Պողոս Հարությունյանի SKYFIST Studio պրոդյուսերական կենտրոնը տեղեկացնում է, որ 2022 թվականի հոկտեմբերին հայտարարված Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան «Սանսեթ բուլվար» մյուզիքլի երևանյան բեմադրության պրեմիերան տեղափոխվում է 2023 թվական։
Երկրում ռազմաքաղաքական իրավիճակի սրումը պրոդյուսերների և ռեժիսորների համար այլ ելք չի թողնում` թիմի ընդհանուր ափսոսանքով։
Ստեղծված ֆորսմաժորային իրավիճակում պրոդյուսերական թիմը միակ ճիշտ լուծումն է համարում պրեմիերան հետաձգելու դժվար որոշումը՝ չնայած ինտենսիվ փորձերին և կնքված պայմանավորվածություններին։
Բեմադրությունը «սառեցված է». փորձերը կվերսկսվեն հենց հանգամանքները թույլ տան՝ նույն դերասանական կազմով և նույն ինտենսիվությամբ: Մոտ ապագայում կշարունակվեն դեկորացիաների և ռեկվիզիտորների արտադրությունը, ինչպես նաև զգեստների կարումը, որպեսզի ներկայացումը հնարավորինս շուտ պատրաստ լինի բեմ դուրս գալուն։
Էնդրյու Լլոյդ Ուեբերի լոնդոնյան գրասենյակը հավանության է արժանացրել թիմի որոշումը և աջակցելու է, որ «Սանսեթ բուլվար»-ը Երևան վերադառնա։
«Շնորհակալություն ենք հայտնում դերասանական խմբին, տեխնիկական անձնակազմին և ներկայացման ադմինիստրատիվ թիմին ըմբռնման և աջակցության համար, և վստահ ենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի։ Պրեմիերայի նոր ժամկետները կհայտարարվեն առանձին։ Բոլոր գնված տոմսերը կարող են վերադարձվել. խնդրում ենք կապվել տոմսարկղերի և գործակալությունների հետ, որտեղից դուք գնել եք տոմսերը»,-նշում են կազմակերպիչները: