Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 23-ին, Կոստանդնուպոլսում:
Սովորել է Վիեննայի Մխիթարյան դպրոցի՝ Կոստանդնուպոլսի մասնաճյուղում, Saint Michel ֆրանսիական քոլեջում, Ստամբուլի կոնսերվատորիայում և այլ բարձրաստիճան ուսումնական հաստատություններում:
1946-1960 թվականներին (1951-1954 ընդմիջմամբ) եղել է Ստամբուլի պետական երգչախմբի գլխավոր դիրիժորի տեղակալ, միաժամանակ 1958-1961 թվականներին՝ Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավար:
1961 թվականից ապրում է Հայաստանում, այդ թվականից ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորն էր։ Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մեծ վարպետությամբ կատարել է դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական երգեր, օպերաներից հատվածներ։ Ղեկավարել է նաև սիմֆոնիկ համերգներ, ելույթ է ունեցել ԽՍՀՄ խոշորագույն նվագախմբերի հետ։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։ Հեղինակել է երաժշտական ստեղծագործություններ՝ «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմներ։

Հավելենք, որ դեկտեմբերի 23-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ հանդես կգան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը եւ Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնի նվագախումբը:


