Logo

Բակունցի մայրն այդպես էլ չիմացավ որդու գնդակահարության մասին. ոչ այդքան հայտնի փաստեր նրա կյանքից

22:31 / 13.06.2024Լուրեր
null

Հունիսի 13-ին հայ խորհրդային արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ Ակսել Բակունցի ծննդյան օրն է: Այս տարի Ալեքսանդր Թևոսյանի 125-ամյակն է: FastNews Cultur-ը ներկայացնում է քիչ հայտնի փաստեր արձակագրի մասին:

Ակսել Բակունցը հագեցած, բայց կարճ կյանք է ապրել։ Նրան ձերբակալել են, իսկ 1937 թվականի հուլիսի 8-ին գնդակահարել իբրև ժողովրդի թշնամի։ Բակունցն ու Եղիշե Չարենցը մտերիմ ընկերներ էին։ Գրող Ռուբեն Զարյանը իր «Հուշապատում» գրքում նշում է, որ Չարենցի ու Բակունցի ամենասիրելի համատեղ զբաղմունքներից էր Կոմիտաս լսելը։ Բակունցը հիանում էր ընկերոջ տաղանդով և ասում էր, որ երբևէ չի էլ փորձի բանաստեղծություններ գրել։ «Ո՞վ կհամարձակվի իրեն բանաստեղծ անվանել Եղիշե Չարենցից հետո»։ Այն տարիներին ընդունված էր միմյանց ստեղծագործություններ ձոնել։ Չարենցը Բակունցին մի քանի բանաստեղծություն է նվիրում, որոնք կարճ մակագրված էին․ «Ընկերոջս՝ Ա․Բ․-ին», իսկ Բակունցն իր հերթին իր լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Ալպիական մանուշակը», նվիրում է Չարենցի կնոջը՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանին։

Թե՛ Չարենցը, թե՛ Բակունցը աչքի էին ընկնում բարդ բնավորությամբ։ Նրանք հաճախ էին վիճում, երբեմն՝ ամբողջ Երևանի աչքի առաջ։ Գրականագետ Եղիշե Հովհաննիսյանն իր «Եղիշե Չարենցի մասին» աշխատության մեջ նկարագրում է մի դրվագ, որը տեղի է ունեցել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում։

Չարենցն ու Բակունցը գրող Խորեն Աճեմյանի հետ զբոսնում են Երևանի Նալբանդյան փողոցով: Խոսում է Չարենցը և հիշում լատինական այն առածը, թե «Habent sus fata libelli», ապա թարգմանում է` դառնալով Բակունցին.

- Այսինքն` գրքերն ունեն իրենց ճակատագիրը:

- Կարող էիր չթարգմանել, - ասում է Բակունցը և ապա ավելացնում. – Ամեն մի գիրք ունի իր ճակատագիրը – ահա այդ աֆորիզմը:

- Նախ, քանի որ հայերեն ենք խոսում, ապա ոչ թե աֆորիզմ, այլ ափորիզմ...

- Գուցե կասես` «աթոռիզմ», - ասում է Բակունցը:

- Եվ երկրորդ (չլսելու դնելով նրա հեգնանքը), - ինչի՞ ես վիրավորվում, որ թարգմանում եմ, երբ ո՛չ դու, ո՛չ էլ Խորենը լատին չգիտեք... Եվ հետո...

- Իսկ դու ո՞ր օրվա լատինագետը դառար, - հարցնում է Բակունցը շատ անմեղ հետաքրքրությամբ:

- Ճի՛շտ է, որ ես լատինագետ չեմ, բայց նախ` մի քիչ ավելի գիտեմ, քան դու և, բացի դրանից, քանի որ ես լատիներեն ասի այդ աֆորիզմը` պիտի թարգմանեի: Ճի՞շտ եմ ասում, թե չէ, Խորե՛ն:

- Շա՛տ ճիշտ է: Ես այդ ասացվածքը գիտեի ռուսերենից և, եթե չթարգմանեիր, չէի հասկանա:

- Տեսնո՞ւմ ես, - հաղթականորեն բացականչում է Չարենցը, նայելով նրան այնպես, որ ուզում է ասել. – Տեսնո՞ւմ ես, որ «մեջ մնացիր» և զուր տեղն ես ընդհատում ինձ:
Ապա շարունակում է.

- Բայց այստեղ մի հետաքրքիր փիլիսոփայական հարց է ծագում, որի առթիվ քիչ վեճեր չեն եղել անցյալում: Ի՞նչն է ավելի բարձր, ստեղծագործական անհա՞տը, թե՞ նրա գիրքը:

Տիրում է կարճ լռություն, և հանկարծ.

- Դատարկ, - բացականչում է Ակսելը, - պարզ է, որ ստեղծագործողը ավելի բարձր է, քան ստեղծյալը, արարիչը ավելի բարձր է, քան արարածը:

- Դու այդպե՞ս ես կարծում: Շատ միամիտն ես: Դեռ հարց է, թե ընթերցողը ինչը ավելի կգերադասի, «Սև ցլերն» ու «Մթնաձո՞րը», թե՞ Ակսել Բակունցին:

- Ախր, տրամաբանություն չկա ասածիդ մեջ, - գոչում է Ակսելը:

- Լավ է` չխոսենք տրամաբանությունից, որովհետև դու նախ չգիտես ինչ բան է, ինչով է ուտվում, ինչպես կասեր ռուսը. երկրորդ` իմ ասածը ըմբռնելու համար տրամաբանությունը քիչ է: Պետք է մարդ մի քիչ բան հասկանա դիալեկտիկայից, իսկ դու դրա այբուբենն անգամ չունես փորումդ...

Ժամանակակիցները հիշում են, որ երկու գրողների բանավեճը քիչ է մնացել` կռվի վերածվի, բայց բարեբախտաբար վերջում նրանք հաշտվել են։

Բակունցը 2 անգամ է ամուսնության առաջարկ անում գլխավոր մուսային՝ Վարվառա Չիվիջյանին

Բակունցի 2 անգամ է ամուսնության առաջարկություն արել իր գլխավոր մուսային՝ Վարվառա Չիվիջյանին։ 1923-ին Խարկովում աղջիկը մերժել է նրան՝ ասելով․ «Իմ առջև հաստատ նպատակ եմ դրել ստանալու բարձրագույն կրթություն և մինչև ինստիտուտն ավարտելը չեմ կամենում կյանքս կապանքների մեջ դնել»։ Վարյայի պատասխանը շատ է դառնացրել Բակունցին, նրանք որոշ ժամանակով բաժանվել են։ Սակայն ինչ-որ ժամանակ անց աղջիկը Խարկովում կտրվում է ընդունելության քննություններից, տեղափոխվում է Երևան և ընդունվում է ԵՊՀ։ 1924-ին զույգն ամուսնանում է։ Իսկ մեկ տարի անց ծնվում է նրանց միակ որդին՝ Սևադան։ Ընտանիքի երջանկությունը երկար չի տևում. 1936 թ․-ի օգոստոսի 6-ին Բակունցին ձերբակալում են հակահեղափոխությանն աջակցելու մեղադրանքով։

«Ինձ թուղթ ու մատիտ տվեք, ինձ միայն գրականությունը կփրկի․․․»

Բակունցը հոգեբանորեն շատ ծանր էր տանում բանտում անցկացրած օրերը։ Գրողի կինը՝ Վարվառա Բակունցը, իր 1954թ․-ին գրված «Բակունցի մասին» գրքում պատմում է, որ իրեն թույլ են տվել այցելել ամուսնուն բանտում, և նա հետը տարել է 11-ամյա որդուն՝ Սևադային։ «Ալեքսանդրը մեկ ամսում այնքան էր փոխվել, որ դժվարությամբ ճանաչեցի այն մարդուն, որին ես գիտեի երկար տարիներ: Ամբողջ տեսակցության ժամանակ Բակունցը հեծկլտում էր՝ կորցնելով ինքնատիրապետումը: «Որդիս, - անդրադարձավ երեխային՝ քամելով արցունքից ամբողջովին խոնավ թաշկինակը, - այնքան շատ բան եմ ցանկացել կյանքում անել քեզ համար, բայց ինձ չհաջողվեց, մայրդ կանի նաև իմ փոխարեն»: Ինձ էլ ասաց՝ «Ամուր եղի՛ր, հաշվիր, որ ավտովթար է եղել, և ես վթարի եմ ենթարկվել»։

Կնոջն ուղղված վերջին նամակներից մեկում Բակունցը գրում է, որ իր համար շատ ծանր է ապրել անտեղյակության մեջ։ «Ծա՜նր է, շա՜տ ծանր… Չգիտեմ՝ գիշեր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռան ետեւում։ Մտքերը հեռու են գնում, ի՞նչ է սպասվում հետո… Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու և կարդալու հնարավորություն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…»:

1937 թվականի հուլիսի 8-ին Բակունցին գնդակահարեցին։ Եվ երբ 10 օր անց ոչինչ չկասկածող Վարվառան եկավ բանտ, նրան ասացին, թե Բակունցին աքսորել են։ Իրեն՝ Վարվառային, ձերբակալեցին սեպտեմբերի 17-ին իբրև «ժողովրդի թշնամու» կողակցի։ Վարյան 8 ամիս անցկացրեց բանտում, այնուհետև նրան 8 տարով աքսորեցին Տեմնիկովի ուղղիչ աշխատանքային գաղութ։ Նա Հայաստան վերադարձավ միայն 1945-ի աշնանը։

«Ի՞նչ ես ուզում, մուրացիկ»․ հարսի ու սկեսուրի հանդիպումը

Հայաստան վերադառնալով՝ Վարվառա Բակունցը շտապեց Գորիս` ցանկանալով ամուսնու ծնողների մոտ գտնել որդուն։ Սկեսրայրն այդ ժամանակ արդեն մահացած էր։ Նիհար, պատառոտված հագուստով նա մոտեցավ ամուսնու հայրական տանը։ Բոխչագյուլը՝ Բակունցի մայրը, այդ պահին ծառից խնձոր էր հավաքում։ Նա անծանոթուհուն հերթական մուրացկանի տեղ դրեց։

«Խնձո՞ր ես ուզում։ Կտամ, կեր ու գնա», - ասաց ծեր կինը։

Վարյան դողացող ձայնով ասաց` ով է ինքը։ Բոխչագյուլն անսպասելիությունից ընկավ։

Վարյան, որն արդեն գիտեր ամուսնու մահվան մասին, հասկացավ, որ սկեսուրը տեղյակ չէ և սպասում է, թե երբ է որդին աքսորից վերադառնալու։ Նա այդպես էլ ամուսնու մորը ճշմարտությունը պատմելու ուժ չգտավ։ Բոխչագյուլը մինչև իր մահը՝ 1957թվականը, սպասեց որդու վերադարձին․․․

Վարյան սկզբում սկսեց ռուսերեն դասավանդել Գորիսի մոտակայքում գտնվող Շինուայրում, այնուհետև որպես դաստիարակչուհի աշխատանքի անցավ Գորիսի մանկապարտեզում։ Մահացավ 1965 թվականին։ Բակունցի և Վարվառայի որդին՝ Սևադա Բակունցը, դարձավ բժիշկ-ֆիզիոլոգիստ։

70-ականներին նա գլխավորեց Լևոն Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտը։ Նրա դուստրերը՝ Բակունցի թոռնուհիներ Ալլան և Իրինան, հիմա ապրում են Երևանում։ Ալլա Բակունցն աշխատում է ՄԱԿ-ի համակարգում, իսկ Իրինա Բակունցը ռեանիմատոլոգ է «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում։

fastnews-ads-banner