Logo

Բացվել է «Երվանդ Քոչար-125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը (լուսանկարներ)

23:19 / 30.10.2024Լուրեր
null

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի թանգարանի և Քոչար ընտանիքի հետ գործակցությամբ բացվել է «Երվանդ Քոչար-125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը: Այն նվիրված է քանդակագործի 125-ամյակին։ «Պետությունը չափազանց կարևորում է անվանի գործիչների արժանի մեծարումն ու հանրահռչակումը: Եվ այս համատեքստում Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը պատշաճ նշելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծել ենք հոբելյանական հանձնաժողով։ Նրանք առաջարկել են 11 միջոցառում: Դրանց իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 167 մլն դրամ: Ընտրված միջոցառումները բազմաբնույթ են և նպաստելու են Երվանդ Քոչարի արվեստի արժևորմանը, հանրայնացմանը ու միջազգայնացմանը, խթանելու են վարպետի ստեղծագործական առանձնահատկությունների ուսումնասիրություններին և ապահովելու են այդ ժառանգությանը ավելի լայն զանգվածների հասանելիությունը», - վստահեցրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կամզակերպմանն աջակցելու և նախագիծը կյանքի կոչելու համար. «Երվանդ Քոչարը խիզախող արվեստագետ էր, որի հայացքը մշտապես ժամանակի մարտահրավերներին էր ուղղված։ Նա փորձում էր գտնել պատասխաններ և առաջադրել նոր հարցադրումներ: Շատ ուրախ եմ, որ աշխարհին հպարտորեն կարող ենք ներկայանալ այս մեծ արվեստագետի ժառանգությամբ»:

«Երվանդ Քոչար–125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղին` ընդգրկելով տարբեր տարիների նրա գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ ու տարածական երկեր: Առանցքում Քոչարի կյանքի կարևորագույն քաղաքներն են` Թիֆլիս, Փարիզ, Երևան: Անիմացիոն էֆեկտներով հագեցած միջավայրում ներկայացված է գյուտարար Քոչարի՝ համաշխարհային արվեստում աննախադեպ երևույթ համարվող տարածական գեղանկարները: Քոչարը ներկայացված է նաև գեղանկարչական նոր ներկանյութի` մոմաներկի հեղինակային գյուտով: Ցուցահանդեսի համադրողը Հասմիկ Բադալյանն է, անիմացիոն սրահի հեղինակը՝ Աշոտ Մարաբյանը:

 

fastnews-ads-banner