Logo

Բաբկեն Չոբանյանի հետ նստեցին գնացք ու եկան Երևան՝ թատերական ընդունվելու. Կամերայինի նվիրյալ Արշո Հարությունյանը

Հեղինակ
Նարինե Մելիքյան
23:31 / 26.01.2025Լուրեր
null

Արշալույս Հարությունյանը ծնվել է 1977 թվականի հունվարի 26-ին՝ գերմանական Պոտսդամում։ 1998-ին  ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնի Զավեն Տանտինցյանի արվեստանոցը։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 7 տարեկանում, Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ՝ Լենինականի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում։ Խաղացել է 40-ից ավելի ներկայացումում և ֆիլմում։ Բեմադրել է 9 ներկայացում, նկարահանել՝ 15 ֆիլմ։ 48-ամյակի կապակցությամբ «Fast News Culture»-ն ուսումնասիրել է դերասան-ռեժիսորի  տարբեր տարիների հարցազրույցներն ու առանձնացրել ամենակարևորը։

Արշո՞, թե Արշալույս

Արշո Հարությունյան - Ինձ դուր է գալիս Արշոն։ Պատանեկության շրջանում մտածում էի՝ ինչպես կարող է մարդու անունը Արշալույս լինել։ Հատկապես, որ այն նաև կնոջ անուն է։ Դա ինձ համար դեպրեսիա էր։ Շատ էի կոմպլեքսավորվում։ Որոշ ժամանակ անց հասկացա այդ անվան եզակիությունը։ Ինձ հետաքրիր է թվում անունս։ Կարծում եմ՝ ինձ սազում է իմ անունը։ Գյումրիում նույնիսկ Աշիկ են ասում։ 

Մանուկ Արշոն  թատրոնում և թատրոնի հետ

Արշո Հարությունյան - Առաջին դասարանում էի սովորում, երբ ինձ տարան թատրոն։ Խորեն Աբրահամյանը ներկայացում էր բեմադրում, երեխաներ էին պետք։ Ինձ նման ևս 25 երեխա կար։ Եվ այդտեղ փոխվեց ամեն ինչ։ Բայց դեռահասության շրջանում շատ խոր հիասթափվեցի թատրոնից։ Կոտրվել էի։ Մայրս շատ օգնեց այդ խնդիրը հաղթահարելու հարցում։ Չէի գնում թատրոն, նա էլ հետս վիճում էր։ Ասում էի՝ ոչ ոքի պետք չեմ, ինչու գնամ։ Մայրս ասում էր՝ հիմա ոչ ոքի պետք չես, հետո ամեն ինչ այլ է լինելու։ Բաբկեն Չոբանյանը մտերիմ դասընկերս էր։ Համոզեցի, միասին եկանք Երևան՝ ընդունվելու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։ Մեր բախտը բերեց, որ հայտնվեցինք Զավեն Տանտինցյանի արվեստանոցում։ Ի տարբերություն մյուսների, ովքեր նոր դպրոցը ավարտել և հայտնվել էին այդ մթնոլորտում, մենք թատրոնից էինք եկել։ Մեզ թվում էր՝ այստեղ անելու բան չունենք։ Բայց Զավեն Տիգրանիչը կարողացավ այդ մեծամտությունը մեր միջից հանել։

Ճակատագրական հրավեր Կամերայինից

Արշո Հարությունյան - Երկրորդ կուրսում էի սովորում։ 1996 թվականին հրավիրեցին Կամերային թատրոն։ Չգիտեի, որ Երևանում նման թատրոն կա։ Չէի ճանաչում նաև Երնջակյաններին։ Գոհար Տրդատյանի հետ եկա թատրոն։ Ծանոթացա այդ բարի, բեղով (Արա Երնջակյան, - հեղ․) մարդու հետ։ Նրա հոնքերն ու ժպիտն այնքան հետաքրքիր էին։ Նա ուրախ էլ էր ժպտում, տխուր էլ։ Հանկարծակի էի հայտնվել այդ թատրոնում։ Այն, ինչ կատարվում էր այդտեղ, ինձ համար շատ խորթ էր։ Ավանդական թատրոնից հետո Կամերայինին հարմարվելը հեշտ չէր։ Չէի հասկանում՝ որտեղ եմ։ Որոշ ժամանակ անց արդեն մարմնիս բջիջներով զգում էի ու զգում եմ այդ թատրոնը։ Ամբողջությամբ տրվեցի Կամերայինին։ Այդտեղ ձևավորվեց ճաշակս՝ որպես մարդ։ Այդ թատրոնում սովորեցի սիրել ու ապրել՝ բոլոր իմաստներով։ Եթե ճակատագիրն ինձ ևս մեկ հնարավորություն տար, կրկին կգնայի Կամերային թատրոն։ 

Կամերայինում Արշոյին էր սպասում ոչ միայն բեմը, այլև ապագա կինը

Արշո Հարությունյան - Երբ այս թատրոնում արդեն մեծ մարդ էի, հայտնի դերասան, Լուսինեն դպրոցական երեխա էր, գալիս-գնում էր: Բոլորը ոգևորված ասում էին՝ Երնջակյանի աղջիկն է, սիրում էին, ես առանձնապես վերաբերմունք չունեի: Հետո մեծացավ, դարձավ հրաշք աղջիկ ու փոխեց ամբողջ կյանքս: Չեմ ուզում և չեմ կարողանա պատկերացնել կյանքս առանց նրա։ Լուսինեն իմ իսկական ընկերն է։ Մենք շատ սիրում ու հարգում ենք իրար։ Շատ կարևոր է, երբ մարդուն ընդունում ու հարգում ես որպես անհատականություն։ Մենք լրացնում ենք միմյանց։ Իմ ցանկացած առաջին մտահղացման մասին իմանում է Լուսինեն և հակառակը։

Լուսինե Երնջակյան - Թատրոնի հայտնի դերասան էր։ Մեծ նախագծեր ուներ: Առաջին հանդիպում չի եղել։ Ընկերություն ենք արել, միասին աշխատել, որից հետո սկսել ենք իրար լավ ճանաչել։ Հասկացել ենք, որ պատրաստ ենք դիմանալու միմյանց: Ամուսնացել ենք 2010 թվականի ապրիլի 29-ին։ Ծիծաղելի հարսանիք ենք ունեցել: Ավանդական հավաքույթների կողմանկից չէինք, բայց քանի որ հյուրերը շատ էին, այն ժամանակ «Թատերական» ռեստորան կար, այնտեղ նշեցինք մեր միությունը: Տարոսիկներ էլ չենք ունեցել: Հյուրերի մեծ մասն ընկերներ էին, կենդանի երաժշտություն չկար՝ դիջեյ էր: Օրն այնքան ուրախ անցավ, որ սեղանները մինչեւ վերջ լեցուն էին: Նույն գիշերը պետք է մեղրամսի մեկնեիք, հասանք օդանավակայան, զգացինք, որ քաղցած ենք։ Սրճարանում հաց կերանք: Բոլոր հարցերում իրար թև ու թիկունք են։ Ամենամեծ հաղթանակն ու ձեռքբերումն այն է, որ կարողացել ենք իրար լսել, հասկանալ, հարգել։ Գիտակցել ենք, որ յուրաքանչյուր վեճի մեջ պետք է գտնել պատճառն ու հարթել այն: Սիրով ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, ինչի շնորհիվ էլ խնդիրեները շատ արագ մոռացվել են: Ես ավելի ներողամիտ եմ, չնայած՝ Արշոն էլ չի ընկնում ձևականությունների հետևից։ Երբ մեկս հաշտեցման քայլ է անում, մյուսը չի առարկում։ Կենցաղային հարցերում և բավական ներդաշնակ ենք: Մեկս մյուսի թույլ և ուժեղ կողմերը լավ գիտենք: Արշոն համակերպվել է այն փաստի հետ, որ շատ վատ խոհարար եմ, ու բավարարվում է նրանով, ինչ մատուցում եմ: Անկեղծ կլինեմ՝ ինքն էլ ամենևին տան տղամարդ չէ։ Փչացած իրերը չի վերանորոգում, ես էլ դրա հետ եմ հարմարվել (ծիծաղում է, - հեղ.): Այդ հարցերը կռվի թեմա չեն դառնում. կենցաղը չենք դարձնում առաջնային եւ փորձում ենք հնարավորինս ուրախ եւ երջանիկ ապրել:

 Հոգեհարազատ ռեժիսորությունը

Արշո Հարությունյան - Դերաբաշխման ժամանակ մտածում էի՝ ինչ լավ կլինի, որ այս դերը մյուսը խաղա։ Սովորաբար դերասանները ամենալավ դերերից չեն հրաժարվում, իսկ ես պատկերացնում էի՝ ինչպես այդ դերը կխաղա մեկ ուրիշը։ Բեմում ավելի շատ կողքերս էի նայում, քան իմ կերպարին։ Դերասանի շատ հատկություններ կան, որոնք չունեմ: Բեմում վատ չեմ զգում ինձ, կարոտում եմ, բայց դրանից չեմ տառապում: Հաճույք եմ ստանում իմ աշխատանքից։ Խենթանում եմ տաղանդավոր դերասանների համար։ Ուզում եմ ինձ նրանցով շրջապատել։ Ռեժիսուրայի մեջ եմ փորձում բավարարել կրքերս: Կարող է մի ժամանակ գա, նորից ցանկանամ խաղալ:

Ի՞նչ է թատրոնը 

Լուսինե Երնջակյան - Մեր առաջին տունն է: Օրվա մեծ մասն այստեղ ենք լինում, ամբողջ էներգիան ու սերը դնում ենք այս տան վրա:

Արշո Հարությունյան - Կյանքի ու ապրելու իմաստ:

Օդաչու դառնալու երազանքը

Երազում եմ, օդանավ վարել, բայց միաժամանակ վախենում եմ օդանավից։ Շատ լուրջ եմ վերաբերում բոլոր մասնագիտություններին։ Այս տարիքում չեմ կարծում կստացվի, «խաղ ու պար չէ»։ Առաջարկներ ստացել եմ, բայց վախս չեմ հաղթահարել։

fastnews-ads-banner