բժիշկ Ալինա Խանգելդյանի խոսքով՝ Ֆլորայի ձայնը բուժում է։ Կարող ես մեքենայի մեջ միացնել նրա ձայներիզն ու հանգստանալ: Ասում է՝ իր երգի պես ինքն էլ փափուկ էր, սուր անկյուններ չուներ, ուզենայիր էլ խոցել, անհնար էր, մեղմության պատնեշով պատսպարված մարդ էր։ Նրան զայրացած չեմ տեսել:

Ընտանիքի նվիրյալը

«Մայրիկին տխուր տրամադրությամբ չեմ հիշում։ Տխուր էլ լիներ, ցույց չէր տալիս», - տարիներ առաջ պատմել են Ֆլորայի երեխաները: Մտերիմներն անկեղծացել են՝ պայծառ, մեղմ մարդ էր, ժպիտը միշտ դեմքին, անուշ խոսք ուներ՝ հումորով համեմված։ Տիպիկ նմանակում էր տարբեր երգիչ-երգչուհիների։ Վարդուհի Խաչատրյանի ձայնով «Ղարաբաղի սիրուն եղնիկն» էր երգում, Բելլա Դարբինյանի ձայնով՝ «Զեփյուռի նման»։ Ընտանիքի մարդ էր, խոնարհ կին: Ամուսինը ցանկացել է երեխաներին իր քրոջ ու եղբոր անուններով կոչել, չի մերժել: Հարցրել են՝ ինչո՞վ եք հպարտանում, պատասխանել է՝ ընտանիքովս, երեխաներովս։ Ընտանիքն ինձ ուժ է տալիս։ Թե՛ տղան, թե՛ աղջիկն ընտրել են բժշկի մասնագիտությունը: Երգչուհու խոսքով՝ աղջիկը՝ Էլֆրիդան, ձայնային լավ տվյալներ ունի։ Մտադիր էր դստեր հետ զուգերգ կատարել, սակայն չհասցրեց։

Ապագայի գարունը

1973-ին հայտարարված «Գարուն-73» մրցույթում 800 մասնակցի շարքում լավագույնն էր: «Արարատյան հովտի մեղեդիներ» խմբում նրա մասնակցությունն առաջացրեց ռուսական երգի հսկաների հիացմունքը։ Լյուդմիլա Զիկինան, Իոսիֆ Կոբզոնը և այլք նրան համարում էին անսամբլի հրաշքը: Երգչուհու «Ծով աստղիկը» երգը դարձավ նրա յուրօրինակ այցեքարտն ու համերգների զարդը: 15 տարի «Ծով աստղիկը» պահպանեց «տարվա լավագույն երգ» տիտղոսը: Այդ տարիներին որևէ երգչուհի չմոտեցավ այդ երգին։ Մի երաժշտի խոսքով՝ հասկանում էին, որ Ֆլորայի կատարման կողքին ստվերում կմնան։ Հետագայում Ֆլորայինը դարձան նաև այլ երգեր, օրինակ՝ «Իմ հասակը»: 

«Դլե յամանով» գնաց, «Քելե, լաոյով» էկավ

Հարազատ Գյումրիից նա հեռացավ 1991-ին: Վերջին հանդիպումը Աճեմյանի անվան թատրոնում էր: Ավանդապահ քաղաքը սիրեց իր դստերն ու «Գյումրվա վարպետ»  պատվավոր կոչում շնորհեց: Երկրաշարժի վերքերը դեռ թարմ էին, բայց մարդիկ եկել էին լսելու սիրելի երգչուհուն: Դա եղավ նրա հրաժեշտի համերգը: Մեկնեց ԱՄՆ՝ այնտեղ բնակվող քրոջը տեսության: Արդեն ամուսնացած էր «Լրաբեր» ծրագրի ճանաչված լրագրող Հրահատ Գևորգյանի հետ։ Արդեն հղի էր, երբ բժիշկներն արգելեցին օդանավ նստել։ Միայն 1995-ին ընտանիքով վերադարձան հայրենիք: «Դլե յամանով» գնաց, «Քելե, լաոյով եկավ»,- ասում էր Դոնարա Հարությունյանը:

«Դլե յամանը» սիրո երգ է

««Դլե յամանը» սիրո երգ է` կարոտի ու սիրուց ծնունդ առած տառապանքի մասին: Երգի հերոսները վանեցիներ են, արևն ելել է Սիփան սարին, սիրածը կարոտ է մնացել յարին… Բայց հիշենք, որ Վանում է ծնվել այս երգը, Վանը հիմա թուրքերինն է: Ուրեմն, կարոտի մեջ մեր մեծ կորստի ցավն էլ կա: Դրա համար էլ բոլորն այս երգը երգում ու մեկնաբանում են իբրև ողբերգական, իբրև կորստի մասին պատմող երգ: Ախր, մեր որ երգը ուզում եմ երգել` մեջը ցավ ու վիշտ կա: Այնքան քիչ են հարսանեկան, ուրախ երգերը: Կարծես իմ ձայնն ու տոնայնությունն էլ արդեն վարժվել են տխուր երգերին ու դուդուկին: Նվագախմբի հետ քիչ եմ ելույթ ունենում։ Ինձ հիմնականում դուդուկն է ուղեկցում, որովհետև դուդուկն առաջին հերթին ցավ ու վիշտ արտահայտող գործիք է դարձել: Մենք ենք դարձրել, որովհետև ուրախանալու և խնդալու առիթ շատ քիչ ենք ունեցել», - տարիներ առաջ անկեղծացել է երգչուհին:

Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերն ու անսպասելի մահը

2007 թվականին Ֆլորան հիմնեց «Արտիստներ հանուն խաղաղության» հիմնադրամը։ Մեկտեղեց հոլիվուդյան գերաստղերի` Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ իրենց ձայնով  «ո´չ» ասելու այդօրինակ ոճիրներին՝ «Այլևս երբեք» կարգախոսով։

Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից առաջացած բարդությունների պատճառով։ Երգչուհու աճյունը բերվել է Երևան։ Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 11-ին հրաժեշտի արարողություն է տեղի ունեցել։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Սկզբնաղբյուրը՝ TV MALL

fastnews-ads-banner