Logo

Աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավայի համերգը՝ Երևանում

11:55 / 07.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Հիբլա Գերզմավա

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ներկայացնում է աշնանային հաջորդ աննախադեպ մշակութային իրադարձությունը Երեւանում: Առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Դիրիժոր՝ Բրայըն Քասլզ-Անիըն

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

Ծրագրում

Արիաներ հայտնի օպերաներից

ՀԻԲԼԱ ԳԵՐԶՄԱՎԱ

Հիբլա Գերզմավան համաշխարհային օպերային բեմի ամենապահանջված երգչուհիներից է։ Իր լուսավոր ու պարզ, էմոցիոնալ ու կրակոտ անհատականության շնորհիվ երգչուհին ստանձնում է ամենահայտնի օպերաների գլխավոր դերերը։ Նա բուռն և հոտնկայս ծափահարությունների է արժանացել Լոնդոնի Թագավորական «Քովենթ Գարդեն» օպերայի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական, Միլանի Լա Սկալա, Բոլշչոյ և Մարիինյան օպերային թատրոնների հանդիսատեսի կողմից։

Հիբլա Գերզմավայի ստեղծագործական կենսագրությունը հարուստ է պատմական և նշանակալից իրադարձություններով։ Նա 2001 թվականին հիմնել է «Հիբլա Գերզմավան հրավիրում է ...» երաժշտական փառատոնը, որը տարիների ընթացքում ընդլայնել է իր սահմանները՝ հասնելով Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճ, Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոններ, Վիեննայի Մուզիքվերայն համերգասրահի ոսկյա դահլիճ, Նյու Յորքի Քարնեգի համերգասրահ և Շվեյցարիայի Սանկտ Մորից քաղաք:

2014 թվականին երգչուհին մասնակցել է Սոչիի օլիմպիադայի փակման արարողությանը՝ կատարելով «Օլիմպիական վալս» եզրափակիչ երգը։

 

 

fastnews-ads-banner