Logo

Արսեն Մեհրաբյան․ Պետք է կարողանալ ճիշտ ժամանակին բեմից հեռանալ

Հեղինակ
Հասմիկ Հարությունյան
17:05 / 16.01.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
Արսեն Մեհրաբյան-խորեոգրաֆ

VNews Culture-ի զրուցակիցն է Հայաստանի վաստակավոր արտիստ, Շվեդիայի թագավորական բալետի նախկին գլխավոր մենակատար, խորեոգրաֆ Արսեն Մեհրաբյանը: 

Արսեն Մեհրաբյանն արժանացել է «Ամադեուս» բալետի մրցույթի ոսկե մեդալի, Prix-de-Lausanne և Վահանովայի միջազգային բալետի մրցույթի 3-րդ մրցանակներին, Վառնայի միջազգային բալետի մրցույթի Գրան Պրիի, Համբուրգի դոկտոր Վիլհելմ Օբերդորֆերի մրցանակին, Նագոյա միջազգային բալետի մրցույթում ժյուրիի հատուկ մրցանակին: Որպես մենակատար հանդես է եկել տասնյակ բալետային ներկայացումներում:

Արսեն, շնորհակալ եմ հարցազրույցի առաջարկը չմերժելու համար: Դուք 15 տարեկանից Եվրոպայում եք բնակվում: Սովորել եք Պարարվեստի ուսումնարանում,  հետո` մեկնել Գերմանիա: Համբուրգում, հետո Ցյուրիխում եղել եք մենակատար, իսկ Շվեդիայի թագավորական բալետում` առաջատար մենակատար:

-Հա, շատ ճիշտ եք:

Արսեն Մեհրաբյան-խորեոգրաֆ-1

Մենք հիմա հեշտությամբ ենք թվարկում, թե կյանքի այդ ժամանակահատվածում ինչ հաջողություններ եք ունեցել և որ թատրոններում եք պարել, բայց վստահ եմ, որ ունեցել եք դժվարություններ:

-Հեշտ չէր, բայց հետաքրքիր էր, ես շատ էի ուզում դուրս գնալ: Մեր սերնդում ես երկրորդ արտիստն եմ եղել` Տիգրան Միքայելյանից հետո, որ երկրից գնացել է: Ես ու Տիգրանը Շվեյցարիայում՝ Լոզանում միջազգային երիտասարդական մրցույթում հասանք եզրափակիչ, և մեզ հնարավորություն տրվեց ընտրել եվրոպական որևէ դպրոցում սովորելու տարբերակը կամ վերցնել գումարը: Մենք նախընտրեցինք ուսումը: Տիգրանը Շվեյցարիայում էր սովորում: Ես գնացի Համբուրգ: Տասնութ տարեկանից աշխատել եմ Համբուրգի թատրոնում: Հեշտ չէր մենակ՝ չիմանալով լեզուն, Գերմանիայի մշակույթը, բարքերը... Դժվարություններ կային, իհարկե, բայց դե հաղթահարեցի:

Ամենամեծ դժվարությունը ո՞րն է եղել:

-Մենակությունը: Առաջին երկու տարին իսկապես մենակ էի: Հետո արդեն ընկերություն, շրջապատ, աշխատանքը շատ էր, արդեն ոչինչ չէի հասցնում: Սովորելու ընթացքում, մեկ տարի անց, մենակության պատճառով որոշել էի հետ գալ Երևան, բայց ուսուցիչները թույլ չտվեցին, ասացին, որ մեծ հնարավորություն կկորցնեմ, եթե մեկնեմ: Արևմուտքում կապ չունի՝ հայ ես կամ որևէ այլ ազգի, իրենք այդպես չեն նայում, իրենց համար կարևորը տաղանդն է, արտիստի տվյալները, նայում են աշխատանքին, պարտականությունների հանդեպ քո վերաբերմունքին:

Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր բալետային կարիերան:

-Մեծ կարիերա եմ ունեցել Եվրոպայի խոշոր թատրոններում՝ Համբուրգ, Ցյուրիխ, Շվեդիայի թագավորական բալետ։ Պարել եմ տարբեր դերեր՝ դասականից մինչև նեոկլասիկ ոճ, ժամանակակից, մինիմալիստական: Համբուրգում աշխատել եմ աշխարհահռչակ խորեոգրաֆ Ջոն Նոյմայերի հետ: Համբուրգը գրքի սկիզբն էր: Ցյուրիխը՝ միջին անցողիկ երկու տարին, բայց Ցյուրիխ մեկնելու նպատակն այն էր, որ միանայի մեր մյուս տղաներին: 2006 թվականին միասին ստեղծեցինք «Հզոր զգացմունքներ» խումբը: Այդ ժամանակ ինձ համար ավելի կարևոր էր խումբը, քան անձնական կարիերան: Իսկ Շվեդիան շատ էր տարբերվում: Շվեդիայում արդեն հասուն տարիքի էի, ու վերջին 7-8 տարին տարբեր խորեոգրաֆների հետ եմ համագործակցել: Շվեդիան շատ հարուստ է թե՛ ժամանակակից երաժշտությամբ, թե՛ խորեոգրաֆներով ու արտիստներով:

Արսեն Մեհրաբյան-խորեոգրաֆ-2

Հիմա գործո՞ւմ է «Հզոր զգացմունքներ» նախագիծը:

-Նախագիծը չկա, քանի որ խմբի ոչ մի անդամ էլ չի պարում: Վերջին համերգը եղել է 2019 թվականին: Դրանից հետո յուրաքանչյուրն իր ուղղությունն ընտրեց: Կան մտքեր հավաքվել ու մաստեր կլասների շարք անել, բայց դեռ ոչ մի հստակ բան չկա: Մեկ ամիս առաջ Շվեյցարիայում մեր խմբի մասին գիրք լույս տեսավ:

Գրքում ներկայացված է մեր անցած ճանապարհը, խմբի անդամներից յուրաքանչյուրի անցած ճանապարհը: Հայաստանում շատերը չգիտեն մեր խմբի մասին, բայց ես շատ ուրախ եմ, որ դրսում շատերը գնահատեցին մեր կատարած աշխատանքը: 2018 թվականին Կաննում խումբը մրցանակ ստացավ: Հայկական արվեստը կարողացանք Եվրոպայում տարածել գալա-համերգի ձևաչափով:  «Հզոր զգացմունքներ»-ն ունեցել է հայկական արմատներ, ու ներկայացված պարերն ու երաժշտությունն էլ հայկական էր․ Սայաթ-Նովա, Արշիլ Գորկի, Տիգրան Համասյանի հետ մեծ համերգ ենք ունեցել: Միշտ փորձել ենք հայկականությունը պահպանել:

Ջոն Նոյմայերի հետ աշխատանքի մասին խոսեցիք: Եթե չեմ սխալվում՝ տասը տարի միասին եք աշխատել:

-Ջոն Նոյմայերի հետ աշխատանքի արդյունքում հասկացա, թե պարն ինչի մասին է: Նա ոչ միայն խորեոգրաֆ է, այլև մեծ ռեժիսոր: Միայն տեխնիկայի վրա հիմնված չէր իր փիլիսոփայությունը, այլ, թե ինչպես բեմում հանդիսատեսին մատուցես պատմությունը, պատմես, թե ինչի մասին է քո պարը: Որովհետև ամենակարևորը դա է: Մենք այսօր կարող ենք տեխնիկապես շատ հզոր կատարումներ ունենալ, բայց հանդիսատեսի շատ քիչ տոկոսը կհասկանա այդ շարժումների իմաստը, նպատակը: Իսկ Նոյմայերի հիմնական ներդրումն արվեստի մեջ՝ շարժումներով ու պարային լեզվով պատմել պարի մասին: Նրա շնորհիվ հասկացա բալետի իմաստը: Նոյմայերը շատ լավ գիտեր բալետի պատմությունը, ու հենց նրա հետ աշխատանքն էր, որ ինձ տվեց այն միտքը, որ ապագայում ես էլ պետք է շարունակեմ խորեոգրաֆ աշխատել:

Արսեն Մեհրաբյան-խորեոգրաֆ-3

Ամենադժվար դերը ո՞րն է եղել:

-Հեշտ դերեր չկան: Բալետում ամեն ինչն է դժվար: Շվեդիայում առիթ եղավ պարել Ռուդոլֆ Նուրիևի «Դոն Քիշոտ» բալետը: Բազմաթիվ տարբերակներ կան, բայց Նուրիևինն ամենադժվարն է: Խարակտերային առումով առանձնապես բան չկա, բայց տեխնիկապես շատ դժվար էր ու, երևի թե, ամենադժվար դերը դա էր:

Ե՞րբ է ավարտվել բալետի արտիստի Ձեր կարիերան:

-2019 թվականին:

Հիշո՞ւմ եք այն օրը, երբ եկաք այն մտքին, որ ժամանակն է ավարտել:

-Շատ լավ եմ հիշում: Ստոկհոլմում 9 տարի աշխատելուց հետո փոխվեց տնօրինություն: Նոր տնօրենից զգացի, որ լավ կլինի իմ աշխատանքն ավարտվի: Քանի որ ես արդեն ինչ-որ նոր բան չունեի ստանալու և նաև թատրոնում սերնդափոխություն էր գնում: Ունեմ մի լավ ընկեր՝ Յիրի Բուբենիչեկ, ես նրա ասիստենտն եմ տարբեր թատրոններում: 2019 թվականին նրան հրավիրեցին Ստոկհոլմ՝ Ֆրանց Կաֆկայի «Դատավարությունը» բեմադրելու: Այդ ժամանակ արդեն վերջնական որոշում կայացրի, որ դա կլինի իմ վերջին ներկայացումը:

Արսեն Մեհրաբյան-խորեոգրաֆ-4

Ինձ հետաքրքիր է Ձեր զգացմունքները:

-Շատերը դժվարությամբ են տանում, ես դժվար չեմ տարել բեմից հեռանալը: Դա երևի թե կախված է, թե քո կարիերայում ինչեր ես արել, որքան ես պարել: Էջը փոխելն ինձ համար ավելի հեշտ է եղել: Զգացմունքային պահեր չեն եղել: Որոշում եմ կայացրել բեմից հեռանալ լավ վիճակում, ֆորմայի մեջ, որ բոլորն ինձ այդպես հիշեն: Պետք է կարողանալ ճիշտ ժամանակին բեմից հեռանալ: Եվ թեման էլ շատ հետաքրքիր էր: Ֆրանց Կաֆկայի «Դատավարությունը»․ ամբողջ ներկայացման ժամանակ իրեն դատում են, բայց հերոսը չգիտի, թե ինչի համար են իրեն դատում: Հերոսն ամբողջ ընթացքում փորձում է հասկանալ, թե ի՞նչն է խնդիրը: Համակարգն իրեն խեղդում է ու վերջում սպանում: Շատ լավ թեմա էր, ու հենց դրանով էի ուզում ավարտել արտիստի իմ կարիերան։

Ցանկացել եք այդ թեմայով զուգահե՞ռ անցկացնել բալետի հետ: Լինո՞ւմ է, որ համակարգը սպանի արվեստը, մասնավորապես բալետը:

-Իհարկե, շատ հաճախ է լինում: Թատրոններում փոխվում է տնօրինություն, կատարվում է սերնդափոխություն, ավելի մեծ տարիքով արտիստների նկատմամբ վերաբերմունք է փոխվում՝ սա չես կարող անել, նա չես կարող անել: Ինձ հետ դա չի եղել, բայց ես նման օրինակների շատ եմ հանդիպել: Դրա համար էլ ես իմ որոշումը շուտ կայացրի, քանի որ չէի ուզում նման թեմաների մեջ մտնել:

Արսեն Մեհրաբյան-խորեոգրաֆ-5

Եթե հիմա հետհայացք գցենք Ձեր կարիերային, ի՞նչը կուզեիք փոխել կամ ի՞նչը չեք հասցրել անել:

-Շատ եմ մտածել այդ մասին: Եթե ես Շվեյցարիայի մրցույթից հետո ընտրեի ուրիշ երկրի դպրոց, իմ կարիերան գուցե ուրիշ կերպ ընթանար: Այսինքն, եթե ես գնայի Լոնդոնի թագավորական դպրոց, գուցե ես ավելի մեծ անուն ունենայի, բայց ես չէի սովորի խորեոգրաֆիայի այն նրբությունները, որ սովորեցի Ջոնից: Եվ ես չէի հայտնվի այդ թատրոնում, մեծ արտիստների հետ չէի աշխատի: Զղջալու ոչ մի բան չունեմ, ու այն, ինչ եղել է, ուրեմն ճիշտը դա էր:

Ի՞նչ գործունեություն եք հիմա ծավալում:

-Ես հիմա աշխատում եմ որպես ազատ խորեոգրաֆ, նաև Ստոկհոլմում, արդեն հինգ տարի է, ընկերներով միջազգային դպրոց ենք հիմնել: Դասավանդում եմ, նաև երեխաների համար բալետային ներկայացումներ բեմադրում: Տարվա մեջ վեց ամիս աշխատում եմ որպես ազատ խորեոգրաֆ, տարբեր երկրներում ներկայացումներ բեմադրում: Վերջերս Սլովակիայում բեմադրեցինք Ֆրանց Կաֆկայի «Դատավարությունը», Բուլղարիայում ենք ունեցել ներկայացումներ: Վեց ամիս էլ դպրոցում եմ աշխատում:

Արսեն Մեհրաբյան-խորեոգրաֆ-6

«Արշիլ Գորկի» բալետը


Դուք Ցեղասպանության 100-րդ տարելիցին «Արշիլ Գորկի» ներկայացումն էիք բեմադրել:

-Շատ մեծ նախագիծ էր: Արշիլ Գորկին այն արտիստներից է, որն ինձ շատ է ոգեշնչել՝ թե՛ իր կյանքը, թե՛ նկարները: Այդ կոնտրաստը՝ իր նկարներն ու կյանքը ոնց է բնութագրում, ուղղակի հրաշալի է: Նախագծի վրա երկու տարի աշխատել եմ․ երաժշտությունն եմ հավաքել, լիբրետոն եմ գրել, և շատ ուրախ էի, որ համերգը կայացավ ու բեմադրվեց Երևանում:

Իսկ ինչո՞ւ այժմ չկա խաղացանկում:

-Նախագիծն արվեց եվրոպացի արտիստների հետ միասին, և հիմա կազմը հավաքելը մի փոքր դժվար է:

Իսկ հայ արտիստների մասնակցությա՞մբ:

-Իհարկե կլինի, բայց ես մի փոքր դժվարություն ունեմ այստեղ Արշիլ Գորկու դերակատար գտնելու հարցում: Դրսից էլ եթե որևէ մեկին հրավիրեմ, որ գա, ինչը իրատեսական է, կլինի մեկ կամ երկու անգամ: Մշտական հնարավոր չէ: Օպերային թատրոնի հետ եղան խոսակցություններ, որ ներկայացումը պատրաստենք, բայց դեռ հստակ արձագանք չեղավ: Այնպես չէ, որ այստեղ արտիստները վատն են, բայց Գորկին այնպիսի դեր է, որ հասուն արտիստ պետք է լինի, որ կարողանա մարմնավորել: Հետո անընդհատ ուրիշ նախագծեր են առաջ գալիս, ու այդպես ժամանակ չի մնում ներկայացման վրա կենտրոնանալու համար:  

Արսեն Մեհրաբյան-խորեոգրաֆ-8

«La Sylphide» բալետը


Դուք նաև բեմադրել եք «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ներկայացումը:

-Այո, 2018-ին: Տիգրան Միքայելյանը պարեց: Այն ժամանակ Տիգրանը Բավարիայի թատրոնի մենակատար պարող էր: Արամ Խաչատրյանի 120-ամյակին որոշեցինք նորից վերականգնել ներկայացումը: Հիմա այդ աշխատանքներով ենք զբաղված:

Այս տարի կտեսնե՞նք բեմում:

-Այո, այս տարի, ամենայն հավանականությամբ ապրիլին կտեսնեք բեմում: Մեկ գործողությամբ բալետ է, «Շամիրամի տեսիլք» է կոչվում, և շեշտը դրված է Շամիրամի վրա, քան Արայի:

Ձեր բեմադրություններից որո՞վ եք ամենաշատը հպարտանում:

-«Արշիլ Գորկի»-ով:

Արսեն Մեհրաբյան-խորեոգրաֆ-9

«Քնած գեղեցկուհի» բալետը


Հաճա՞խ եք գալիս Երևան:

-Այո, տարվա մեջ մի քանի անգամ:

Օպերային թատրոնի հետ կապ կա՞:

-«Բարեկամություն» համույթի հետ կա:

Դե «Բարեկամության» հետ անձնական կապ էլ կա (Արսեն Մեհրաբյանը «Բարեկամություն» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի որդին է - Հեղ․):

-Դե հա (Ծիծաղում է - Հեղ): Օպերային թատրոնի հետ կապը կա, բայց համագործակցություն չկա:

Արսեն Մեհրաբյան-խորեոգրաֆ-10

Այս տարիների ընթացքում Երևանի բալետային կյանքում փոփոխություններ նկատո՞ւմ եք:

-Այո, փոփոխություններ կան, ահագին ներկայացումներ են բեմադրվել: Լավ երիտասարդներ կան: Լավ կլիներ, որ տարբեր ոճերի ներկայացումներ լինեին: Պարային լեզուն պակասում է:

Ձեր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով հայկական խորեոգրաֆիային, ասել եք․ «Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել կամ քննադատել, բայց դասավանդողներ կան, որոնք նաև ինձ են սովորեցրել, մինչև հիմա նույն ոճով են աշխատում, ինչ քսան տարի առաջ: Իսկ չէ՞ որ նրանց ոճում շատ բան հնացել է՝ տեմպը, ոճը, դինամիկան: Ու դա է հիմնական խնդիրը»: Այս տեսակետը մնացե՞լ է:

-Տեսակետը մնացել է անփոփոխ: Դա միայն իմ կարծիքը չէ, դա շատերի կարծիքն է: Մենք համակարգի խնդիր ունենք: Մեր դպրոցը ռուսական հիմունքներով է՝ Վահանովայի մեթոդիկայով, որը շատ լավն է ու ամբողջ աշխարհում ընդունված: Բայց դրա հետ միասին բազմաթիվ փոփոխություններ են լինում բալետային աշխարհում, և այսօր մենք այդ փոփոխություններից ենք հեռացել։ Դասավանդման մեր տեմպը շատ դանդաղ է, դրանից մկաններն էլ դանդաղ են աշխատում: Հիմա ռուսական դպրոցի հիմունքներին խառնում են ամերիկյանը, ֆրանսիականը, եվրոպականը, որը փոխում է աշխարհայացք: Այսօր Պարարվեստի պետական քոլեջը ղեկավարում է Դավիթ Գալստյանը, ու քանի որ Դավիթն էլ է Ֆրանսիայում աշխատել, այդ ուղղությամբ աշխատում է, որ լինեն փոփոխություններ: Իմ խոսքերը ոչ թե թերագնահատում են որևէ ուսուցչի, չէ, ես նրանց շատ հարգում եմ, այլ ուղղակի համակարգն իրեն սպառել է, ու պետք է շարժվել այսօրվա մեթոդներով:

Իսկ դուք կուզեի՞ք որպես խորեոգրաֆ կամ որպես ուսուցիչ այստեղ աշխատել:

-Երևան գալուց միշտ փորձում եմ Պարարվեստի քոլեջում վապետության դասեր անցկացնել ու այդպես իմ ներդրումն ունենալ:

Արսեն Մեհրաբյան-խորեոգրաֆ-11

2019 թվականին նման միտք եք արտահայտել․ «Տղաները հավանաբար ավելի են նպատակաուղղված հաջողությանը, ավելի են կենտրոնացած կարիերայի վրա: Աղջիկների մտքում ավելի շատ ամուսնությունն է և երեխաները: Ես Երևանում հետևել եմ, «ապագա» պրիմաների չեմ նկատել»:

-Հա, ասել եմ նման բան (Ծիծաղում է - Հեղ․):

Չորս տարի անց նույն կարծիքի՞ն եք:

-Հիմա կարծիքս փոխվել է: Հիմա տղաների մասով է խնդիրը: Կան աղջիկներ բալետում, որ ավելի ակտիվ են, հետաքրքրություն ունեն: Չգիտեմ՝ ընտանիք կազմելն աղջիկների համար նորմալ է Հայաստանում, և աղջիկների մոտ դա ավելի արագ է լինում, քան տղաների: Հիմա նոր սերնդի մեջ տղաների խնդիր կա, տղաների պակաս կա:

Իսկ արտերկրի թատրոններում է՞լ է այդպես, որ աղջիկներն ավելի շատ, ինչպես դուք եք ասում, առավելապես մտածում են ամուսնության ու երեխաների մասին:

-Չէ, չէի ասի: Այնտեղ կարիերայի մասին ավելի շատ են մտածում, քան այստեղ: Բայց, չգիտեմ: Երևի նաև այստեղի կյանքից է գալիս: Իմ ժամանակ այդպես էր: Մենք ուժեղ տղա արտիստների սերունդ ենք տվել: Հիմա սերնդափոխություն է եղել, ու աղջիկներն են ավելի շատ զբաղվում բալետով:

Ձեր կենսագրության մեջ նշված է, որ դուք «Ապագա կամուրջ» հայկական կրթական և մշակութային ասոցիացիա- միության նախագահն եք: Ինչո՞վ է զբաղվում միությունը:

-Արդեն մի քանի տարի է՝ ասոցիացիան չկա: Մի քանի հաջող նախագծեր արեցինք, բայց դժվար էր աշխատանքի հետ նաև դա վարել: Եվ ես որոշեցի ասոցիացիան փակել:

Ապագայի պլանները որո՞նք են:

-Ստեղծագործել ու միայն ստեղծագործել, ունենալ հետաքրքիր նախագծեր: Հուսանք, որ մեր երկիրը խաղաղ կլինի ու կկարողանանք մեծ գործեր կատարել:

Արսեն Մեհրաբյան-խորեոգրաֆ-12

Ի՞նչ կցանկանայիք բեմադրել:

-Փարաջանով, Չեխովի «Ճայ»-ը, Շեքսպիրի «Մակբեթը», Մոցարտ՝ «Ռեքվիեմ»:

Կյանքի ամենադժվար որոշումը:

-Հայաստանից գնալը:

Չե՞ք փոշմանել, որ գնացել եք:

Չեմ փոշմանել:  

 

Զրուցեց Հասմիկ Հարությունյանը

Լուսանկարեց Աննա Շաշիկյանը

Կարող եք կարդալ նաև՝ 

Մարիա Աղաբաբովա․ Երազում եմ Էգինայի դերի մասին, բայց ես գիտեմ իմ հնարավորություններն ու այդ դերին երբեք չեմ մոտենա

Ռուբեն Մուրադյան․ Իմ թիկունքում էլ կա իմ «Ֆրիգիան»

Նարե Մարկոսյան․ «Պարեցի Մաշայի «պա-դե-դեն» ու ետնաբեմում քրոջս ասացի, որ այս ամենն իր համար եմ անում»

Սևակ Ավետիսյան․ Երբ հագնում եմ վանահոր վեղարը, միանգամից դառնում եմ ուրիշ մարդ

Կարինա Շիկանյան․ Եթե ես լինեի Ջուլիետի փոխարեն, սիրածս տղայի հետ կփախչեի

Ավետիս Բարսեղյան․ Հասկացա, որ ուզում եմ անել այն, ինչ Մինաս Ավետիսյանը

Անդրանիկ Աբովյան․ Կգնամ խենթ քայլի ու հենց «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման ժամանակ առաջարկություն կանեմ

Սյուզի Փիրումյան․ Ներկայացումից հետո ասացի․ «Պապ, նայի՛ր, աֆիշայի վրա իմ անուն- ազգանունն է գրված»

Րաֆֆի Գալստյան․ Երազում էի դառնալ նախագահ, բայց դարձա բալետի արտիստ

Անահիտ Վասիլյան․ Բեմ դուրս գալուց առաջ միշտ աղոթում եմ

Ռազմիկ Մարուքյան․ Եթե առողջությունս ների, կուզեմ մինչև կյանքի վերջ Կրասոս պարել

Տաթևիկ Բոլշիկյան․ Բալետի հանդեպ սեր առաջին հայացքից չի եղել  

fastnews-ads-banner