Սերգեյ Եսենին
Դու ինձ չես սիրում, չես խղճում
Դու ինձ չե՞ս սիրում, չե՞ս խղճում, ասա
Մի՞թե սիրուն չեմ այդքան, սիրելիս,
Դողում ես կրքից դեմքս չտեսած,
Ձեռքերդ դնում հոգնած ուսերիս:
Քեզ հետ կոպիտ չեմ, և կամ էլ քնքույշ,
Դու դեռ ջահել ես, նրբին քո դնչով,
Քանի՞ շուրթեր ես, ասա ինձ, հիշում,
Քանիսի՞ն ես դու գերել տաք շնչով:
Ես գիտեմ, նրանք ստվերների պես
Անցան, չդիպան հոգուդ կրակին,
Շատերին ես դու անցյալում գրկել,
Ինչպես նստել ես հիմա իմ ծնկին:
Ոչինչ, որ փակ են աչքերդ սիրուն,
Որ ուրիշին ես հիշել դու կրկին,
Ես էլ, ճիշտն ասած, քեզ շատ չեմ սիրում,
Ես էլ եմ հիշել հեռավոր մեկին:
Այս սիրախաղը բախտ մի համարիր,
Կրքի հանգույցը խախուտ է այնքան,
Ինչպես որ հանկարծ քեզ հանդիպեցի,
Հեռանալիս էլ հանգիստ կժպտամ:
Ու գորշ օրերիդ փոշիների մեջ
Դու էլ կքայլես քո ճանապարհով,
Չդիպչես նրանց, որ անմեղ են դեռ,
Չխաբես նրանց կրքերիդ խաղով:
Ու օրից մի օր հեռու նրբանցքում
Երբ սեր կբացես անծանոթ մեկին,
Գուցե ես կանցնեմ անտարբեր քայլքով
Ու կհանդիպենք մենք իրար կրկին:
Եվ երբ թևանցուկ անցնեք իմ կողքով,
Կհակես ներքև գլուխդ մի քիչ
Ու կամաց կասես. «Բարի երեկո»,
Կպատասխանեմ՝ «Բարև ձեզ, տիկին»:
Ոչինչ այլևս չի հուզի հոգիս
Ու չի հրդեհի կրակով անցած,
Որ այրվեց արդեն, չի այրվի կրկին,
Չի սիրի նորից, ում սերը անցավ:
*****
Կյանքը խաբկանք է՝ թախիծով գերող,
Եվ ուժեղ է նա, ուժեղ է այնքան,
Քանի որ իր բիրտ, կոպիտ ձեռքերով
Գրեր է գրում նա օրհասական:
Ու միշտ, աչքերս եմ երբ փակում մի պահ,
Ասում եմ. «Միայն իմ սիրտը հուզիր,
Կյանքը խաբկանք է, բայց նա էլ հաճախ
Խնդությունով է զուգում սուտը սին:
Դեմքով՝ ալեհեր երկնքին դարձիր
Ու երբ լուսնյակով բախտդ գուշակես,
Խաղաղվիր, ո՛վ մարդ, ու մի՛ պահանջիր
Ճշմարտությունն այն, որը պետք չէ քեզ»:
Լավ է թխենու ճերմակ բուքի մեջ
Խորհել, որ կյանքն է լոկ մի արահետ,
Թե խաբեն թեթև աղջիկները քեզ,
Բարեկամներդ թող խաբեն քեզ հեշտ:
Թող հոգիս շոյող մեղմ խոսքը հնչի,
Թող որ չար լեզուն խոցի սիրտն իմ խոր,
Վաղուց պատրաստ եմ ես ամեն ինչի,
Ես ամեն ինչի վաղուց եմ սովոր:
Մրսում է հոգիս այս բարձունքներում,
Ջերմություն չունի աստղի հուրը ջինջ,
Ում սիրել եմ ես ՝ դարձել են հեռու,
Ումով ապրել եմ՝ մոռացել են ինձ:
Այդպես հալածված, մերժված, բայց էլի
Ես ժպիտով եմ դիտում այգը ջինջ,
Այս հողի վրա՝ մոտ ու սիրելի,
Շնորհակալ եմ ես ամեն ինչից:
1925
թարգմ. Վ. Դավթյան
*****
Դու ինձ մի՛ տանջիր
Դու ինձ մի՛ տանջիր իզուր սառնությամբ
Եվ մի՛ հարցնի իմ տարիքն, անգի՛ն,
Բռնված ծանր ցավագարությամբ,
Ես նմանվում եմ դեղին կմախքի:
Կար ժամանակ, երբ մեր խրճիթում
Ես տենչում էի՝ մանկան պես գերված,
Թե փառք կունենամ և հարստություն,
Բոլորի կողմից կլինեմ սիրված:
Օ՛, հարու՜ստ եմ ես, չափի՜ց շատ հարուստ...
Մի ցիլինդր կար ա՛յն էլ ծախեցի,
Մնաց կրծքակալն այս անցյալ դարու
Եվ կոշիկներն այս,որ շուտ մաշվեցին:
Փառքս էլ-փա՛ռք աստծո-չի՛ լքել դեռ ինձ,
Մոսկվայից մինչև Փարիզն անհանգիստ,
Սարսափում են իմ հայտնի անունից՝
Ինչպես փողոցի թունդ հայհոյանքից:
Իսկ սե՜րը,մի՞թե ծիծաղելի չէ ,
Թիթեղի՜ց են քո շուրթերը կարծես,
Գիտեմ,քո սերը դեռ չի՜ կանաչել,
Իսկ իմը ՝ լխկած միրգ լինի ասես...
Գիտե՛մ, ինձ համար վաղ է վշտանալ,
Իսկ վշտանամ էլ անեծք չեմ կարդում,
Շիրիմին աճած ծաղկունքը կանաչ
Քո աչքերից էլ գերող են կյանքում:
Երանի նորի՜ց դառնամ գյուղը մեր,
Եվ մեր արտերի խշշոցում կանաչ
Սուզվեմ հավիտյան անհայտության մեջ
Եվ տենչամ՝ ինչպես մանուկ ժամանակ:
Բայց տենչամ նորի՛,անհայտի՛ մասին,
Ինչ անհնա՜ր է այս կյանքում անել,
Ինչ-որ մի խոսքով սիրտը չի ասի,
Եվ դեռ չի՜ կարող մարդը անվանել:
*****
Նամակ Կնոջը
Հիշում եք,
Անշուշտ,ողջն հիշում եք դուք,
Ես կանգնած էի
Լուռ,հենված պատին
Հուզմունքից
քայլում
Եվ ինչ-որ շատ թունդ
Խոսքեր էիք դուք
Նետում ճակատիս:
Դուք ասում էիք՝
Պետք է բաժանվել.
Որ տանջել է ձեզ
Իմ կյանքը անսանձ,
Որ դուք ուզում եք
Արդեն գործ անել,
Մինչդեռ պետք է ես
Գլորվեմ դեռ ցած:
Սիրելիս,
Դուք ինձ չեք սիրել բնավ,
Դուք չգիտեք ,որ ես այս կյանքում,
Նման եմ եղել ձիուն քրտնած,
Որին հեծյալը քշել է անքուն:
Դուք չգիտեիք,
Որ սև ծխի մեջ,
Կենսական հողմի այս պտտանում,
Նրա համար եմ տանջվում ես անվերջ,
Որ չգիտեմ,թե բախտն ուր է տանում:
Դեմքը դեմքի դեմ՝
Չես տեսնի սակայն,
Հեռվից է միշտ էլ մեծը երևում,
Դժվար է այնպես ու օրհասական
Վիճակը նավի,երբ ծովն է եռում:
Երկիրը-նավ է...
Ու մեկը հանկարծ
Նոր ու փառավոր մի կյանքի համար
Մեր երկրի նավը դեպի փոթորկված
Ծովի տարերքը տարավ վեհաբար:
Բայց նավի վրա մեզանից այդ ո ՞վ
Վատ չի զգացել սրտախառնուքից:
Քչերը եղան,որ փորձված հոգով,
Չտատանվեցին հողմից ու բուքից:
Ու ես էլ այնժամ,
Երբ խոլ ու աղմուկ էր,
Իմ գործին այնպես գիտակ ու հմուտ,
Որ էլ չտեսնեմ սրտախառնուքը,
Իջա այդ նավի ներքնահարկը մութ:
Իսկ դա ռուսական
Պանդոկն էր խավար,
Ու ես գավաթին թեքվեցի անքուն,
Որ չտառապեմ ոչ ոքի համար:
Խորտակվեմ հարբած
Այդ զառանցանքում:
Սիրելիս,
Ես ձեզ տանջել եմ անվերջ,
Թախիծ կար ձեր լուրթ,
Հոգնած աչքերում,
Որ պանդոկային կռիվների մեջ
Ես իմ կյանքն էի
Անփույթ սպառում:
Բայց չգիտեինք,
Որ սև ծխի մեջ,
Կենսական հողմի այդ պտտանում,
Նրա համար եմ
Տանջվում ես անվերջ,
Որ չգիտեմ ,թե բախտն ուր է տանում:
Տարիք են անցել:
Հասակս այն չէ:
Այլ կերպ եմ հիմա զգում ու խորհում:
Ու միշտ տոնական գավաթի առջև
Ես ղեկավարի փառքը ներբողում:
Պատել է այսօր
Ինձ մի նուրբ հուզում,
Հիշել եմ հոգնած տխրությունը ձեր
Եվ հաղորդել եմ
Հիմա ձեզ ուզում,
Թե ինչ էի ես
Ու ինչ եմ դարձել:
Եվ հաճելի է ,
Ինձ համար այնքան
Հայտնել ձեզ,որ ես փրկվեցի վիհից
Եվ հիմա երկրում մեր սովետական
«դարձել եմ մոլի ու թունդ ուղեկից»:
Ես այն չեմ հիմա,
Ինչ էի առաջ,
Ձեզ առաջվա պես
Չէի տանջի էլ...
Ես ազատության
Դրոշը առած,
Պատրաստ եմ մինչև
Լամանշը քայլել:
Ներեցեք,
Գիտեմ,հինը չեք էլ դուք,
Ամուսին ունեք լուրջ,մեծապատիվ,
Ձեզ պետք չէ բնավ
Խոնջանքն իմ հոգու,
Ինքս էլ ձեզ պետք չեմ
Եվ ոչ մի կաթիլ:
Ապրեք
Աստղի տակ ձեր այդ լուսաշող,
Թող բախտը կանգնի միշտ ձեր տան սեմին:
Ջերմ ողջույններով,
Ձեզ հավետ հիշող
Բարեկամը ձեր՝
Սերգեյ Եսենին...
*****
Ահա նա՝ հիմար երջանկությունը,
Որ այգուն նայող մի ճերմակ տուն է:
Մեղմ վերջալույսը լճակում հիմա
Լողում է կարմիր կարապի նման:
Ողջու՜ն քեզ,ողջու՜յն,լռություն ոսկե՝
Ջրի մեջ ընկած ստվերը կեչու:
Աստղին է ուղղում աղոթքի խոսքեր
Տանիքին թռած ագռավների չուն:
Ինչ-որ տեղ հեռվում,այգու հետևում,
Ուր արդեն ծաղկած փռնչենի կա ,
Նուրբ երգն է հիմա անվստահ թևում
Սպիտակ հագած նրբին աղջկա:
Վիթխարի կապույտ սքեմի նման
Գիշերվա ցուրտն է փռվում արտերին...
Օ՜,երջանկություն հիմար ու հիմար,
Օ՜, թարմ վարդագույն անբիծ արտերի...