VNews Culture-ի զրուցակիցն է Գերմանիայի Դորտմունդի թատրոնի նախկին, այժմ Կոբլենցի թատրոնի մենակատար Արսեն Ազատյանը:
Արսեն, ո՞նց եկաք մտքին, որ պետք է դառնաք բալետի արտիստ:
-Փոքր տարիքից ժողովրդական պարերի խմբակ եմ հաճախել․ «Կակաչ» էր կոչվում: Ուսուցիչը նաև Պարարվեստի ուսումնարանում էր դասավանդում, ու նրա մտահղացումն էր, որ ընդունվեի ուսումնարան՝ ժողովրդական պարերի բաժին: Բայց այդ տարիքում միայն բալետի բաժնում էին երեխաներին ընդունում, և ուսումնարան ընդունվեցի այն մտքով, որ վեցերորդ դասարանից պետք է տեղափոխվեմ ժողովրդական պարերի բաժին: Բայց հետո ճանաչեցի բալետն ու որոշեցի ուղղվածությունը չփոխել: Ինձ ասում էին, որ եթե կարողանամ բալետի բաժինն ավարտել, ցանկացած անսամբլում կկարողանամ պարել: Բալետն ավելի դժվար էր, եթե կարողանայի գոյատևել ու ավարտել՝ նշանակում էր պատրաստ լինել ամեն ինչի: Մոտիվացիան բալետում ուրիշ էր: Բալետն ավելի հետաքրքիր էր:
Ի՞նչն առավելապես Ձեզ հետաքրքրեց բալետում:
-Երբ ընդունվեցի ուսումնարան, ոչինչ չգիտեի բալետի մասին, ու կամաց-կամաց սովորեցի, ճանաչեցի: Նայում էի տարբեր արտիստների «վիդեոները», առավելապես տեխնիկան էր ինձ գրավում, նայում էի և ուզում էի, որ ես էլ կարողանայի նույն շարժումներն անել: Տեխնիկան, իհարկե, բալետի էությունը չէ, ընդամենը մի մասնիկն է, բայց հենց դրանից սկսվեց մոտիվացիան, որ անընդհատ պարապեմ, որքան հնարավոր է շատ, որ կարողանամ հասնել այդ մակարդակին:
Ուսումնարանն ավարտել եք, բայց Օպերային թատրոնում երբեք չեք պարել:
-Այո, ավարտելուց հետո միանգամից մեկնել եմ Գերմանիա: Կրթաթոշակ էի ստացել, ու երկու տարի Մյունխենի բալետի ակադեմիայում եմ սովորել: Կարիերաս սկսել եմ Դորտմունդի թատրոնից: Տասը տարի Դորտմունդի թատրոնում եմ աշխատել, այժմ Կոբլենցի թատրոնում եմ, ու մինչև հիմա բացահայտում եմ բալետը: Հայաստանում իմ պատկերացումները բալետի մասին 2D էին, իսկ հիմա բացահայտում եմ մնացած կողմերը՝ սպորտից ու մարմնից դուրս՝ էմոցիան, հոգեբանությունը: Ու ես հասկացել եմ, թե էմոցիան որքան կարևոր է: Տեխնիկան՝ ասես սովորեցնեն տառերը գրել, իսկ հետո արդեն այդ «տառերով» դու պետք է կարողանաս հետաքրքիր բան գրել, որը կառաջացնի տարբեր զգացմունքներ:
Դերերը կերտելիս ամենաառաջինն ինչի՞ն եք ուշադրություն դարձնում:
-Մարդուն, որ կանգնած է այդ դերի հետևում: Ո՞վ է մարդը, ի՞նչ է մտածում, ինչո՞ւ է այդպես մտածել: Երբ այդ մարդու հագուստը հագնում ես, սկսում ես ուրիշ ձև քայլել: Մտածում եմ՝ իմ տեսանկյունից ապրել այդ դերը: Բայց դա էլ այնքան հետաքրքիր է, քանի որ նույն դերը տասը տարի առաջ ու տասը տարի հետո բոլորովին այլ կերպ ես կերտում: Դա էլ կախված է իմ՝ որպես մարդ այդ տարիների ընթացքում զարգանալուց, բայց զարգանալն այդքան էլ ճիշտ բառ չէ․․․
Հասունանալուց:
-Հա, երևի թե հասունանալուց:
Երբևէ մտածո՞ւմ եք, թե հանդիսատեսը Ձեր ներկայացումից հետո ի՞նչ մտքերով կամ էմոցիաներով է դուրս գալու դահլիճից: Ու որքանո՞վ է դա Ձեզ համար կարևոր:
-Չեմ խորանում: Հանդիսատեսը եզակի է հնչում, բայց դահլիճում նստած է հազար հոգի մարդ: Հանդիսատեսի մեջ կարող է լինել մարդ, ով իմ տասը տարի առաջվա մենթալիտետն ունի, մյուսը՝ քսան տարի առաջվա, երրորդը՝ ինձանից առաջ է տասը տարով: Չես կարող բոլորի հետ կապ գտնել: Ինձ համար կարևոր է, որ բոլորի հետ ազնիվ լինեմ բեմում: Երբ ես եմ նստած որպես հանդիսատես, ինձ համար դա է կարևոր, որ արտիստը բեմում չխաղա, այլ ազնիվ լինի: Եթե արտիստը միայն տեխնիկական հնարքներ ցույց տա, ապա ես դահլիճից դուրս գալուց հինգ րոպե անց կմոռանամ: Բայց ես կհիշեմ այն էմոցիան, որն ապրել եմ այդ պահին:
Ինչպե՞ս եք հասնում նրան, որ կերպարը կերտելիս հասնեք այդ ազնվությանը:
-Դրան փորձում եմ հասնել ինձ հետ ազնիվ լինելով: Ես, մինչ պարող լինելը, առաջին հերթին մարդ եմ, ու երբ դուրս եմ գալիս բեմ ու պետք է լինեմ ինչ- որ մեկ ուրիշը, այդ ժամանակ ես ոչ թե պարող եմ, այլ մարդ, ով պարում է: Մեդիում, որի միջոցով ես ինչ-որ բան եմ փոխանցում: Բայց այդ ես չեմ, ես այդ հոգեվիճակն ինչ-որ բանի միջոցով փոխանցողն եմ: Եթե ես զգում եմ, որ բեմում ինչ-որ բան դժվարանում եմ փոխանցել, ուրեմն ես իմ կյանքով՝ բեմից դուրս կյանքով, պետք է փոխեմ, որպեսզի հետո բեմում չխաղամ, այլ ապրեմ, որպեսզի կեղծ չլինեմ: Դա նույնն է, որ դուք հիմա ինձ հարցեր եք տալիս ու ես փորձեմ խոսել շատ գրական հայերենով, այլ ոչ թե իմ ամենօրյա լեզվով: Դա շատ կեղծ կլինի, ու դա ինձ համար ճիշտ չէ:
Եղե՞լ են դեպքեր, երբ չեք կարողացել կերպարը կերտել ու, ինչպես Դուք ասացիք, իրական կյանքում եք աշխատել Ձեզ վրա, որ կարողանաք դերը մարմնավորել:
-Դա պոստֆակտում է գալիս: Դա կարող ես տեսնել ու հասկանալ հետո: Այդ պահին դու դերը հասկանում ես այնքան, որքան որ քո հասունացումն է որպես մարդ, որքան ունակ ես հասկանալ: Բայց հնարավոր է տասը տարի անց նորից վերադառնաս դերին ու հասկանաս, որ լիքը բաց անկյուններ կան: Երբ երիտասարդ ես, ուզում ես շատ տեխնիկա, շարժումներ ու թռիչքներ ցույց տալ, ու դա գալիս է նրանից, որ դեռ արտիստը չի հասել նրան, որ հասկանա կերպարը: Ուզում ես հանդիսատեսին գրավել տեխնիկայով, որ քեզ հիշեն տեխնիկայով: Քեզ թվում է՝ դա ամենալավն է, ամենադժվարն է, բայց հետո հասկանում ես, որ դա դերի հետ ընդհանրապես կապ չուներ: Որովհետև դա ուղղակի շարժում էր, մինչդեռ շարժումով պետք է բան ասեիր, փոխանցեիր: Բեմում պետք է ազնիվ լինես, որովհետև եթե ազնիվ չես, չես կարողանում կերպարդ մարմնավորել: Դրա համար էլ ասում են՝ «էս դերի համար դեռ ջահել ես»: Օրինակ՝ «Ժիզել»-ում Ալբերտը երկրորդ ակտում բեմ է դուրս գալիս ու ուղղակի քայլում է, տեխնիկա չկա, ոչինչ չկա, բայց այդ քայլը, հետագիծը կյանք պետք է ունենա, պետք է այդ քայլն ապրած լինես: Պետք է կյանքում սխալ արած լինես, զղջաս, որ հասկանաս, թե դա ինչ է: Բայց 18 տարեկանում դժվար է դա հասկանալ: Շատ կարևոր է տարիքի հետ դա տեսնել: Մարդ կա՝ տարիներ շարունակ պարում է ու իր համար առաջնահերթ մնում է միայն տեխնիկան: Հիմա տեխնիկան կարող ես մտնել YouTube-ով էլ տեսնել, բայց կարևորը՝ հանդիսատեսին քո պարն էմոցիոնալ առումով կտանի՞, թե՞ չի տանի:
Սիրելի դեր ունե՞ք:
-Չէ, չկա կերպար, որ ասեմ սիրելի է: Ինչ դեր էլ առաջարկում են մարմնավորելու, ինձ առաջին հերթին հետաքրքիր է կերպարը վերլուծելու պահը: Ես շատ հարցեր եմ տալիս բեմադրողին, որոնք մեծ մասամբ տեխնիկայի հետ կապ չունեն: Ուզում եմ հասկանալ՝ բեմադրիչն այդ կերպարը ոնց է տեսնում: Որովհետև բեմադրիչը կերպարը տեսնում է իր ապրած կյանքի պրիզմայով: Ես ուզում եմ նախ հասկանալ բեմադրիչին, բայց հետո, միևնույն է, ես պետք է բեմում լինեմ այնպես, ինչպես ես եմ զգում կերպարը: Որովհետև եթե ես կերպարը ներկայացնեմ միայն բեմադրիչի կյանքի պրիզմայով, անկեղծ չեմ լինի: Եթե ես իմը չներկայացնեմ, դա կլինի ուղղակի աշխատանք, մինչդեռ․․․
Մինչդեռ Դուք ամբողջությամբ ներդնում եք Ձեզ բալետում:
-Չեմ ուզում հերոս բաներ ասել (Ծիծաղում է - Հեղ․), բայց փորձում եմ մինչև վերջ հասկանալ կերպարը, կերպարի միջի մարդուն: Այդ մեկ ժամվա բալետը մարդու ապրած կյանքի 20-30 տարին է: Ու որպեսզի կարողանաս հանդիսատեսին հասցնել, պետք է վերլուծես, հասկանաս: Բալետի աշխարհում կա հստակ «ճիշտ» ու «սխալ»: Ու դա շատ դեպքերում խանգարում է կերպարը տեսնելուն: Երբեմն լինում է, չէ՞՝ մենք նայում ենք աբստրակտ որևէ նկարի, ու մեկը կլինի, որ դա կընկալի ուղղակի գույների խզբզոց, մեկ ուրիշին այդ գույները կթվան շատ հոգեհարազատ: Այդ առումով դատելու պահը շատ դեպքերում խանգարում է: Ու, երբ դու սկսում ես դատել մյուսներին, սկսում ես անհանգստանալ, որ վաղը, մյուս օրը քեզ էլ են ճիշտ ու սխալ հանելու: Ու դրա համար էլ շատ արտիստներ բեմ դուրս գալուց առաջ սկսում են աղոթել, ճմկթել և այլն: Ես չեմ ասում, որ մարդ պետք է կատարյալ հանգիստ բեմ դուրս գա, բայց այդ վախը շատ դեպքերում նրանից է, որ մտածում են, որ հիմա կդատեն:
Դուք ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին:
-Շատ նորմալ: Ես կարող եմ իմ գործընկերների, ընկերների հետ դերը քննարկել, կարող եմ տանը խոսել դերի մասին: Քննադատությանը նորմալ եմ վերաբերում, եթե այն «ճիշտ ու սխալի» մեջ չէ: Եթե քննադատությունը բերում է ավելի լավ որակի ու արդյունքի, ես միշտ կողմ եմ: Քննադատությունը պետք է լինի ոչ թե «սենց չանես՝ լավ չի», այլ թե ինչպե՞ս է լավ ու ինչո՞ւ է լավ:
Ձեր խոսքում ասացիք, որ շատ արտիստներ վախենում են, որ իրենց պարը կդատեն ու դրանով պայմանավորված՝ աղոթում են և այլն: Դուք նման սովորույթներ ունե՞ք:
-Ժամանակին ես այդ սովորույթներն ունեցել եմ, ու ըստ իս, այն պահից, երբ ես այդ սովորույթները հաղթահարեցի, սկսեցի ավելի լավ պարել ու հաճույք ստացա իմ աշխատանքից: Ու այդ զգացողությունն ինձ բեմում ազատություն է տվել: Բեմում ոչ թե մտածում եմ՝ «վայ, սխալ չանեմ, որ չդատվեմ», այլ մտածում եմ՝ «ինձ ամբողջությամբ նվիրեմ պարին ու կերպարին, ոչինչ, եթե մեջը սխալ կլինի, թո՛ղ դատեն»: Ու ես լիցքաթափված ու դատարկված՝ բեմից դուրս եմ գալիս: Ես էլ չեմ մտածում՝ հանդիսատեսն ի՞նչ մտածեց, որովհետև գիտեմ, որ ես ամեն ինչ տվել եմ: Իսկ վերցնողն ինչ կարող էր՝ վերցրեց:
Մինչև ինքներդ Ձեզ հաղթահարելը, դատվելուց ու քննադատությունից շա՞տ եք կոտրվել ու հիասթափվել։
-Զգացել եմ, որ երբ մեջս բարկություն կամ որևէ այլ տեսակի բացասական զգացմունքներ են կուտակվել, միշտ ինչ-որ վնասվածք եմ ստացել, որովհետև դա էներգետիկայով պետք է մի տեղից ջարդվի ու դուրս գա: Ու ամեն կոտրվածքը, վնասվածքն ընդունել եմ որպես «մեսիջ», որ եթե վնասվածքն ինձ երկու ամսով շարքից հանել է, ուրեմն ինձ այդ ժամանակը պետք է, որպեսզի ես ինչ-որ բան հասկանամ: Ու ես այդ ընթացքում փորձել եմ հասկանալ, վերլուծել ու, երբ նորից եմ սկսել, աշխատել եմ չսկսել այն կետից, որտեղ վերջացրել եմ: Գոնե հոգեբանական առումով սկսեմ ուրիշ, ավելի բարձր կետից:
Բալետը, կերպարները, վերլուծությունները, քննադատություններն ու դատվելու վախը Ձեզ որպես մարդ փոխե՞լ են:
-Անպայման, իհարկե, փոխել են:
Ինչո՞վ:
-Այնքան դժվար է այդ հարցին պատասխանելը: Եթե ես լինեի փայտ մշակող, հաստատ այդ աշխատանքից էլ կփոխվեի: Բալետն իմ մասնագիտությունն է, ես սիրով եմ զբաղվում իմ գործով, որովհետև առանց սիրո անհնար է ու ֆիզիկապես ուղղակի չես կարող դիմանալ: Առանց սիրո բալետը նման է տանջանքի: Հիշում եմ՝ առաջին վնասվածքից վերականգնումը շատ երկար տևեց, ու հոգեպես շատ կոտրված էի, ու մտքումս անընդհատ դրամա էր, թե ո՞նց պետք է անեմ, ի՞նչ պետք է անեմ: Բայց այդ ամենի միջով անցնելուց բոլորն էլ կոտրվում են, հասկանում ես, որ դու մենակ չես, ու սկսում ես այլ կերպ մտածել: Սկսում ես հասկանալ, որ քանի որ բալետը ժամանակավոր է, պետք է վայելես մինչև վերջ:
Դուք Ձեր խոսքի սկզբում գոյատևել բառը նշեցիք: Ձեր շատ խաղընկերներ նշում են, որ բալետի աշխարհում պետք է միշտ գոյատևել: Ամեն օր կա մրցակցության ու գոյատևման հարց:
-Անկեղծ ասեմ` ես մրցակցության մարդ չեմ: Իմ մեջ մրցակցություն չկա: Եթե ես լավ բան եմ տեսնում այլ արտիստի մոտ, դա ինձ մոտիվացնում է: Ես հաճախ այդ շարժումը կամ թռիչքն անում եմ, որ հասկանամ, թե ինչ զգացողություններ է դա տալիս: Իսկ այդ գոյատևելու պահը, այն էլ՝ բալետի աշխարհում․․․ Այս վերջերս ուշադրություն եմ դարձնում, երբ բալետի մարդիկ խոսում են, բալետը շատ են առանձնացնում արվեստի մնացած ճյուղերից: Ես այդքան կողմ չեմ, երբ շատ են կենտրոնանում ու ասում՝ «Վայ, բալետն ամենասիրուն արվեստն է, ես էլ մենակատար եմ ու ամենա-ամենան եմ»: Ես այդպես չեմ մտածում: Նկարչի համար կերպարվեստն է ամենալավը, երաժշտի համար՝ երաժշտությունը, օպերային երգչի համար՝ օպերան: Ես բալետը դիտարկում եմ որպես արվեստի ճյուղ, դժվար, արվեստի մնացած ճյուղերի համեմատությամբ կարճաժամկետ, նկատի ունեմ արտիստի ստեղծագործական կյանքի առումով, բայց մնայուն արվեստ: Մենք՝ բալետի արտիստներս, միշտ հայելու հետ ենք աշխատում, մենք ամեն վայրկյան մեզ դատում ենք ու, միաժամանակ, բոլորին ենք դատում հայելու միջոցով: Ու այդ ճիշտն ու սխալը մեր մեջ դեռ փոքրուց այնքան շատ է, որ մենք մեզ միայն բալետի արտիստ ենք զգում, հետևում կանգնած մարդուն չենք զգում: Ու արվեստի մնացած ճյուղերի մարդկանց էլ դատում ենք: Ես փորձում եմ հորիզոնը չնեղացնել: Ու այդ առումով էլ, երբ ժամանակը կգա, հանգիստ խղճով կդադարեմ պարել ու կգնամ կզբաղվեմ նրանով, ինչով կուզեմ: Այսինքն՝ ես չեմ մտածում, որ ես միայն բալետի պարող եմ: Շատ արտիստներ ընկնում են դեպրեսիայի մեջ, որովհետև իրենք իրենց ընդունում են միայն բալետի պարող: Հետևում եղած մարդուն չեն տեսնում:
Արդեն մտածո՞ւմ եք՝ ինչ եք անելու բալետի արտիստի կարիերան ավարտելուց հետո:
-Դեռ չեմ մտածել, բայց անկեղծ կլինեմ: Առաջ մտածում էի, որ երևի թե կդասավանդեմ: Բայց վերջին տարիներին մտածում եմ, որ կարիերան ավարտելուց հետո չգիտեմ՝ ինչ կանեմ, բայց հաստատ դա բալետի հետ կապ չի ունենա: Երևի թե նոր բան կսովորեմ և ուղղությունը կփոխեմ:
Իսկ մինչ կարիերան ավարտելը նպատակներ ունե՞ք:
-Ուզում եմ միայն վայելել: Բեմը տալիս է այն զգացողությունները, որոնք ուրիշ որևէ տեղից չես կարող ստանալ: Ու եթե քո առաջ շրջանակներ ես դնում, ու եթե հետո դա չլինի, դառնում ես դժբախտ ու չարացած պարող: Ես փորձում եմ ցանկացած դերից, ներկայացումից հաճույք ստանալ․ ինչ դեր կամ ներկայացում կլինի՝ միևնույն է: Մտածում էի՝ արդյո՞ք ունեմ երազանքի դեր, բայց, չէ, երբեք չեմ ունեցել:
Դուք հիմա երջանի՞կ եք:
-Շատ:
Ե՛վ կյանքում, և՛ բեմի վրա՞:
-Այո: Ես հասել եմ, նրան, որ եթե կյանքում երջանիկ եմ, ապա բեմի վրա էլ եմ երջանիկ:
Ունեցե՞լ եք սխալներ, որոնց համար փոշմանում եք:
-Սխալներ ունեցել եմ: Իհարկե, սխալներ կան, որ կուզեի չանել: Բայց այդ պահին միշտ մտածում եմ, որ հենց հիմա այնտեղ, որտեղ ես կամ, ու այն, որ ես հիմա ներդաշնակ եմ այն կյանքի հետ, որն ապրում եմ, ուրեմն ամեն ինչ ճիշտ է եղել: Ու գուցե հենց այդ սխալները պետք է անեի, վերլուծեի, որ հասնեի այստեղ:
Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Օգտագործվել են արխիվային կադրեր
Կարող եք կարդալ նաև՝
Մարիամ Կարապետյան․ Ինձ անվանում են եգիպտական բեմի հայ «Կլեոպատրա»
Հակոբ Խառատյան․ Պետք է հարմարավետության գոտուց դուրս գալ՝ ինչ-որ բանի հասնելու համար
Աննա Կոստանյան․ Իսրայելում ինձ ասում էին, որ կրակ եմ, որը մտնում է բեմ ու ամբողջ բեմը գրավում
Արմինա Խաչատրյան․ 31 տարեկանում վերջապես դարձա բալետի արտիստուհի