Փոքր տարիքում հասակակիցները նրան ծաղրում էին չափից շատ պրովոկացիոն և էքսցենտրիկ լինելու համար»։ Ժամանակը նրան չփոխեց: Նա մնաց նույն արտասովոր ու անսովոր աղջիկը, որը տարիներ անց գրավեց համաշխարհային բեմը: Այսօր հոլիվուդյան դերասանուհի, երգչուհի և մոդելավորող Լեդի Գագայի ծնունդն է: Նա դարձավ 38 տարեկան:
Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտան, նույն ինքը՝ Լեդի Գագան, ծնվել է Նյու Յորքում՝ կաթոլիկ ընտանիքում: Ծնողները ցածր եկամուտ ունեին, այդ պատճառով աշխատում էին առավոտյան ութից երեկոյան ութը՝ երեխաների որակյալ կրթությունն ապահովելու համար: Մանուկ հասակում Լեդի Գագան սովորել է Փերիս Հիլթոնի հետ նույն դպրոցում, որը շատ հեղինակավոր էր։ Նրա ընտանիքը հարուստ չէր, և նա ամեն ինչ անում էր իր կրթության գումարը վճարելու համար։
«Մայրս պատմում է՝ 3 տարեկան էի, գուցե նույնիսկ ավելի փոքր, կանգնում էի ոտքերիս մատների վրա և դժվարությամբ սեղմում դաշնամուրի ստեղները: Հետագայում դաշնամուրը դարձավ իմ սերը: Ես բնատուր երաժիշտ եմ»:
Գագան սկսել է դաշնամուր նվագել 4 տարեկանում, գրել է իր առաջին բալադը 13 տարեկանում և սկսել է ելույթ ունենալ մինչև 14 տարեկանը։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո նրա մայրը նրան համոզում է ընդունելության դիմում ներկայացնել Նյու Յորքի համալսարանի արվեստի դպրոցի երաժշտա-թատերական կոնսերվատորիայի բաժինը։ Գագան այն 20 դիմորդներից մեկն էր, որը ժամանկից շուտ ընդունվեց այդ համալսարան:

19 տարեկանում Գագան լքեց Նյու Յորքի համալսարանը և որոշեց կենտրոնանանալ երաժշտական կարիերայի վրա։ Հայրը պայման դրեց աղջկա առջև: Ասաց, որ կտա Գագային անհրաժեշտ գումար՝ երազանքները իրականացնելու համար, սակայն եթե 1 տարում որևէ արդյունքի չհասնի, պետք է վերադառնա և շարունակի ուսումը:
«Ես լքեցի իմ ընտանիքը և տեղափոխվեցի ամենաէժան բնակարանը», - տարիներ անց վերհիշել է Գագան: 2005 թվականին նա ընկերների հետ ձևավորեց Stefani Germanotta Band-ը (SGBand)։ Խումբը գրավեց երաժշտական պրոդյուսեր Ջո Վալփիսին, ում շնորհիվ Գագան և ընկերները ձայնագրեցին «Words» և «Red and Blue» ալբոմները։ Երաժշտական մրցույթներից մեկի ժամանակ Գագան գրավեց պրոդյուսեր Ռոբ Ֆուսարիի ուշադրությունը։ SGBAnd-ը կազմալուծվեց, իսկ Գագան սկսեց երգեր գրել Ֆուսարիի հետ։ Ըստ պրոդյուսերի՝ «Lady Gaga» բեմական անունը վերցրել են Queen խմբի «Radio Ga Ga» երգից։ «Ամեն օր Ստեֆը գալիս էր ստուդիա, իսկ ես բարևելու փոխարեն սկսում էի երգել «Radio Ga Ga»-ն։ Մի օր, երբ նա մտածում էր բեմական անվան մասին, ես նրան հաղորդագրություն ուղարկեցի. «Lady Gaga»: Նա պատասխանեց․ «Դա հենց այն է, ինչ պետք է։ Այսուհետև ինձ Ստեֆանի չասեք»»։

«Def Jam Recordings»-ում հավանում են Գագայի ոչ սովորական էլեկտրոփոփ երգերը և պայմանագիր ստորագրում նրա հետ, սակայն 3 ամիս անց խզում պայմանագիրը։ Գագան վերադառնում է ընտանիքի և սկսում ելույթ ունենալ ակումբներում։ Այս ժամանակաշրջանում նա փորձում էր ուշադրություն գրավել իր նեո-բուրլեսք շոուներով, գո-գո պարերով և կիսամերկ հանդերձանքով։ Բացի այդ Գագան սկսում է թմրադեղեր օգտագործել։ Այս ամենը զայրցնում է Գագայի հորը, ով մի քանի ամիս չի խոսում դստեր հետ։ Գագան հանդիպում է Լեդի Սթարլայթին, ով օգնում է ձևավորել նրա բեմական կերպարը։ Նրանք միասին սկսում են ելույթ ունենալ ակումբներում։ 2007 թվականին նրանց հրավիրում են ելույթ ունենալու «Lollapalooza Music Festival»-ին։
Գագան հանրաճանաչ է դառնում 2008 թվականին թողարկված իր առաջին՝ «The Fame» ալբոմի շնորհիվ, որը ունենում է կրիտիկական և կոմերցիոն մեծ հաջողություն։ Այն ներառում էր «Just Dance» և «Poker Face» հիթերը։ 2009 թվականի նոյեմբերին ալբոմը վերաթողարկվում է «The Fame Monster» անունով, որի մեջ էին «Bad Romance», «Alejandro» և «Telephone» հիթերը։ Դրան հաջորդած «The Monster Ball Tour» շրջագայությունը դարձավ բոլոր ժամանակների ամենաշահութաբեր համերգային շրջագայություններից։ Գագայի երկրորդ՝ «Born This Way» ալբոմը թողարկվեց 2011 թվականի մայիսին և գլխավորեց երաժշտական ամենամեծ կենտրոնների չարտերը։ Դրա ամենահաջողված սինգլներն էին «Born This Way», «Judas» և «The Edge of Glory» երգերը։

Գագան հայտնի է իր համարձակ և տարատեսակ ներդրումներով երաժշտական աշխարհում իր նորաձևության, ելույթների և երաժշտական հոլովակների միջոցով։ 2013 թվականի նոյեմբերի տվյալներով Գագան վաճառել է 24 միլիոնից ավել ալբոմ և 125 միլիոնից ավել սինգլ։ Իր նվաճումները ներառում են 13 Գրեմմի, 2 «Ոսկե գլոբուս» և 18 MTV Video Music Awards մրցանակներ։ «Billboard» ամսագիրը մի քանի անգամ Գագային կոչել է «տարվա արտիստ», VH1-ը նրան ներառել է «Երաժշտական աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց» ցուցակի 4-րդ հորիզոնականում։ 2010-2013 թվականներին «Forbes» ամսագիրը Գագային ներառել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանանց ցուցակում։ «Times»-ը Գագային անվանել է «փոփի թագուհի»:


