Logo

«Բազմաթիվ զոհեր խլեց պատերազմը, պետք էր, որ մեկն էլ զոհվեր խաղաղության ուրախությունից…». Էդմոն Ռոստան

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:18 / 01.04.2023Ասում են․․․
Էդմոն Ռոստան

Ֆրանսիացի նշանավոր գրող, «Սիրանո դը Բերժերակ»-ի հեղինակ Էդմոն Ռոստանի կյանքի վերջին օրերի մասին շատ է գրվել: Զանազան պատմություններ կան, սակայն հավաստի է դիտվում այս մեկը՝ շարադրված նրա մահից անմիջապես հետո:

Ասում են, որ Առաջին համաշխարհային պատերազմի օրերին նա արդեն հիվանդ էր: Ինչ-որ մի պահի, երբ ռազմաճակատում վիճակը դարձավ օրհասական, Ռոստանը քիչ էր մնում հոգեկան խանգարում ստանար: Բայց վերջապես վրա հասավ բաղձալի օրը. զենքերը լռեցին, պատերազմն ավարտվեց: Փարիզի փողոցները լցված էին մարդկանց հոծ խմբերով, նրանք վանկարկում ու երգում էին, դրոշներ էին ծածանում, գրկախառնվում էին: Անկողնում պառկած գրողը լսում էր այդ ձայները:

Հանկարծ նա ոտքի կանգնեց, սկսեց հագնվել և ասաց կնոջը.

- Չէ, ես այլևս չեմ կարող այստեղ մնալ: Ես չափազանց երջանիկ եմ դրա համար: Ուզում եմ ինքս էլ փողոց դուրս գալ:

Դուրս եկավ քաղաք, վերադարձավ մի քանի ժամ անց՝ ժպիտը դեմքին, և անընդհատ կրկնում էր.

- Ինչպիսի երջանկություն, ինչպիսի երջանկություն…

Երեկոյան ջերմությունը բարձրացավ: Նա այլևս անկողնուց դուրս չեկավ: Վերջին տողերը, որ հանձնեց թղթին, հետևյալն էին. «Բազմաթիվ զոհեր խլեց պատերազմը, պետք էր, որ մեկն էլ զոհվեր խաղաղության ուրախությունից…»:

 

Նյութը՝ Հովիկ Չարխչյան

fastnews-ads-banner