Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 7-րդ հարկում է գտնվում թատրոնի գլխավոր նկարիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ավետիս Բարսեղյանի կամ, ինչպես գործընկերներն են դիմում, Վիտյայի աշխատասենյակը: Ավելի քան 50 տարի է՝ ամեն օր առավոտյան ժամը 8:30-ին Ավետիսը բացում է արտադրամասի դռներն ու իր փոքր աշխատակազմի հետ ստեղծում հերթական ներկայացման դեկորներն ու կոստյումները: Այնպես է ստացվել, որ արվեստանոցը գտնվում է «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմի վերևի հարկում: Բեմանկարիչը կատակում է, որ արդեն մի քանի տասնամյակ է՝ աշխատանքին զուգահեռ բաց չի թողնում Ֆիլհարմոնիկի որևէ փորձ: VNews Culture-ի հետ զրույցում Ավետիս Բարսեղյանը պատմել է դեկորների ստեղծման, Մինաս Ավետիսյանի ազդեցության, Յուրի Գրիգարովիչի հետ աշխատանքի մասին:
Շատ շնորհակալ եմ հարցազրույցի առաջարկը չմերժելու և մեզ Ձեր արվեստանոցում ընդունելու համար: «Վիքիպեդիայում» Ձեր կենսագրությունն էի կարդում, ու պարզվեց, որ Ձեր ամբողջ ստեղծագործական գործունեությունը սկսվել ու շարունակվում է Օպերայի թատրոնում:
-Նման բա՞ն էլ կա, կուղարկե՞ք ես էլ կարդամ (նկատի ունի «Վիքիպեդիայում» իր ինքնակենսագրականը-Հեղ․): 1980 թվականին ընդունվել եմ թատրոն՝ հենց այս արտադրամասում որպես վարիչ: Այդ ժամանակ Սարգիս Առուչանյանն էր թատրոնի գլխավոր նկարիչը, և հինգ-վեց տարի հետո դարձա թատրոնի գլխավոր նկարիչ: Ու այդպես շարունակվեց մինչ այսօր:

Իսկ ինչո՞ւ որոշեցիք գալ օպերային թատրոն:
-Պատմությունը մի փոքր երկար է, կուզե՞ք ամբողջը լսել, որ պատմեմ:
Իհարկե:
-1974 թվականն էր․ չորրորդ կուրսի ուսանող էի Գեղարվեստի ինստիտուտում: Իմ կուրսեցիներից նկարիչներ, քանդակագործներ արդեն աշխատում էին օպերային թատրոնում: Մի օր ինձ ասացին, որ Մինաս Ավետիսյանը «Գայանե» բալետն է նկարում թատրոնում: Մտածեցի՝ «ինչ հետաքրքիր է»: Ես Մինասի արվեստը շատ էի հավանում: Շատ թատերական էր նրա նկարչությունը: Ինձ շատ էր դուր գալիս Մինասի ոճը․ շատ ժամանակակից էր: Ասացի՝ «Կարո՞ղ եմ գալ թատրոն, նայել, թե ինչպես է Մինասը ստեղծագործում»: Համաձայնեցին: Եկա, բարձրացա հենց այս արտադրամասի այս վերևի պատշգամբն ու սկսեցի հետևել աշխատանքին: Մինասը թերթեր էր բերել հետը, «պլիտայի» վրա դույլով սոսինձ էին եփում: Այդ ժամանակ «էմուլսյա» ասվածը չկար: Հետո սոսնձով այդ թղթերը կպցնում էր: Դույլերով ներկեր էր շփում: Ինձ շատ հետաքրքրեց այդ ոճը, աշխատելու այդ ձևը: Հետո, երբ ինստիտուտն ավարտեցի, հասկացա, որ ես էլ եմ ուզում նույնն անել, ինչ Մինասը:

Իսկ Դուք այդ ընթացքում Մինասի հետ հասցրեցի՞ք շփվել, խոսել:
-Չէ, ցավոք, չհասցրի: Հետագայում իր որդիների հետ եմ շփվել: Նարեկի, Արմանի հետ մենք շատ մտերիմ ընկերներ ենք դարձել: Մինասի թանգարանի բացման կապակցությամբ ես ահագին օգնել եմ: Մենք «Գայանե» բալետի փոքր տարբերակը ստեղծեցինք՝ սարերով տեսարանը, որ թանգարանում կախեն: Հին զգեստներից տվեցինք թանգարանին:

Իսկ Դուք «Գայանե»-ի պրեմիերային ներկա՞ էիք։
-Չէ, պրեմիերային ներկա չէի, բայց հետո էնքան եմ տեսել, որ լրիվ բավարար է (ծիծաղում է-Հեղ․): Կինս էլ է «Գայանե» պարել, նա բալետի պարուհի է: Մենք շատ երկրներ հյուրախաղերի ենք գնացել «Գայանե» բալետով: Մի քանի տարի առաջ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում «Գայանե»-ն էինք ներկայացնում: Փայլուն անցավ․ ծափահարություններ, ոգևորություն: Ինձ ասացին, որ նման հաջողություն շատ վաղուց որևէ ներկայացում չի ունեցել: «Գայանե»-ն շատ գեղեցիկ է, շատ գունեղ: Վիլեն Գալստյանը (բալետի արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերը, «Գայանե» բալետի բեմադրիչը) ինձ միշտ պատմում էր, որ Մինասն իրեն շատ է օգնել «Գայանե»-ի բեմադրության ժամանակ: Երբ Մինասն առաջարկում էր որևէ դեկոր, այդ դեկորային փոփոխությունները նոր մտքեր էին տալիս իրեն ներկայացման բեմադրության համար:
Դուք հավանո՞ւմ եք «Գայանե» բալետը:
-Բալետը գեղեցիկ է, երաժշտությունը՝ հանճարեղ: Լիբրետոն սովետական գյուղական թեմատիկան է, որն այսօր շատ բարդ է ներկայացնել ու նաև ընկալել: Կարծում եմ՝ այսօր այն գաղափարապես պետք է փոխվի: Մի քանի շաբաթ առաջ Երևանում ներկա էի Բորիս Էյֆմանի «Ռոդեն» ներկայացմանը: Ինձ համար շատ հետաքրքիր էր, թե Ռոդենն ինչ մտածելակերպով, ինչ մոտեցումով ու ինչ սցենոգրաֆիայով է ներկայացվելու: Դրանք շատ կապված են իրար հետ: Շատ ժամանակակից ներկայացում էր, ու զարմանում ես, թե բալետմայստերն ինչպե՞ս է հասել դրան: Ամբողջ ներկայացման ընթացքում հիացած նայում էի, մտածում էի՝ ինչպե՞ս է Ռոդենի «Մտածողին» ներկայացնելու: Մտքումս անընդհատ ասում էի՝ «Լավ, բա էդ քանդակը ո՞նց ա ներկայացնելու: «Համբույրը»՝ հասկացանք, «Կալե քաղաքի բնակիչներն» էլ, բա լավ «Մտածո՞ղը»: Ու վերջին տեսարանը, երբ ստեղծում է «Մտածող»-ը, ուղղակի հանճարեղ էր:

Կարծում եք՝ «Գայանե՞ն» էլ կարելի է նոր ոճով բեմադրել:
-Իհարկե, ուղղակի նման լայնամասշտաբ մտածող բեմադրողներ են պետք: Մենք շատ վաղուց նման բեմադրողներ չունենք: Վիլեն Գալստյանը հանճարեղ մարդ էր, ինքը շատ ուժեղ աչք ուներ: Նայում ու միանգամից տեսնում էր, թե ով կարող էր այդ դերը կատարել: Բայց ինքն իր ժամանակի մեջ էր հանճարեղ: Հիմա ժամանակները փոխվել են: Եթե դուք հետաքրքրվում եք բալետով, տեսնում եք, թե ինչեր են կատարվում աշխարհում, ինչ նորամուծություններ կան, ինչ նոր մտքեր են բերում Բորիս Էյֆմանը, Ալեքսեյ Ռատմանսկին:
«Գայանե»-ն համարվում է ազգային առաջին բալետը: Գուցե շատերը վախենում են նորամուծություններ կատարել արդեն հաստատված բալետում՝ մտածելով, որ իրենց չեն հասկանա կամ միգուցե քննադատություններից են վախենում:
-Գիտեք, վախենալու բան չկա: Բեմադրող, լուրջ մտածող մարդ է պետք, ու հաստատ հնարավոր կլինի ստանալ շատ յուրահատուկ ու նորովի ներկայացում:

Ո՞նց են ստեղծվում դեկորները: Մի փոքր կպատմե՞ք Ձեր աշխատանքի մասին, ի՞նչ հաջորդականությամբ է այն ընթանում:
-Նախ որոշվում է, թե ով է բեմադրելու ներկայացումը: Դա ամենակարևոր հարցն է: Յուրաքանչյուր բեմադրիչ ունի իր նախընտրած նկարիչը, ում հետ իրեն հարմար է աշխատել: Բեմադրիչի աշխարհայացքը պետք է համընկնի նկարչի ճաշակի հետ: Եթե չի համընկնում, խնդիրներ են առաջանում: Տարբեր ընկալումներ են լինում, ինչը կարող է վնասել ներկայացմանը: Բալետմայստերի և նկարչի միջև ստեղծագործական կապն ու ճաշակը պետք է լինի:
2009 թվականին Հայաստանում առաջին անգամ բեմադրվեց «Սպարտակ» բալետը լեգենդար Յուրի Գրիգարովիչի բեմադրությամբ:
-Այո, շատ մեծ իրադարձություն էր:
Ձեր մասնակցությունը եղե՞լ է բեմադրությանը:
-Իմ մասնակցությունը չի եղել, թատրոնից որևէ մեկի մասնակցությունը չի եղել «Սպարտակ»-ի բեմադրությանը: Բայց ես բախտ եմ ունեցել Յուրի Գրիգարովիչի հետ աշխատել: Մութ ու ցուրտ տարիներին, երբ թատրոնը չէր գործում, ինձ հրավիրեցին ՌԴ «Լյուդովիկոս 14-ի երիտասարդությունը» ներկայացման գլխավոր նկարիչ: Բեմադրիչն Իտալիայից էր: Դերասանները շատ հայտնի ռուս արտիստներ էին: 1995 թվականն էր, երբ գնացի Կրասնոդար: Ներկայացումն էինք կազմակերպում, երբ Յուրի Գրիգարովիչին հրավիրեցին Կրասնոդարի թատրոն՝ որպես գլխավոր բալետմայստեր: Ինքն այդ ժամանակ գործ չուներ, իրեն Մոսկվայի Մեծ թատրոնից ազատել էին: Թատրոնի բոլոր մեծ արտիստներն իր հետ դուրս էին եկել․ շատ մեծ սկանդալ էր: Ինձ հետո Գրիգարովիչը պատմել է, որ ինչ-որ շենքի նկուղում էին հավաքվում, փորձեր անում: Գրիգարովիչի հետ երկու տարի աշխատել ենք: Միասին «Կարապի լիճը» և «Ոսկե դար» ներկայացումները բեմադրեցինք: Հետո ես վերադարձա Երևան: Ես ինձ Կրասնոդարում լավ էի զգում, բայց Երևանում ծնողներ ունեի, հետո ուզում էինք, որ մեր երեխան ծնվեր ու ապրեր Երևանում:


Ի՞նչ հուշեր կան Գրիգարովիչի հետ աշխատանքից:
-Գրիգարովիչը համաշխարհային մակարդակի բալետմայստեր է: Երբ ինձ առաջարկեցին, որ «Ոսկե դար»-ի դեկորները ստեղծենք, մի քանի կոստյումներ պատրաստեցի: Թատրոնի աշխատողները շատ հին ոճով էին աշխատում, ես՝ «վիրսալաձեական» (Սիմոն Վիրսալաձեն հայտնի բեմանկարիչ է, Մեծ թատրոնի բազմաթիվ ներկայացումների գլխավոր բեմանկարիչն է - Հեղ․): Ինձ համար նորություն չէր այդ ոճով կոստյումներ պատրաստելը, ես բավական փորձ ունեի, քանի որ Երևանում այդ ոճով էի աշխատել տարիներ շարունակ: Ու մի անգամ Յուրի Գրիգարովիչը եկավ թատրոն, տեսավ կախած կոստյումներն ու ասաց․ «Դե ի՞նչ, կարողացա՞ք սրանց պես պատրաստել»: Իրեն թվացել էր՝ իմ պատրաստած կոստյումներն իր բերած նմուշներն են: Ու երբ նրան ասացին, որ այդ կոստյումներն ու դեկորները ես եմ պատրաստել, նախ զարմացավ, հետո ասաց, որ էլ հարցեր չունի․ «Это потрясающе. Мы будем работать вместе» («Սա հիասքանչ է, մենք կաշխատենք միասին»)։
Հե՞շտ էր Գրիգարովիչի հետ աշխատել:
-Այո, հեշտ էր: Այն առումով էր հեշտ, որ ինքը շատ պրոֆեսիոնալ էր, շատ բանիմաց: Մի հայացք էր գցում, արդեն գիտեր՝ կստացվի, թե ոչ:
Իսկ 2009-ին, երբ եկավ Երևան․․․
-2009-ին, որ եկավ, մենք նորից հանդիպեցինք՝ արդեն որպես լավ ծանոթներ: Դեկորները նա իր հետ էր բերել: «Սպարտակ»-ի դեկորները պատրաստել են Կրասնոդարում, այն նույն արտադրամասում, որտեղ ես աշխատել եմ 2 տարի: Իմ գործը «Սպարտակ»-ում շատ քիչ էր: Բայց դեկորների հետ կապված խնդիրներ կային՝ ներկելու և այլն, ու նա ինձ ասաց․ «Վիտյա, ես գիտեմ, որ դու կարող ես, օգնի՛ր այդ հարցերով»:

Դուք խոսեցիք 90-ականների մասին: Ճի՞շտ է, որ այդ տարիներին, երբ երկրում պատերազմ էր, էներգետիկ ճգնաժամ ու թատրոնը չէր գործում, բազմաթիվ ներկայացումների դեկորներ ցրտից ու խոնավությունից փչացել են:
-Այո, ցավոք, փչացել են: «Արա Գեղեցիկ» ներկայացման դեկորները, «Սպարտակ» ունեինք, որը Վիլեն Գալստյանն էր բեմադրել: «Դիմակահանդես», «Կոպելիա», «Շելկունչիկ»: Շատ լավ ներկայացումներ ունեինք, որոնց դեկորներն ամբողջությամբ փչացան: Մինաս Ավետիսյանի «Անտունի» բալետն ունեինք, որը, իմ կարծիքով, «Գայանե»-ից ավելի հզոր ներկայացում էր: Հիմա գաղափարներ կան այն կրկին վերաբեմադրելու: Բեմադրությունը Մաքսիմ Մարտիրոսյանինն է: Ներկայացման մեջ պարողները՝ Էլվիրա Մնացականյանը, Աննա Մարիկյանը կարող են իրենց փորձով կիսվել, խորհուրդներ տալ, օգնել: Մինասի որդին՝ Նարեկն էր եկել թատրոն: Բայց նման ներկայացում բեմադրելը մեծ ֆինանս է պահանջում: Եթե այս պահն օգտագործենք, հովանավորներ գտնենք, հզոր ներկայացում կստացվի:
Երբ Կրասնոդարից վերադարձաք Երևան, թատրոնը գործո՞ւմ էր:
-Չէ, դեռ չէր գործում: Երկիրը նոր-նոր ուշքի էր գալիս: Իմ լավ ընկեր Արամ Իսաբեկյանն առաջարկեց, որ Գեղարվեստի ակադեմիայում աշխատեմ: Համաձայնեցի: Մի օր ինձ զանգեց Վիլեն Գալստյանը, խնդրեց, որ միասին «Դոն Քիշոտ» բալետը անենք: Ես, իհարկե, համաձայնեցի: Չեք հավատա, բայց Շահումյանի անվան դպրոցի մարզասրահում ու միջանցքում ենք դեկորները պատրաստել:
Դրանք այն նույն դեկորնե՞րն են, որ այսօր ներկայացվում է:
-Այո, նույն դեկորներն են: Բոլոր դեկորները Շահումյանի անվան դպրոցի մարզասրահում ենք պատրաստել: Հիմա ինքս պատմում եմ, ու չեմ հավատում, որ կարողացանք նման բան անել:

«Դիմակահանդես»-ը Ձեր ներկայացումն է: Վստահ եմ՝ լսել եք, որ շատերն են հավանել ներկայացման դեկորներն ու գույները: Վիլեն Գալստյանն էլ իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ հպարտանում է այդ ներկայացմամբ:
-Անկեղծ ասած, ես ամբողջությամբ բավարարված չեմ իմ աշխատանքից: Ներկայացումը շատ լավն է, բայց դեկորների առումով կարող էինք ավելին: Միշտ առնչվում ես ֆինանսական խնդիրներին, որոնցից տուժում է ներկայացումը:
Ինչի՞ն եք առաջինն ուշադրություն դարձրել «Դիմակահանդես»-ում:
-Երբ սկսեցինք «Դիմակահանդես»-ի աշխատանքները, շատ լավ ուսումնասիրեցի գործը: Ինձ համար շատ կարևոր էր հասկանալ, թե որտեղ է այն տեղի ունեցել: Սանկտ Պետերբուրգում շատ հայտնի կառույց կա՝ Էնգելգարդտի տունը․ հենց այդ տան սրահներից մեկում էլ Ցարական Ռուսաստանում առաջին անգամ անցկացվել են պարահանդեսները, առաջին անգամ խաղատուն այդտեղ է գործել: Ես հենց այդ սրահի ինտերիերն եմ վերցրել: Հետո արդեն ուսումնասիրել եմ այդ ժամանակվա կոստյումները, ոճը, և ստեղծվել է ներկայացումը:

Որքա՞ն ժամանակ է հարկավոր ներկայացման դեկորները ստեղծելու համար:
-Շատ տարբեր է, բայց առնվազն 2 ամիս հարկավոր է: Իհարկե, կան ներկայացումներ, որ վեց ամիսն էլ է քիչ պատրաստվելու համար:
Իսկ կա՞ վիճակագրություն, թե որքան նյութ է հարկավոր մեկ ներկայացման դեկորները ստանալու համար:
-Դա էլ է անհատական, կախված է ներկայացումից, ծավալից: Մենք նախապես ենք հաշվարկում, որպեսզի վերջում փաստի առաջ չկանգնենք:
Ո՞ր ներկայացման ժամանակ է ամենաշատ նյութն օգտագործվել:
-«Աիդա» օպերայի ժամանակ: Շատ արագ ստացվեց ամեն ինչ, ու շատ լավ ստացվեց: Ֆինանս չի խնայվել այդ ներկայացման վրա: Երբ հովանավորը տեսավ օպերայի մակետը, ասաց, որ ոչ մի փոփոխություն չի լինելու: Օպերայի ռեժիսորն իտալացի էր: Նա հիացած էր մեր «երեք բեմ» հասկացությունից: Ինձ պատմեց, թե ի՞նչ է պատկերացնում: Ինձ մոտ շատ հեշտ ստացվեց աշխատանքը, քանի որ ժամանակը շատ էր, և կար ամբողջական ազատություն:
Ես ուսումնասիրեցի աշխարհում առկա բոլոր «Աիդա» ներկայացումները: Ինձ շատ դուր եկավ «Լա Սկալա» թատրոնում Ֆրանկո Դեֆիրելիի «Աիդան»: Բայց այդ ներկայացման մեջ մի դրվագ կար, որ իրենց մոտ չէր ստացվել: Ներկայացման մեջ կա մի պահ, երբ պետք է հայտնվես Աիդայի սենյակում, բայց իրենք այդ հնարավորությունը չունեին: Կտորից վարագույր էր իջնում, հետո վարագույրը գնում էր: Իսկ մեզ մոտ բեմը բացվում է, կողքի բեմում Աիդայի սենյակն է: Շատ շքեղ էր: Մյուս ակտում, երբ Ռադամեսի դատավճիռն է, էլի երեք բեմի առկայությունն ամբողջությամբ միջավայրը փոխում էր: Իհարկե, Դեֆիրելիի բեմադրության համար հսկայական ծախսեր են արվել, ինչի հնարավորությունը մեր երկիրը չուներ: Բայց մեր բեմադրությունը ոչ միայն չէր զիջում, այլև բեմի առումով մենք անգամ առավելություն ունեինք:

Ես ճի՞շտ եմ հասկանում, որ «Աիդան» Ձեր ամենասիրելի գործն է, որով Դուք հպարտանում եք:
-Այո՛, ճիշտ եք: Այդ գործն եմ սիրում և «Կարմեն» օպերան: Այդ երկու գործերով շատ եմ հպարտանում:
Օպերա՞, թե՞ բալետ, որտե՞ղ եք սիրում ավելի շատ աշխատել:
-Միևնույն է, ես սիրում եմ խելացի ու բանիմաց մարդկանց հետ աշխատել: Որ ես էլ իմ աշխատանքից հաճույք ստանամ: Պետք է ազատություն լինի ու նաև չխնայվի նյութ, ապրանք ներկայացման համար: Ես ամբողջությամբ ինքնաիրացվում եմ այս աշխատանքում: Երբ ներկայացում եմ պատրաստում, պատահում է, որ ամբողջ գիշեր չեմ քնում ու մտածում եմ, թե ինչպես դեկորները պատրաստեմ: Պատահում է, որ երկար ժամանակ չի ստացվում մտքերդ իրագործել, մեկ էլ հանկարծ ստացվում է․ դա մեծագույն երջանկություն է:

Կա՞ ներկայացում, որի դեկորները կցանկանայիք ստեղծել:
-Ներկայացում չկա, բայց շատ կցանկանայի աշխատել Բորիս Էյֆմանի հետ: Նա տաղանդ է, հանճար, խենթ ու ֆանտաստիկ մտքի թռիչք ունի: Ցավոք, նա ունի իր թիմը և միայն իր թիմի նկարիչների հետ է աշխատում:


Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Լուսանկարեց Ագնեսա Կիրակոսյանը
Կարող եք կարդալ նաև՝
Անդրանիկ Աբովյան․ Կգնամ խենթ քայլի ու հենց «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման ժամանակ առաջարկություն կանեմ
Սյուզի Փիրումյան․ Ներկայացումից հետո ասացի․ «Պապ, նայի՛ր, աֆիշայի վրա իմ անուն- ազգանունն է գրված»
Րաֆֆի Գալստյան․ Երազում էի դառնալ նախագահ, բայց դարձա բալետի արտիստ


