Բուլղարիայում մշակութային արժեքների մաքսանենգության դեմ միջազգային գործողության շրջանակում հայտնաբերված ամերիկացի աբստրակտ նկարիչ Ջեքսոն Պոլլոքի անհայտ կտավը պատկանել է Ռումինիայի նախկին առաջնորդ Նիկոլաե Չաուշեսկուին, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Բուլղարիայի ազգային հեռուստատեսությանը (BNT):
Չաուշեսկուի մասնավոր հավաքածուից Պոլլոքի ստորագրությամբ նկարի ծագումը հաստատվել է նկարի հետևի մասում եղած ռումիներեն գրության շնորհիվ։
Դատախազի տեղակալ Սոֆյա Դեսիսլավա Պետրովայի խոսքով՝ նկարը ստեղծվել է հոլիվուդյան դերասանուհի Լորեն Բեքոլի ծննդյան օրվա առթիվ։ 1958 թվականին Բեքոլը վաճառել է նկարը, որը սկզբում հասել է Ռումինիա, հետո՝ Հունաստան, այնուհետև՝ Բուլղարիա։
Նկարի տերն այն պահել է պահարանի հետևում, քանի որ վստահ չի եղել դրա իսկության հարցում։ Փորձագետները նկարը գնահատում են 50 միլիոն եվրո:
Փոլ Ջեքսոն Փոլլոքը աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրն է, «ցողելու» մեթոդի գյուտարարը։
Չաուշեսկուն ղեկավարել է Ռումինիան ավելի քան 20 տարի, սակայն տապալվել է ժողովրդական հեղափոխության ժամանակ և գնդակահարվել 1989 թվականի դեկտեմբերի 25-ին՝ կնոջ հետ միասին։