Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկել է 99-րդ համերգաշրջանը: Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 30-ն անցկացվող Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնը լի է աստղային հրավիրյալ մենակատարներով և դիրիժորներով։
«Սեպտեմբերի 20-ին Ավստրիայի Կլագենֆուրտ Մյուզիքֆեռայնում Ֆիլհարմոնիկը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ներկայացել է Բրուքների 200-ամյակի միջոցառումների բացման համերգով: Հնչել են Բրուքների 9-րդ սիմֆոնիան և Դվորժակի թավջութակի կոնցերտը, որոնք կատարել է հռչակավոր գերմանացի ջութակահար Դանիել Մյուլլեր-Շոթը:
Սեպտեմբերի 22-ին Սլովակիայում՝ Բրատիսլավայի երաժշտական փառատոնում, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին նվիրված համերգով: Կհնչի Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը՝ սլովակ շեփորահար, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր, շեփորահար Ստանիսլավ Մասարիկի կատարմամբ: Կհնչեն նաև Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիան և Սերգեյ Ռախմանինովի Սիմֆոնիա թիվ 2-ը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
«Հայկական նվագախմբի համար շատ պատվաբեր է այն փաստը, որ ավստրիացիները մեր Ազգային ֆիլհարմոնիկին են վստահել իրենց երկրում նման կարևոր իրադարձության բացման համերգը: Ինչպես գիտենք, Մոցարտն ու Բրուքները Ավստրիայի մեծագույն ազգային արժեքներն են, և մենք մեծ պատասխանատվությամբ ենք պատրաստվում այդ համերգին: Բրատիսլավայի փառատոնին շատ հեղինակավոր նվագախմբեր են հրավիրված, որոնց կողքին ելույթ ունենալը պարտավորեցնող է և մեծ պատիվ», - նշել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: