Արքայազն Հարին և Մեգան Մարքլը շարունակում են աշխատել Netflix-ի հետ։ Նրանք նոր վավերագրական ֆիլմաշարի պրոդյուսերներն են, նաև մասնակցում են դրա նկարահանումներին։ Նախագիծը կոչվում է «Live to Lead», հայտնում է Variety-ն։
Շոուն բաղկացած է լինելու 7 դրվագից, որոնք ներառում են հարցազրույցներ համաշխարհային դեմքերի հետ՝ էկոակտիվիստ Գրետա Թումբերգ, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերն, սոցիալական արդարության հարցերով փաստաբան և իրավապաշտպան Բրայան Սթիվենսոն, ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Ռութ Բեյդեր Գինսբուրգ, Հարավային Աֆրիկայի ռեգբիի հավաքականի կապիտան և սոցիալական անհավասարության դեմ պայքարող Սիա Կոլիսի, ֆեմինիստ ակտիվիստ Գլորիա Սթայնեմ:
Սերիալը ոգեշնչվել է Նելսոն Մանդելայի ժառանգությունից։ Իսկ անվանումը հղում է անում նրա հայտնի արտահայտությանը.
«Կյանքում կարևորը միայն այն փաստը չէ, որ մենք ապրել ենք: Այն, ինչ մենք փոխում ենք ուրիշների կյանքում, որոշում է մեր ապրած կյանքի իմաստը»:
Սերիալի արտադրությամբ զբաղվում են «Blackwell & Ruth», «Archewell» և «Cinetic Media» ընկերությունները՝ Նելսոն Մանդելայի հիմնադրամի հետ համատեղ:


