«Դերասանությունը մի զարմանահրաշ, աստվածային մասնագիտություն է: Դերասանը միակ գանձն է հասարակության մեջ, որ մի օր զորավար է, մի օր թագավոր է, մի օր ստրուկ է, մի օր՝ սիրահար, մյուս օրը դավաճան է, մի օր հերոս է». Սոս Սարգսյան
Հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը ծնվել է 1929թ. Ստեփանավան քաղաքում: 1948թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասան: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Ինստիտուտն ավարտելուց հետո գրեթե չորս տասնամյակ` 1954-1991թթ., աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: 1991թ. հիմնադրել է «Համազգային» թատրոնը:
1991 թվականին նա Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից առաջադրվել է որպես նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի թեկնածու այդ տարի կայացած ՀՀ նախագահական ընտրություններին։ 1997-2006 թվականներին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտոտի ռեկտորն էր, 2006 թվականից՝ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թվականին ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։
Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի դերերը։
Մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին թոքերի բորբոքումից: