Հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ունի բազմաթիվ ինքնադիմանկարներ։ Նրան նկարել են նաև այլ նկարիչներ, սակայն 1892 թվականին ստեղծված այս դիմանկարն առանձնանում է իր ինքնատիպությամբ։
Այվազովսկին այս նկարում իրեն պատկերել է իր տանը։ Եթե ուշադիր նայենք, ապա հետևում իր հայտնի «Փոթորիկ գիշերը` ծովում» կտավն է։ Այվազովսկին չթաքցնելով ծովի հանդեպ իր մեծ սերը, նույնիսկ իր ինքնադիմանկարը փորձել է հագեցնել, լրացնել ու աբողջացնել ծովով։ Պահարանին դրված է նկարչի երիտասարդ տարիների լուսանկարներից մեկը։ Շուրջն ամեն ինչ կոկիկ է, մաքուր ու գեղեցիկ։ Այս ֆոնին միանգամայն ներդաշնակորեն տեղավորված է նկարչի ամբողջական պատկերը։ Նրա նրբորեն թաքնված ժպիտը, հեռուն նայող արտահայտիչ աչքերը բացահայտում են Այվազովսկու բարեհոգի, մեղմ, հանդարտ, բայց ինքնավստահ ու կայացած մարդու կերպարը։

Այս շքահանդեսային ինքնադիմանկարում Այվազովսկին 75 տարեկան է: Ծովանկարիչն իրեն պատկերել է ծովակալի համազգեստով, որին ամրացված է Ռուսական կայսրության ու արտասահմանյան պետությունների շքանշանների լիակատար հավաքածուն։

Այվազովսկին ռուսական միջավայում եղած նկարիչներից առաջինն է, ով արժանացել է Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի ասպետի կոչման և պարգևատրվել է Պատվո Լեգեոնի շքանշանով: Այվազովսկու կուրծքը զարդարում են. Սուրբ Աննայի III աստիճանի շքանշանը, Փրկիչի IV աստիճանի շքանշանը, Ֆրիդրիխի Վյուրտեմբերգյան թագավորության Կոմանդորի խաչ շքանշանը, Սուրբ Ստանիսլավի I աստիճանի, Սուրբ Աննայի I աստիճանի, Սուրբ Վլադիմիրի II աստիճանի շքանշանները, Սպիտակ Արծիվի շքանշանը, Օսմանյան կայսրության Մեջիդիյե II աստիճանի և I աստիճանի շքանշանների աստղերը:
1894-1896 թթ. համիդյան կոտորածներից հետո, երբ զանգվածաբար սպանվեցին 300 հազար հայեր, Այվազովսկին իր ստացած բոլոր թուրքական պարգևները ծովը նետեց, իսկ դրանց տարբերանշաններն ու ժապավենները վերադարձրեց թուրք սուլթանին։

