1904 ապրիլի 15-ին ծնվել է աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին։ Ձեզ ենք ներկայացնում նկարչի` քրոջը գրած նամականերից հատվածներ, ինչպես նաև հայկական թեմայով ստեղծված նրա մի շարք կտավները, որոնք այսօր պահվում են աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում։

«Հայաստանի Խորգոմի մեր պարտեզների սիրելի հուշերը հաճախ են ինձ հետապնդում։ Հիշում ես մեր տնից ներքև ձգվող հայրիկի պարտեզն ու Խաչելության ծառը, որից մեր հայ գեղջուկներն իրենց գույնզգույն շորերն էին կախում։ Մեր պարտեզում կարելի էր գտնել հայոց բնության փառավոր ու կենդանի հանդերձը, որն անհայտ է օտարներին, բայց կարիք ունի ճանաչվելու։

Սիրելի քույր, իմ նկարներում ես հաճախ եմ պատկերում մեր պարտեզն ու վերստեղծում դրա հարազատ կանաչն ու կյանքը։ Կարո՞ղ է արդյոք, որդին մոռանալ այն հողը, որը սնում է նրան։

Սիրելինե՛րս, միտքը նկարչի սերմնացու հատիկն է։ Երազանքներից ծնվում են նրա վրձնի հարվածները։ Եվ մինչ աչքը կատարում է ուղեղի պահապանի դերը, ես արվեստի միջոցով հաղորդում եմ ամենաանձնական ընկալումներն ու աշխարհայացքը։ Փորձելով անցնել սովորականի և հայտնիի սահմանը, ես ստեղծում եմ մի ներքին անսահամանություն։ Փորձում եմ սահմանափակի սահմաններում ստեղծել անսահմանը։ Լյարդից։ Ոսկորներից։ Իրական ժայռերից, բույսերից ու կենդանիներից։ Իրական երազներից։

Վարդու՛շ, թանկագինս, ես դրա համար պարտական եմ հայ արվեստին։ Նրա խաչասերումներին, նրա բազմաթիվ հակադրություններին։ Մեր ժողովրդական երևակայության հայտնագործումններին։ Այս ամենը մեր հայրենի երկրի բանահյուսությունն ու ֆիզիկակակն գեղեցկությունը, ես փորձում եմ ուղղակիորեն արտացոլել իմ գործերում»։

«Վարդուշ, թանկագինս, խելահեղորեն աշխատում եմ բազմաթիվ աշխատանքների վրա, որոնք իրականում առնչվում եմ մեր հայոց աշխարհին։ Հաճախ մանրակրկիտ կերպով անդրադառնում եմ «Գութանև և երգը » նկարիս։ Օ~, երգիր Հայաստանի մասին։ Այժմ մելամաղձոտ տրամադրության մեջ եմ։

Մտածում եմ մեր Աղթամարի և մեր նախնիների նախասկզբնական ձևերի մաքրության մասին։ Մտածում եմ մեր միջնադարյան Թորոս Ռոսլինի և Սարգիս Պիծակի փառահեղ վրձինների մասին։ Երազում եմ Վարագի և Էջմիածնի հանգստացնող վեհաշուքության մասին։ Այգեստանի ջրաղացի մասին, որտեղ ես ու մայրիկը ցորենը աղալ էինք տալիս։ Հիշու՞մ ես։ Ամենից շատ միտքս կլանված է Չարահան Սուրբ Նշանի սոսկալի կախարդանքով և նրա բազմաճյուղ զինանշանով, նրա բազմաթիվ սպիտակ դեմքերի մահվան դիմակներով, շղթաներով, որ ազատ արձայեցին հանճարին։


