Logo

Արթուր Բաբաջանյան․ Ինքս ինձ ասում էի՝ «մի րոպե, դու այդքան թո՞ւյլ անձնավորություն ես, որ թողնես բալետն ու հեռանաս»

Հեղինակ
Հասմիկ Հարությունյան
17:03 / 13.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
Արթուր Բաբաջանյան-բալետ

VNews Culture-ի այսօրվա զրուցակիցն է Ցյուրիխի բալետի, Գերմանիայի Էսսեն քաղաքի Ալտո թատրոնի և Չիկագոյի Joffrey բալետի նախկին մենակատար Արթուր Բաբաջանյանը:

Արթուրի հետ զրուցել ենք տեսակապի միջոցով.

Արթուր, Ձեր կենսագրությունը բավական հետաքրքիր է ու հարուստ իրադարձություններով: Բայց եկեք սկսենք ամենասկզբից: Ինչո՞ւ պարը:

-Մանկապարտեզի խմբակում մի քանի երեխաներ կային, որոնք հաճախում էին կա՛մ հայկական պարի, կա՛մ նկարչության խմբակ: Տանն ասացի, որ ուզում եմ գնալ կա՛մ պարի, կա՛մ նկարչության: Պիոներ պալատը մեր տանն ավելի մոտ էր, ու ընտանիքում որոշվեց, որ ավելի լավ է գնամ պարի: Ու այդպես մի քանի տարի Պիոներ պալատում հայկական պարեր եմ պարել: Եղբայրս էլ էր հաճախում պարի, ու այնպես ստացվեց, որ ուսուցիչը նրան առաջարկեց կրթությունը շարունակել Պարարվեստի ուսումնարանում: Եղբայրս արդեն ընդունվել էր, երբ մայրս պատահական տեսնում է, որ ուսումնարանում բալետի բաժնում էլ ընդունելություն կա: Հետաքրքրվում է ինձ համար, չնայած ես արդեն 11 տարեկան էի, ու բալետով զբաղվելու համար ուշ էր (Սովորաբար ինը տարեկանից են սկսում զբաղվել բալետով - Հեղ․): Ու պայմանական ինձ ընդունում են ուսումնարան, և պատահականությամբ հայտնվում եմ բալետի աշխարհում:

Իսկ հետո ինչպե՞ս դասավորվեց Ձեր ուղին:

-Սկզբում ընդհանրապես չեմ սիրել բալետը: Ֆիզիկապես շատ դժվար էր, նաև հոգնեցուցիչ ու ձանձրալի էր անընդհատ նույն ֆիզիկական շարժումներն անելը:

Արթուր Բաբաջանյան-1

Իսկ տրիկոյին հե՞շտ եք համակերպվել: Ասում են՝ տղաներն ամենադժվարը տրիկոյին են համակերպվում:

-Ոչ մի խնդիր ու բարդույթ չեմ ունեցել: Շատերն ասում են՝ «վայ, բա կարող է քեզ ձեռ առնեն»: Կախված է նրանից, թե քեզ ոնց կդրսևորես: Բակում ոչ մի խնդիր չեմ ունեցել։ Բակ էլ եմ իջել, լավ ընկերներ էլ եմ ունեցել: Երբեք չեմ մտածել, որ եթե բալետով եմ զբաղվում կամ տրիկո հագնում, ինձ կարող է չհարգեն, չընդունեն: Ամեն ինչ անհատից է կախված:

Ե՞րբ հասկացաք, որ սիրում եք բալետը:

-Առաջին 2-3 տարին պայմանական են թողել ուսումնարանում: Քանի որ չէի սիրում, չէի էլ արդարացնում սպասելիքները: Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ քննություն էինք տալիս, ու ըստ դրա որոշում էին՝ շարունակես ուսումդ, թե ոչ: Իմ գնահատականները շատ ցածր էին, ու մի քանի անգամ ասել են՝ «Տղա ջան, բալետը երևի քեզ համար չէ: Գուցե փորձես այլ մասնագիտության մեջ քեզ գտնել»: Ես էլ էի ընկճվել: Ինձ թվում էր՝ բալետը չեմ սիրում: Ամեն անգամ ինձ ժամանակ էին տալիս: Մայրս էր ուզում, որ ուսումնարանից դուրս չգամ, գնում էր, խնդրում էր, որ մի-փոքր էլ ընդառաջեն: Մի անգամ հայրս ասաց, որ իմ՝ պարով զբաղվելն իր սրտով չէ, բայց չի ուզում, որ ինձ ստիպված պայմանական պահեն: Ասաց՝ «Բոլորին ապացուցի՛ր, որ կարող ես պարել, արդարացրո՛ւ սպասելիքները, ու ես խոստանում եմ՝ հենց դու ապացուցես, մենք կգնանք մեր կամքով քեզ դպրոցից կհանենք»: Այդ խոսքերն իմ կյանքում շատ մեծ դեր խաղացին: Թասիբս շարժվեց ու սկսեցի լուրջ աշխատել: Նպատակս էր՝ ապացուցեմ, որ կարող եմ: Ինձ ասում էին՝ «Բալետն ամեն մեկի համար չէ, ու դու այդ մարդկանցից մեկն ես: Համակերպվիր այդ մտքի հետ ու այլ բան գտիր»: Ինքս ինձ խոսք տվեցի՝ այնքան աշխատեմ, որ հասնեմ առավելագույնին ու իմ որոշմամբ դուրս գամ: Ու սկսեցի ավելի շատ պարապել: Առավոտյան ժամը հինգին էի արթնանում, գնում էի ուսումնարան, պարապում:

Իսկ Դուք բալետային տվյալներ ունեի՞ք, թե՞ զարգացրել եք:

-Ինչ-որ տվյալ ունեի, եթե ընդունվել եմ: Բայց շատ բան զարգացրել եմ: Օրինակ՝ «պադյոմներ», թաթերս, «ռաստյաշկաներ» զարգացրել եմ տքնաջան աշխատանքի, քրտնքի ու արյան արդյունքում: Սկզբնական շրջանում իմ նպատակն էր բոլորին ապացուցել, որ կարող եմ պարել, ու հենց ապացուցեի՝ դուրս էի գալու: Պայմանական տված վեց ամսվա ընթացքում ահագին աճ էի գրանցել ու քննությանն ինձ ասացին, որ նման փոփոխությունն անհավատալի էր: Եվս վեց ամիս նույն տեմպով պարապեցի ու քննությունից հետո ինձ ասացին, որ որոշում են կայացրել մի քանի այլ պարողների հետ ինձ էլ ուղարկել Սանկտ Պետերբուրգում Վահանովայի անվան մրցույթին:

Այդ ժամանակ Ձեր ինքնավստահությունը բարձրացե՞լ էր:

-Որ ասեմ՝ այդ ժամանակ ինքնավստահությունս բարձրացել էր՝ սուտ կլինի, բայց որ աշխատում ես ու արդյունքը տեսնում՝ անկախ քեզնից ուժ է գալիս, մոտիվացիա, որ ավելիին ձգտես:

Ու այդ «ավելին» Ձեզ տարավ Ցյուրիխի պարարվեստի ակադեմիա:

-Ես գիտեի, որ ցանկացած մասնագիտության մեջ հաջողության բանալին քրտնաջան աշխատանքն է: Մեր դասարանից ահագին տղաներ արդեն դրսում էին պարում: Դա էլ էր մոտիվացնում: Հասկացա, որ հնարավոր է դրսում սովորել ու կարիերա ստեղծել:

Արթուր Բաբաջանյան-2

Քանի որ Դուք և՛ Երևանում եք սովորել, և՛ Ցյուրիխում, կարո՞ղ եք համեմատականներ անցկացնել՝ ի՞նչն է մեզ մոտ պակասում, ի՞նչը փոխել կամ ավելացնել, որ արդյունքներն ավելի լավը լինեն:

-Բացթողումներ շատ կային, երբ ես էի սովորում՝ ոչ մի պայման չուներ ուսումնարանը: Հիմա արդեն այդ ժամանակները չեն: Երբ ես էի սովորում՝ ուսումնարանը չէր ջեռուցվում: Դրսում ու դահլիճներում նույն ջերմաստիճանն էր: Բայց դա մեզ չխանգարեց սովորել ու առաջ գնալ:

Մարդու մտքին տեղ լինի:

-Շատ ճիշտ է: Ճիշտ է, պայմանները կարող են այդ գործընթացն արագացնել, բայց եթե մարդ նպատակ է դնում ու իրոք կպնում գործին, հաստատ կհասնի արդյունքի:

2006-ից Դուք Ցյուրիխի բալետում եք պարել: 

-Այո: Գիտեք, բալետում հեշտ բան չկա: Շատ դժվար ու բարդ ուղի է: Ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես, բնավորությամբ պետք է պինդ լինես, որ ճանապարհին չկոտրվես ու չհիասթափվես: Հիասթափությունները շատ են: Ամեն ինչ հնարավոր է: Ուղղակի հարկավոր է չշեղվել նպատակից ու փշոտ ճանապարհով գնալ մինչև վերջ:

Հիասթափություններից հետո ինչպե՞ս եք վերականգնվում, ինչպե՞ս եք Ձեզ հանում այդ վիճակից ու շարունակում պարապել:

-Դա մարդուց է կախված: Երբ գնացի Ցյուրիխի դպրոց, շատ բաների պատրաստ չէի: Անգամ լեզու չեմ իմացել: Ուրիշ աշխարհ էր, ու շատ բարդ էր: Ես պատկերացում չունեի ու իմ ծնողներն էլ չէին եղել ու չգիտեին՝ դա ինչ աշխարհ է: Տասնվեց տարեկանում հայտնվում ես Եվրոպայում: Ինձ չեն ասել՝ սա ճիշտ է, սա սխալ, սա արա, սա մի՛ արա: Եղել է, որ ճիշտ ընտրություն եմ կատարել, եղել է, որ սխալվել եմ ու սխալիս վրա սովորել: Այդպես, կամաց-կամաց ձևավորվել եմ որպես մարդ, որպես արտիստ: Պետք է ուժեղ անձնավորություն լինես, որ հաղթահարես, որ կեսից չկոտրվես: Ես շատ եմ տեսել տղաների, որ կեսից կոտրվել են ու հեռացել բալետից:

Չե՞ք փոշմանում, որ այդ ուղին եք ընտրել, այդքան դժվարություններ եք տեսել:

-Չէ, չեմ փոշմանում:

Արթուր Բաբաջանյան-3

Եթե հնարավորություն ունենայիք որևէ բան Ձեր կյանքում փոխելու, ի՞նչը կփոխեիք:

-Կփոխեի իրադարձությունների հերթականությունը:

Դուք «Հզոր զգացմունքներ» խմբի մենակատարներից եք: Ինչպե՞ս ստեղծվեց խումբն ու ի՞նչ նպատակներ ուներ իր առջև դրված:

-«Հզոր զգացմունքներում» բոլորը մենակատար են ու բոլորը հավասար: Խմբի բոլոր անդամներն իմ կյանքում որպես պարող մեծ դեր են ունեցել, և ես իրենց եմ փորձել ձգտել ու հասնել: Ընտրել եմ Ցյուրիխի դպրոցն այն պատճառով, քանի որ նրանք բոլորը Ցյուրիխի դպրոցով էին անցել: Իմ նպատակն էր՝ իրենց ճանապարհով գնալ ու գուցե մի օր Ցյուրիխի բալետում հայտնվեի իրենց կողքին: Ու այդպես էլ եղավ: Շատ մեծ պատիվ է, որ «Հզոր զգացմունքներ» խմբում եմ եղել, ու այդ ընթացքը, որ միասին ենք անցել՝ տղաներից շատ բան եմ սովորել: Շատ հպարտ եմ խմբի համար:

Դուք և՛ եվրոպական թատրոններում եք պարել, և՛ ամերիկյան: Մոտեցումները շա՞տ են տարբերվում:

-Եվրոպայում ցանկացած քաղաք ունի իր օպերան, որը պետական է: Իսկ ԱՄՆ-ում նման հասկացողություն չկա: ԱՄՆ-ում ոչ մի թատրոն պետական չէ: Կա հոգաբարձուների խորհուրդ, մարդիկ, որ հարուստ են, սիրում են արվեստն ու փորձում են օգնել: Եվրոպայում, երբ պրեմիերա է լինում, արտիստը աշխատում է թատրոնում, դահլիճում փորձ անում: Պրեմիերայից տասնհինգ օր առաջ բեմը տրամադրում են մի որոշ ժամանակով: Մի քանի օր բեմում ես փորձ անում: Հետո արդեն լուսավորության ու հագուստի գործընթացն է սկսվում: Պրեմիերայից առաջ գլխավոր փորձ ես անում: Երկշաբաթյա ընթացակարգ է, մինչև պրեմիերային մասնակցելը: Իսկ ԱՄՆ-ում նման հասկացողություն չկա: ԱՄՆ-ում դահլիճը վարձում են: Մեկ օրը հատկացվում է տեխնիկական խնդիրների կարգավորմանը, հաջորդ օրը մի հատ փորձ ես անում, ու արդեն պրեմիերան է: Սթրեսը շատ է Եվրոպայում: Ինչ վերաբերում է բալետի հանդեպ մոտեցումներին, ապա դասական բալետը նույնն է թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում:  

Վատատեսները հավաստիացնում են, որ դասական բալետի վախճանը մոտ է, ու շուտով թատրոնների խաղացանկում կլինեն բացառապես ժամանակակից ներկայացումներ: Դուք նման կանխատեսումներին ինչպե՞ս եք մոտենում:

-Դասական բալետը կմնա, թեպետ գնալով ավելի հետին պլան է մղվում: Դասական պարը շատ բարդ է ու շատ դժվար ճանապարհ է պահանջում, ու դրանով է պայմանավորված, որ դասական բալետի պարողների թիվը քչանում է:

Արթուր Բաբաջանյան-4

Նշեք դասական բալետի ներկայացումներ, որոնք անմահ են ու, անկախ ամեն ինչից, միշտ կլինեն թատրոնների խաղացանկում:

-Չայկովսկու բոլոր բալետները, «Դոն Քիշոտ», «Ռոմեո և Ջուլիետ», «Ժիզել»:

Ժամանակակից ներկայացում, որ վերջերս եք դիտել ու շատ հավանել:

-«Ժիզել», ու շատ հավանել եմ, շատ հետաքրքիր մոդեռն լուծումներ կային:

Դուք էլ եք պարել «Ժիզել»: Ե՛վ դասական, և՛ ժամանակակից:

-Այո: Աշխատել եմ Դեյվիդ Դոուսնեի հետ, հանդես եմ եկել նրա խորեոգրաֆիայով Ադանի «Ժիզել» նեոկլասիկ բեմադրության մեջ՝ Ալբերտի դերապարով։ Շատ բարդ էր, շատ դժվար: Երկրորդ ակտում բեմից կերպարն ուղղակի դուրս չի գալիս: Մտածված էր այնպես, որ արտիստն այնքան է պարում, ուժասպառ լինում ու մահանում: Բայց, իրականում էլ ես ուժասպառ լինում: Վերջում բեմում արդեն ոչ թե խաղում ես, այլ հազիվ քայլում ու ուժասպառ ընկնում:

Կերպարը կերտելիս ինչի՞ն եք առաջնություն տալիս՝ տեխնիկայի՞ն, թե՞ դերասանական վարպետությանը:

-Երբ երիտասարդ ես՝ կենտրոնանում ես միայն տեխնիկայի վրա: Հետո արդեն որոշ տարիքից հասկանում ես, որ տեխնիկան էլ չես կարող զարգացնել ու արդեն փորձում ես տեխնիկան պահպանել: Այդ ժամանակ արդեն, պահպանելուն զուգահեռ, սկսում եմ մտածել դերասանական խաղի մասին:

Բալետում ավելի խստապահանջ են արտիստների՞ հանդեպ, թե՞ պրիմաների:

-Բալետում ընդունված խոսք կա՝ «Դիմացը աղջիկն է, առաջին գծում աղջիկն է, իսկ տղան հետևի պլանում է»: Հատկապես  ԱՄՆ-ում ես դա շատ եմ զգացել: Տնօրենը միշտ ասում էր՝ կինոն աղջկա մասին է, աղջիկն է ներկայացնում, տղան ուղղորդում է հետևից: Բայց թատրոններ կան, որ նախընտրում են տղաներին առաջնություն տալ: Ճիշտ է, տղան իր դերն ունի, բայց մանավանդ դասական բալետում առաջնայինը աղջիկն է, աղջիկն է գեղեցկությունը: Միաժամանակ, առանց մեկի՝ մյուսը չի կարող լիարժեք ներկայանալ:

Արթուր Բաբաջանյան-5

Բեմից հեռանալու որոշումը Ձեզ հե՞շտ է տրվել:

-Ցավոք, բեմից հեռացել եմ վնասվածքի պատճառով: Ծնկի վիրահատությունից հետո չկարողացա պարել: Երբ անսպասելի է տեղի ունենում՝ ավելի դժվար է: Ես հոգեպես պատրաստ չեմ եղել: Մի պահ կար, որ զգում էի անորոշություն, ամեն ինչ խառն էր, ինձ կորցրել էի: Բալետի արտիստը շատ երիտասարդ տարիքում արդեն մտնում է պրոֆեսիոնալ աշխատանքային ընթացքի մեջ: Տասնյոթ-տասնութ տարեկանում, երբ մյուսները նոր-նոր գիտելիք են ձեռք բերում, մենք արդեն սկսում ենք աշխատել: Ու արդեն սկսում ես տրվել արվեստին ու փորձել լինել լավագույնը: Մրցակցությունը շատ է: Եթե չկարողացար՝ դուրս կմնաս: Պետք է միշտ ապացուցես, որ այդ դերը, տեղը քեզ է պատկանում: Եթե մեկ-երկու չարեցիր, կասեն՝ «հաջողություն»: Մանավանդ Եվրոպայում, ԱՄՆ-ում: Մեր թատրոնում 60 պարող կար, ամեն տարի 20-25 հոգու աշխատանքից ազատում էին, որովհետև չէին կարողանում իրենց տեղը պահել: Տեղը պահելն ու առաջ գնալը հսկայական պատասխանատվություն է, մեծ ջանք ու աշխատանք: Չպետք է շեղվել ու թուլանալ: Ու հանկարծ այդքանից հետո ծնկի վնասվածք ստացա, ու ինձ բժիշկներն ասացին, որ մոռանամ պարելու մասին, ու հավանականությունը, որ չկարողանայի դասավանդել, նույնպես մեծ էր: Բայց հանգամանքները երբեք չպետք է կառավարեն քեզ: Քանի որ վնասվածքից հետո, երբ թատրոնից դուրս էի եկել, վերականգնվեցի, ու անգամ պարել եմ:

Այժմ Դուք ի՞նչ գործունեություն եք ծավալում:

-2018 թվականից դասավանդում եմ ԱՄՆ-ի Pennsylvania Ballet ակադեմիայում։

Եթե մեկ բառով նկարագրեք Ձեր բալետային կարիերան, ո՞ր բառը կընտրեք:

-Պատասխանատվություն:

Ինչո՞ւ:

-Հեշտ չէ տասնվեց տարեկանում մենակ գնալ Եվրոպա ու չիմանալ՝ երբ կկարողանամ հետ գնալ իմ երկիր: Դա մեծ հարված է: Պատասխանատվություն, որ արդարացնեի: Հաշված մարդկանցից եմ եղել, որ կարողացել է դուրս գալ երկրից: Պատասխանատվություն կար, որ արդարացնեի սպասումները, արդարացնեի մասնագիտական առումով, որպես մարդ, որ կարողանայի ամեն ինչին դիմակայել՝ դժվարություններին, կարոտին, մենակությանը․․․

Արթուր Բաբաջանյան-6

Որքա՞ն ժամանակ չեք կարողացել գալ Հայաստան:

-Տասը տարի: Ես իմ ծնողներին տասը տարի չեմ տեսել: Դա շատ դժվար էր: Երբ եկա Ցյուրիխ՝ ինձ դիմավորեցին, բերեցին մի սենյակ, ասացին՝ «խնդրեմ, սա քո բանալիները ու ցտեսություն»: Դա առաջին հարվածն էր: Ես հասկացա, որ հետ գնալու ճանապարհ չկա: Պահ էր գալիս, որ ասում էի՝ էլ չեմ կարողանում: Հետո ինքս ինձ ասում էի՝ «մի րոպե, դու այդքան թո՞ւյլ անձնավորություն ես, որ թողնես բալետն ու հեռանաս»:

Հիշո՞ւմ եք այն զգացողությունները, որով տասը տարի անց առաջին անգամ եկաք Երևան:

-Իհարկե, հիշում եմ: Ես տասը տարի գրեթե ամեն օր պատկերացնում էի, թե ինչպես եմ գալիս Երևան: Ինչպես են դիմավորում, ոնց եմ իջնում ինքնաթիռից:

Ձեր պատկերացնումներն իրականություն դարձա՞ն, երբ եկաք:

-Չէ, ցավոք չդարձան:

Դուք մեր օպերային թատրոնի հետ կապ ունե՞ք:

-Իհարկե ունեմ: Շատերի հետ ընկերական հարաբերություններ ունեմ: Գործնական հարաբերություններ այժմ չկան: Առաջարկի դեպքում՝ կհամագործակցեմ: Եթե ես կարող եմ օգուտ տալ, իհարկե, մեծ սիրով կօգնեմ:

Հայաստանում բալետի արտիստներն այնքան էլ հայտնի չեն: Ավելին, շատերը կասկածանքով հարցնում են՝ արդյո՞ք բալետ կա, արդյո՞ք ներկայացումներ կան: Դրսում է՞լ է այդպես, որ բալետի արտիստներն ավելի քիչ հայտնի են, քան մնացած ոլորտի արտիստները:

-Իհարկե այդպես է: Մարդիկ այդքան պարով, բալետով հետաքրքրված չեն: Բալետն այդքան պոպուլյար չէ։ Եթե համեմատենք արվեստի այլ ճյուղերի հետ, ցավոք, բալետը զիջում է:

Այդ դեպքում ի՞նչ անել, որ բալետը, դասական երաժշտությունը դառնա պոպուլյար:

 -Փորձել հնարավորինս փոքր սերնդին ներգրավել, կրթել երեխաներին, նրանց տանել ներկայացումների, համերգների: Միակ լուծումը դա է:

Զրուցեց Հասմիկ Հարությունյանը

Լուսանկարները՝  Արթուր Բաբաջանյանի անձնական արխիվից

 

Կարող եք կարդալ նաև՝ 

Մարիամ Ասլանյան․ Բալետի աշխարհում արգելված է լինել թույլ կին

Լյուդվիգ Իսպիրյան․ Ինձ անվանում են Իսրայելի բեմի հայ Ռոմեո

Մարիամ Գարաջյան․ Ուժեղ մարդ չեմ, դրա համար էլ թատրոնում ինձ կոտրեցին

Արսեն Մեհրաբյան․ Պետք է կարողանալ ճիշտ ժամանակին բեմից հեռանալ

Մարիա Աղաբաբովա․ Երազում եմ Էգինայի դերի մասին, բայց ես գիտեմ իմ հնարավորություններն ու այդ դերին երբեք չեմ մոտենա

Ռուբեն Մուրադյան․ Իմ թիկունքում էլ կա իմ «Ֆրիգիան»

Ավելին՝ այստեղ

  

fastnews-ads-banner