Logo

Արտաշատում մեկնարկում է հանրապետական թատերական փառատոնը

17:55 / 27.10.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Արտաշատ քաղաքի այցեքարտ դարձած թատերական փառատոնը կմեկնարկի նոյեմբերի 1-ից և կտևի մինչև նոյեմբերի 9-ը:

Երրորդ տարին անընդմեջ իրականացվող միջոցառումը կհյուրընկալի հանրապետության 11 թատրոնների:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ասում է, որ ընդհանրապես փառատոնների պատմությունը ցույց է տվել,որ ամեն նման միջոցառումներից հետո տվյալ համայնքի կամ քաղաքի թատրոնն ավելի ակտիվ է սկսում աշխատել.

«Փառատոները կարեւոր իրադարձություններ են մարզային կյանքում։ Դրանք դարձել են ստրատեգիական նշանակություն ունեցող միջոցառումներ: Փառատոնը տոն է, որի ժամանակ հավաքվում են հանրապետության մի շարք թատրոններ՝ Երեւանից եւ մարզերից, եւ այդ օրերին ավելի տեսանելի եւ որոշակի է դառնում հանդիսատեսի կապը թատրոնի հետ»:

Փառատոնի մեկնարկը կազդարարվի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի «Մարդը ափի մեջ» ներկայացմամբ, որի բեմադրիչն է Նարինե Գրիգորյանը։ Թատերական շաբաթը կանցկացվի Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Փառատոնի նկատմամբ հետաքրքրություն կա թե՛ մարզում, թե՛ մայրաքաղաքում, որի մասին վկայում է մասնակցության հայտերի թիվը:

Ինչպես նշում է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը, ընտրությունն այնպես է կատարվել , որ հնարավորինս շատ նոր թատրոններ ընդգրկվեն, ու խաղացանկում լինեն տարբեր տարիքի հանդիսատեսին հետաքրքրող ներկայացումներ.

«Թատրոնում իրականացվում են լուսաձայնային գերժամանակակից տեխնիկայի մոնտաժման աշխատանքներ և փառատոնի շրջանակում գործընկերները կհյուրընկալվեն առավել լավ պայմաններով»:

Թատերական փառատոնը եզրափակելու է Երևանի մնջախաղի պետական թատրոնը՝ «Ուրվականների սոնատը» ներկայացմամբ․ բեմադրիչ Ինա Հախնազարյան։

 

fastnews-ads-banner