Logo

Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է

18:17 / 03.03.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Այսօր հայ ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, բանաստեղծ, երգիչ, նկարիչ Արթուր Մեսչյանի 76-ամյակն է: Նա ծնվել է 1949 թվականի մարտի 3-ին Երևանում:  Փոքր հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ և նկարչությամբ։ Մանուկ հասակում երգում էր հայկական և ռուսական երգեր, հետագայում նաև՝ իտալական, անգլիական, ֆրանսիական, լեհական ու հունգարական։ Յոթ տարեկանից հաճախել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ ջութակի ու դաշնամուրի դասերի, նաև երգել է դպրոցի երգչախմբում: Դպրոցական տարիներին սկսում է երաժշտություն գրել։ Հասուն տարիքում՝ 1973 թվականին՝ մոտ մեկ տարի, Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, ինչը հետագայում մեծ ազդեցություն է թողնում նրա ստեղծագործությունների վրա: 

Դեռևս դպրոցում ուսանելու տարիներին գրում է «Ո՞ւր էիր Աստված», «Կտակը» և «Ծերունի» երգերը: Առաջին անգամ «Ո՞ւր էիր Աստված» երգը հանդիսատեսի համար կատարվում է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցում, որտեղ և սովորում էր Ա. Մեսչյանը։

1966 թվականին ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետ։

1967 թվականին ստեղծվում է «Առաքյալներ» ռոք խումբը, որն սկզբնական շրջանում չուներ սեփական անվանում և հանդես էր գալիս որպես ճարտարապետական ֆակուլտետի խումբ։ Խմբում, բացի Մեսչյանից (հեղինակ, վոկալ, կիթառ, ստեղնաշարային և ջութակ), ընդգրկված էին նաև Լևոն Մելիքյանը (բաս կիթառ) և Գրիգոր Նալբանդյանը (հարվածային գործիքներ)։ Արդեն երրորդ կուրսում խումբը հանդես է գալիս համերգներով, որոնք հսկայական հաջողություն են ունենում ուսանող երիտասարդների շրջանում։ Միաձուլելով հայ հոգևոր երաժշտությունն այդ տարիներին ծաղկում ապրող ռոքի հետ՝ խումբն անմոռանալի տպավորություն է թողնում ունկնդիրների վրա և դառնում իսկական հայտնություն։ Խմբի առաջին համերգները տեղի են ունենում պոլիտեխնիկական ինստիտուտում և հանդիպում կոմերիտական ակտիվիստների դիմադրությանը։ Վերջիններս խմբի անդամներին բնորոշում էին որպես «նորընծա առաքյալներ», ինչն էլ հիմք է հանդիսանում, որպեսզի խումբը կոչվի «Առաքյալներ»։

Մեսչյանը նախագծել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, Կառավարության ընդունելությունների տունը և Մատենդարանի նոր մասնաշեքը

 

fastnews-ads-banner