Սեպտեմբերի 23-ին Ավո Խալաթյանը դարձել է 43 տարեկան: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանը տարեդարձը նշել է սեպտեմբերի 24-ին՝ անհատական ցուցահանդեսով: Այն ուներ «Ավո Խալաթյանի թատրոնը» խորագիրը: Տոնական օրը Ավոյի հետ նշել և ցուցահանդեսին ներկա են եղել ընտանիքի անդամներն ու ընկերները՝ Սիրուշոն և Լեւոն Քոչարյանը, Արմեն Ամիրյանը, Լուսինե Թովմասյանն ու ամուսինը, Ալլա Լեւոնյանը, Արտակ Վարդանյանը և ուրիշներ:
Ցուցահանդեսում Խալաթյանները ներկայացրել են 3 սերնդի աշխատանք՝ Հենրիկի, Ավոյի և Էլիզաբեթի: Ավոն իր աշխատանքներն ամբողջությամբ չի ներկայացրել: Ցուցահանդեսում առկա էին միայն վերջին 5 տարվա գործերի մի մասը: Մյուս մասն այժմ ԱՄՆ-ում է: «Վերջին շրջանում նկարում եմ իմ ներքին կռիվները, բողոքները, այն ամենը, ինչը դերերի միջոցով չեմ կարողանում արտահայտել: Այդ պատճառով նկարներս տարբեր են ու բազմազան: Գործածում եմ շատ գույներ: Ունեմ ծաղիկների շարք, որը նվիրել եմ մեր տան և աշխարհի բոլոր կանանց ու աղջիկներին», - նշել է Ավոն:
Նունե Եսայանի խոսքով՝ ամուսինը երկար ժամանակ չէր համաձայնում ցուցահանդես կազմակերպել: Իրենք էլ տարեդարձին նվեր արեցին ու կազմակերպեցին: «Նունեն երբեք չի փորձել նկարել: Փոխարենը մեր աղջիկը՝ Էլիզաբեթը, հրաշալի է ստեղծագործում», - անկեղծացել է դերասան-երգիչը:
«Ավո Խալաթյանի թատրոնը» ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 5-ը՝ «Form & Seasons» պատկերասրահում: Ցանկացողները կարող են այցելել երկուշաբթիից կիրակի՝ 12-ից մինչ 21-ը։
Լուսանկարները՝ «Form & Sasons»-ի ինստագրամի