Բրյուսելի հիվանդանոցներից մեկի հոգեբույժներն իրենց հիվանդների համար կնշանակեն այցելություններ դեպի թանգարաններ, հայտնում է մայրաքաղաքի մշակույթի և զբոսաշրջության գծով փոխքաղաքապետ Դելֆին Ուբան։
««Թանգարանային դեղատոմսերի» պիլոտային նախագիծը պաշտոնապես մեկնարկել է: Այսօրվանից բժիշկները կկարողանան իրենց հիվանդներին անվճար այցելության ուղարկել Բրյուսելի թանգարաններ: Սա նորություն է Եվրոպայի համար»,- գրել է նա Twitter-ում:
Նախագիծը մի կողմից թույլ կտա արվեստն ուսումնասիրել ավելի խոցելի թիրախային խմբի քաղաքացիներին, մյուս կողմից՝ այն լրացուցիչ թերապիայի գործիք կդառնա հոգեբույժների համար։
Բրյուսելի քաղաքային վարչակազմն այդ գաղափարը փոխառել է կանադական Մոնրեալի գործընկերներից, որտեղ նման փորձեր սկսել են իրականացվել դեռևս 2018 թվականին։ Բելգիական լրատվամիջոցները նշում են, որ այն ունեցել է որոշակի հաջողություն, հատկապես տարեց հիվանդների մոտ: Մասնավորապես, մշակույթի հետ շփումն օգնել է պայքարել դեպրեսիայի դեմ:
Բրյուսելում փորձի գնահատումը կիրականացվի վեց ամսից, իսկ ավելի ուշ այն կարող է տարածվել Բելգիայի այլ բնակավայրերում։


