Քեթրին Զետա-Ջոնսն ու Մայքլ Դուգլասը միասին են 20 տարուց ավելի։ Աստղային զույգին՝ 79-ամյա Մայքլին և 54-ամյա Քեթրինին երեկ պապարացիները լուսանկարել են Սանտա Բարբարայում ճաշի գնալիս։
Մայքլ Դուգլասը և Քեթրին Զետա-Ջոնսն առաջին անգամ հանդիպել են Դովիլի կինոփառատոնում 1998 թվականին։ Դերասանուհին ներկայացնում էր իր առաջին հոլիվուդյան աշխատանքը՝ «Զորոյի դիմակը» ֆիլմը, որտեղ նա նկարահանվել էր Անտոնիո Բանդերասի հետ։ Դուգլասն առաջին իսկ րոպեից հիացավ աղջկա գեղեցկությունից, խնդրեց իր վաղեմի ընկեր Դենի ԴեՎիտոյին օգնել նրանց հանդիպելու: «Ինձ ասացին, որ Մայքլ Դուգլասը ցանկանում է հանդիպել ինձ: Ես մի փոքր նյարդայնանում էի, քանի որ ես այնքան էլ չէի հասկանում, թե ինչի մասին էր նա ուզում խոսել ինձ հետ», - 2001 թվականի իր հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է դերասանուհին։

Պատահական զրույցից հետո Մայքլը որոշել է անմիջապես ցույց տալ իր մտադրությունների լրջությունը. «30 րոպե շփվելուց հետո ես նայեցի նրան և ասացի. «Գիտեք, ես պատրաստվում եմ դառնալ ձեր երեխաների հայրը»: Այդ ժամանակ օսկարակիր դերասանն իր փառքի գագաթնակետում էր, սակայն Զետա-Ջոնսը նոր էր սկսում ճանապարհը մեծ կինոյում։

Տեղեկանալով Մայքլի նոր սիրավեպի մասին՝ լրատվամիջոցները շարունակ կանխատեսում էին զույգի արագ բաժանումը։ Բացի այդ, քննարկվում էր դերասանների տարիքային զգալի տարբերությունը։ Դուգլասը 25 տարով մեծ է իր սիրելիից՝ նա ծնվել է 1944 թվականին, իսկ Զետա-Ջոնսը ծնվել է 1969 թվականին։
Այնուամենայնիվ, Մայքլն անդրդվելի էր կյանքը Քեթրինի հետ կապելու իր որոշման մեջ։ Դերասանին չխանգարեց անգամ կնոջից երկարատև ամուսնալուծությունը, որն արժեցավ 45 միլիոն դոլար: Բացի պահանջված փոխհատուցումից, աստղի նախկին կինը շքեղ առանձնատներ ստացավ Բևերլի Հիլզում և Մալյորկայում: Այնուամենայնիվ, դա չանհանգստացրեց սիրահարված Դուգլասին։ «Լավ կլիներ՝ ամուսնալուծվեինք 10-ը տարի առաջ։ Այս ժամանակավոր հետաձգումը միակ բանն է, ինչի համար ափսոսում եմ»,- ասել է Դուգլասը:
Ի դեպ, շքեղ տոնակատարությունից առաջ զույգն ամուսնական պայմանագիր է կնքել։ Դուգլասը բառացիորեն կորցրել է գլուխը սիրուց և համաձայնել է բոլոր այն պայմաններին, որոնք առաջ էր քաշել խենթ թխահերը։ Ըստ ամուսնական պայմանագրի՝ դավաճանության դեպքում Մայքլը պարտավոր էր Զետա-Ջոնսին վճարել 2,8 միլիոն դոլար՝ նրանց համատեղ ապրած յուրաքանչյուր տարվա համար, ինչպես նաև հավելյալ 5 միլիոն դոլար։ «Ինչ ուզում է Քեթրինը, նա կստանա», - ասել էր դերասանը:
Կանխատեսում էին, որ զույգը միասին կապրի ոչ ավելի, քան մեկ տարի, այնինչ, նրանք ամուսնացած են ավելի քան 20 տարի և ունեն երկու երեխա։ Իհարկե, այս ընթացքում սիրահարները ստիպված են եղել բազմաթիվ փորձությունների միջով անցնել։
2013 թվականին նրանց ամուսնությունը խզվեց։ Դուգլասը ասաց, որ հոգնել է դեպրեսիայից և իր կնոջ մշտական զայրույթից: Այնուհետեւ զույգը բաժանվել է եւ ութ ամիս ապրել առանձին։ Այդ ժամանակ նրանք նույնիսկ հանել էին ամուսնական մատանիները։ Ճիշտ է՝ տարեվերջին հայտնիները հաղթահարեցին հարաբերությունների ճգնաժամը։ «Ես խենթանում եմ նրա համար: Կարծում եմ՝ յուրաքանչյուր զույգ դժվար ժամանակներ է ապրում։ Հարաբերությունների պահպանումը պահանջում է երկկողմանի աշխատանք։ Բայց մենք վերադարձել ենք, և մենք ավելի ուժեղ ենք, քան երբևէ», - ասել է Մայքլը:
2020 թվականին մամուլում կրկին շրջանառվեցին դերասանների ամուսնալուծության մասին լուրերը։ Այնուամենայնիվ, աստղերը կարողացան պահպանել իրենց միությունը: «Դուք պետք է անեք առավելագույնը և չհանձնվեք, երբ առաջին խնդիրն առաջանա, քանի որ դա վերջին խնդիրը չի լինի: Ապագայում դեռ շատ խնդիրներ կլինեն»,-խոստովանել է Զետա-Ջոնսը:




