Այսօր Հովհաննես Թումանյանի հիշատակի օրն է․ գրողը մահացել է 1923 թվականի մարտի 23-ին՝ 54 տարեկանում։ Օրվա կապակցությամբ ներկայացնենք հուշ գրականագետ Հովիկ Չարխչյանից․
Հովհաննես Թումանյանը ծանր հիվանդ է: Ընկերները, մտերիմները ամեն օր այցի են գնում նրան, հետաքրքրվում հիվանդի որպիսությամբ: Եվ ահա տան դուռը նորից են թակում: Թումանյանի կինը՝ տիկին Օլգան, գնում է դուռը բացելու: Շեմին կանգնած է Եղիշե Չարենցը: Բարևում է, հարցնում է, թե ինչպե՞ս է իրեն զգում Թումանյանը: Տիկին Օլգան նրան ներս է հրավիրում:
- Չէ, այս տեսքով ներս չեմ գա, անհարմար է,- մերժում է Չարենցը:
Մի փոքր գինով է, ամաչում է այդպես ներկայանալ մեծ բանաստեղծին: Խնդրում է Թումանյանին փոխանցել իր հարգանքները, առողջություն է մաղթում ու հրաժեշտ տալով հեռանում է՝ կեպին թեք դրած, մոլոր ու օրորուն քայլերով:
Կրտսերը եկել էր Ավագի մոտ: Գիտեր, որ չէր տեսնելու նրան, բայց եկել էր: Գիտեր, որ չէր կարելի հարբած տեսքով կանգնել մեծության առաջ, բայց եկել էր, որովհետև մինչև նրա դուռը կարող էր գալ: Եկել էր իր ակնածանքը հավաստելու նրան, ով «անհաս Արարատն էր մեր նոր քերթության»: