Logo

«Բաժանում չի լինում»․ Սիրուշոն, Սոնա Ռուբենյանը, Իվետա Մուկուչյանը, Արամ MP3-ն և ուրիշներ՝ Արա Մարտիրոսյանի հիշատակի համերգին (լուսանկարներ)

22:59 / 09.11.2024Լուրեր
Բացառիկ
null

Նոյեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Արա Մարտիրոսյանի հիշատակին նվիրված համերգը՝ «Բաժանում չի լինում» խորագրով։ Բեմում էին Արայի ընկերները՝ երգչի սիրված ու հայտնի երգերով։ Ելույթ ունեցան Սիրուշոն, Ռազմիկ Ամյանը, Արկադի Դումիկյանը, Արամ MP3-ն, Սոնան, Սոնա Ռուբենյանը, Իվետա Մուկուչյանը, Սոֆի Մխեյանը, Գագիկ Եզակյանը, Անաստասիա Բրուխտին, Ավո Խալաթյանը, Մաշա Մնջոյանը, Մարտին Մկրտչյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Սարգիս Մանուկյանը, Էթերի Բերիաշվիլին և Ալեքսանդր Շոուան։ Համերգը կազմակերպվել էր «Արա Մարտիրոսյան» մշակութային հիմնադրամի ջանքերով՝ ի դեմս հիմնադիր Արաքսյա Մարտիրոսյանի, որը նաև համերգի գլխավոր պրոդյուսերն էր։ Համերգի երաժշտական պրոդյուսերն էր «Կարեն Սևակ» բենդը, որն էլ ապահովեց համերգի ամբողջ նվագակցությունը։

Համերգի կայացմանն աջակցել են «Fastex»-ն ու «ArLeAM»-ը։ «Fast News Culture»-ը ներկա է եղել համերգին, զրուցել՝ կազմակերպիչների և Արայի ընկերների հետ։

Համերգի ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն է։ Նրա խոսքով՝ միջոցառմանը նախապատրաստվել են 2-3 ամիս, բայց ամենաթեժը վերջին ամիսն էր։ «Համերգի միջոցով փորձել ենք փոխանցել Արա Մարտիրոսյանի տրամադրությունը, բնավորությունը և ներաշխարհը։ Առանց իր ներկայության դա անելը բարդ էր, բայց մենք փորձել ենք և արել հնարավորը», - խոստովանեց Լուսինեն։

Հանդիսատեսի հետ իրենց հուշերը կիսեցին և համերգը վարեցին Ավետ Բարսեղյանն ու Նազենի Հովհանիիսյանը։ «Արա Մարտիրոսյանի երաժշտական գործունեությանը հետևողները գիտեն, որ մենք այդ կենսագրությամբ միասին ենք քայլել։ Կատակում էինք, որ նա իմ սեփական օգտագործման երգիչն է, ես էլ իր սեփական օգտագործման խոսքերի հեղինակը։ Այս համերգում միախառնված են էմոցիան և պրոֆեսիոնալիզմը։ Փորձում ենք ինքներս մեզ վշտելու ժամանակ չտալ և այդ էմոցիան փոխանցել դահլիճին։ Շատ դժվար է, երբ և՛ ընկեր ես, և՛ աշխատում ես այս համերգի ընթացքում», - նշեց Արա Մարտիրոսյանի երգերի մեծամասնության հեղինակ Ավետ Բարսեղյանը։ 

Նազենի Հովհաննիսյանը նկարահանվել է Արայի «Домой» երգի տեսահոլովակում։ Հաղորդավարուհուն հաճախ չենք տեսնի տեսահոլովակներում, բայց խոստովանեց, որ նկարահանվելու առաջարկն ընդունել է միանգամից։ «Մեկ հիմնական զգացողություն ունեմ՝ կարոտ։ Արան շատ սիրող, սիրված, հախուռն ու բուռն անձնավորություն էր։ Ինչպես հախուռն կար, այդպես էլ գնաց՝ վայրկյանի մեջ։ Եվ ինչպես մեծ սրտով կար, այդպես մեծ սրտով էլ բոլորիս հավաքել է այստեղ», - ասաց Նազենին։

Սիրուշոն կատարեց «Բաժանում չի լինում» երգը։ Անկեղծացավ՝ ուզում է այլևս այսպիսի համերգներ չլինեն։ «Թող բոլորը իրենց երգերը երգեն։ Առիթ չունենանք մենք երգելու, որ բեմում այսպես չկոտորվենք։ Երկար ճանապարհ ենք միասին անցել։ Երբ նոր երգ էինք ունենում, կամ ուղարկում էինք միմյանց, կամ շրջագայությունների ընթացքում միասին էինք լսում։ Ոգևորվում էինք մեկս մյուսի աշխատանքով», - հիշեց երգչուհին։ 

Սոնա Ռուբենյանի կատարմամբ հնչեց «Մի գնա» ստեղծագործությունը։ Երգչուհին ընդգծեց, որ շատ է սիրում Արայի բոլոր երգերը, բայց «Մի գնան» առանձնահատուկ է թե՛ իր համար, թե՛ Արայի երգացանկում։ «Ավետ Բարսեղյանը այնպիսի բառեր է գրել, որ այսօր բեմում սրտիս ձայնը լսում էի։ Երգելիս իմ ձայնը չէի լսում, Արայի ձայնն էի լսում։ Դժվար էր շատ, բայց ինչպես իր երգում էր ասում «Բաժանում չի լինում»։ Արան կապրի այնքան, որքան իր երգերը կերգենք, կլսենք և կսիրենք։ Իհարկե երգում ենք, բայց իր երգերը իր պես, իր տեմբրով, իր տաքությամբ ու իր ջերմությամբ այլևս չի լինի», - անկեղծացավ Սոնան։

Համերգի ավարտին հնչեց Արա Մարտիրոսյանի և Հակոյի կատարմամբ «Խոսքեր չկան» երգը։ Լեդ էկրաններին երգիչներն էին, կադրեր՝ նրանց համերգներից։ Արա Մարտիրոսյանի հիշատակի երեկոն ավարտվեց հենց իր ձայնով՝ «Моя» երգով։ Համերգին մասնակցող բոլոր երգիչները բարձրացան բեմ և ձայնակցեցին Արային։ Ամբողջ դահլիճը ևս մեկ անգամ հոտնկայս ծափահարեց երգչին։

 

Տեքստը՝ Նարինե Մելիքյանի և Ժենի Քոչարյանի

Լուսանկարները՝ Ագնեսա Կիրակոսյանի և Աննա Շաշիկյանի

 

fastnews-ads-banner