Logo

Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակն է

11:47 / 22.01.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Այսօր հայ երաժշտական արվեստի մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։ Նրա անունը դարձել է հայկական մշակույթի խորհրդանիշներից մեկը՝ միաձուլելով հայկական մեղեդին եվրոպական ու ռուսական ելևէջների հետ, ստեղծելով երաժշտություն, որը տարիների ընթացքում չի հնանում և շարունակում է հուզել տարբեր սերունդների։

Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 21-ին Երևանում (սակայն հայրը նրա ծննդյան վկայականում դարձրել է հունվարի 22: Քանի որ հունվարի 21-ը հայտարարվել է ամենամյա սգո օր՝ Վլադիմիր Լենինի մահից հետո)։ Դեռ մանկությունից նրա երաժշտական բացառիկ ունակությունները նկատելի էին։ Երեք տարեկանում սկսել է նվագել իրենց տան հին ֆիսհարմոնիան: Վեցամյա Առնոյին նկատել է Արամ Խաչատրյանը, երբ այցելել է երեխայի մանկապարտեզ: Լսելով տղային` Խաչատրյանն հասկացել է, որ նա ընտրյալ է։ Այս հանդիպումն էլ ճակատագրական է եղել ապագա երաժշտի համար:

Երաժշտական կրթությունը սկսել է հայրենի քաղաքում, իսկ հետագայում շարունակել է Մոսկվայում՝ ձեռք բերելով մասնագիտական մեծ փորձ ու լայն ստեղծագործական աշխարհայացք։ Այդ ճանապարհը մեծ ազդեցություն է ունեցել նրա ձեռագրի վրա։

Բաբաջանյանի ստեղծագործական ժառանգությունը ընդգրկում է բազմազան ժանրեր՝ դաշնամուրային և կամերային գործերից մինչև սիմֆոնիկ ստեղծագործություններ, ինչպես նաև երգեր, ռոմանսներ, երաժշտություն կինոյի և բեմադրությունների համար։ Երգը ստեղծելիս Բաբաջանյանը միշտ նախապես գիտեր, թե ով է այն կատարելու։ Նա բացառիկ նրբությամբ զգում էր յուրաքանչյուր մենակատարի վոկալային առանձնահատկությունները:

Թեև Բաբաջանյանը կյանքից հեռացել է 1983 թվականին, նրա արվեստը շարունակում է ապրել՝ հնչելով համերգասրահներում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, ինչպես նաև նոր սերնդի կատարողների մեկնաբանությամբ։

fastnews-ads-banner