1883 թվականի սեպտեմբերի 19-ին Ռուսական կայսրության Դաղստանի Ղզլար քաղաքում է ծնվել հայ երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ Ռոմանոս Մելիքյանը:
Ռոմանոս Մելիքյանի երաժշտական ուսումնարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն իր հուշերում գրել է.
«Ես Ռոմանոսին առաջին անգամ տեսել եմ 1904 թվին, գարնանը, Նոր Նախիջևան քաղաքում։ Առաջին հայացքից նա գրավեց ինձ. հրաշալի խոսակից էր՝ սրամիտ, հմայիչ իր ձայնով, իր բանաստեղծական շարժուձևով։ Հազիվ 20-21 տարին անցած լիներ։ Բարձրահասակ, գեղեցիկ, ճոխ մազերով։ Ամեն օր հանդիպում էինք իրար նախիջևանցիների հռչակավոր «Ասֆալտի» վրա կամ պարտիզում։ Հետը ման էր ածում մի լավ կրթված խելացուն… Հետագայում ես չէի կարողանում պատկերացնել Ռոմանոսին առանց իր սիրելի շանը։ Մեծ հաճույք էր պատճառում նա ինձ, երբ ոգևորված խոսում էր իր ծրագրերի մասին-ուզում էր Կովկաս գնալ, շրջել հայկական գյուղերը, հավաքել մեր ժողովրդական երգերը, ուսումնասիրել, մշակել… և զարկ տալ հայկական ազգային երաժշտական արվեստի ամրացմանն ու զարգացմանը, որ նոր էր սկսված հանճարեղ Կոմիտասի շնորհիվ…»:
Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում։ 1900 թվականին ստանձնել է Նոր Նախիջևանի Սուրբ Գևորգ եկեղեցու երգչախմբի ղեկավարի պաշտոնը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Դոնի Ռոստովի երաժշտական ուսումնարան։ Ուսումնառության տարիներին հայկական ժողովրդական երգեր և շարականներ է մշակել երգչախմբի համար։ 1902 թվականին ավարտել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցը, որտեղ նրա երաժշտության առաջին ուսուցիչը Գևորգ Չորեքչյանն էր (1945–1954 թվականներին՝ Գևորգ Զ Ամենայն հայոց կաթողիկոս)։ 1905 թվականին մեկնել է Մոսկվա և մեկ տարի մասնավոր դասեր ստանալուց հետո, ընդունվել ժողովրդական կոնսերվատորիա՝ Բ. Յավորսկայի դասարան։ Մոսկվայում ղեկավարել է Լազարյան ճեմարանի երգչախումբը, որի համար մշակել է մի շարք ժողովրդական երգեր՝ «Վարդ կոշիկս», «Արազը հեշտացել է», «Գնաց գարուն» և այլն։ Առողջական խնդիրները և նյութական ծանր վիճակը նրան ստիպել են անավարտ թողնել ուսումը և վերադառնալ Նոր Նախիջևան, ապա՝ Թիֆլիս։ Աշխատել է Հովնանյան դպրոցում՝ որպես երաժշտության ուսուցիչ։ 1908 թվականին իր շուրջն է համախմբել դպրոցների հետ կապված երիտասարդ երաժիշտներին և ստեղծել «Երաժշտական լիգա» ընկերությունը։ 1912 թվականին, նրա աջակցությամբ, Ազատ Մանուկյանը հրատարակել է «Փնջիկ» մանկական երգերի ժողովածուն և հրատարակել է «Երաժշտական այբբենարանի» առաջին մասը։ Ուսանողության համար գրել է «Աշուն» և «Վարդը» երգ-ռոմանսները, «Ուռենի» զուգերգը և այլն։
1910-1914 թվականներին սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում։ Գրել է ռոմանսներ, որոնց թվում՝ «Աշնան տողեր» շարը, «Բալլադը», «Մուրիկի վիշտը» երգերը, մշակել է վեց հայկական ժողովրդական երգ։ 1920 թվականին Թիֆլիսում կայացել է նրա հեղինակային անդրանիկ համերգը։ 1921 թվականին Հայաստանի կառավարությունը նրան հրավիրել է Երևան` հիմնելու երաժշտական ստուդիա, որն էլ 1923 թվականին դարձել է կոնսերվատորիա։ 1924 թվականին Ստեփանակերտում հիմնել է երաժշտական ուսումնարան, ապա՝ մեկնել է Թիֆլիս, որտեղ երկու տարի գլխավորել է «Հայարտան» երաժշտական սեկցիայի և երաժշտական ստուդիայի աշխատանքները, որից հետո՝ կրկին վերադարձել Երևան, ուր բարեկամական հարաբերություններ են ստեղծվել նրա և Ալեքսանդր Սպենդիարյանի միջև։ Մասնակցել է Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրության աշխատանքներին և Երևանի օպերային թատրոնի հիմնադրմանը։ Առաջ է քաշել Կոմիտասի երաժշտական ժառանգությունը Հայաստանում կենտրոնացնելու գաղափարը։ 1928 թվականին հղկել ու հրատարակության է հանձնել «Զմրուխտի» երգաշարը, ավարտել է «Զառ-վառ» երգաշարը, հրատարակել երկու ժողովածու՝ «Մանկական երգեր» և «Պիոներական երգերը» և այլն։ Նրա անունն է կրում Երևանի երաժշտական ուսումնարաններից մեկը։ Մահացել է 1935 թ․ մարտի 30-ին՝ Թիֆլիսում։ Հուղարկավորված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։