2024 թվականի մայիսին կայացավ «Ալպիական մանուշակ» ներկայացման պրեմիերան՝ բնության գրկում։ Այն բակունցյան մոտիվներով նոր պիես էր։ Ամիսներ շարունակ Բյուրականում բեմադրելուց հետո ներկայացումը տեղափոխվեց թատրոն՝ հաշվի առնելով եղանակային պայմանները։ Երևանյան մի շարք բեմադրություններից հետո օրերս «Ալպիական մանուշակի» դերասանները վանաձորյան բեմում էին՝ Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում։ Ներկայացման սցենարիստ և ռեժիսոր Տիգրան Գյուլումյանի խոսքով՝ թատրոնում ամբողջությամբ այլ ներկայացում է ստացվել։ «Բնության գրկում չկա որևէ պայմանականություն, ամեն ինչ իրական է, իսկ բեմում գրեթե ամեն ինչ պայմանական է։ Փորձել ենք այդ պայմանականությունները իրականին մոտ ստանալ։ Կարևորը՝ փոխանցենք ներկայացման ուղերձն ու գաղափարախոսությունը», - նշել է Տիգրան Գյուլումյանը։
Սոնային մարմնավորող «Ալպիական մանուշակը», նույն ինքը՝ Անահիտ Կիրակոսյանը, հայրենի Լոռիում վերջին անգամ 10 տարի առաջ էր բեմ բարձրացել։ Ըստ դերասանուհու՝ վանաձորցիների համար խաղալը կրկնակի պարտավորեցնող է։ «Կերպարս, կարծես, հայ կնոջ հավաքական կերպար լինի, ով եկել է հիշեցնելու՝ ով ենք և որտեղից ենք գալիս։ Երբ իմացա, որ Վանաձորի դրամատիկականում ենք խաղալու, չեմ կարող նկարագրել՝ ներսիս թիթեռնիկներն ինչպես աշխուժացան։ Ե՛վ հուզված եմ, և՛ լարված, բայց պատրաստ եմ հանդիսատեսին փոխանցելու իմ էներգիան ու սերը», - անկեղծացել է Անահիտը։
«Ալպիական մանուշակում» բնություն-մարդ հարաբերություններն են և ամեն ինչից բարձր բարոյական արժեքները։ Սցենարիստ և ռեժիսոր Տիգրան Գյուլումյանը հուսով է, որ լոռեցիները հնարավորություն կունենան ներկայացումը դիտելու նաև բնության գրկում։