Շուտով «Արմենիա TV»-ի եթերում կլինի «Ջիմի Ջիմի» նոր սիթքոմը: 16 մասանոց նախագծում են նկարահանվել Արմուշը, Ռաֆայել Երանոսյանը, Ժաննա Բուտուլյանը, Լևոն Հարությունյանը, Վահան Թովմասյանը, Անի Մեհրաբյանը և մի շարք հնդիկներ: Ռեժիսորը Հայկ Վարդանյանն է: Սցենարը գրել են Արմեն Վարդանյանը, Գևորգ Սահակյանն ու Գոշ Ենոքյանը: Սիթքոմը պատմում է հնդիկ առաքիչի վրաերթի և դրա հետևանքների մասին:
«Fast News Culture»-ի հետ զրույցում ռեժիսորը խոստովանեց՝ գործակցության առաջարկն ընդունել է սցենարը կարդալուց և այն հավանելուց հետո: «Շատ հետաքրքիր նախագիծ ենք նկարահանել: Առաջին անգամ հայկական կարճամետրաժ սերիալում կան հնդկական մոտիվներ և խաղում են հնդիկներ: Այս թիմի հետ առաջին անգամ եմ աշխատել՝ սկսած օպերատորներից մինչև դերասաններ: Նկարահանման առաջին իսկ օրը հասկացանք, որ ճիշտ ընտրություն ենք կատարել՝ իրենք ընտրելով ինձ, ես ընտրելով իրենց: Շատ շուտ ենք հարմարվել միմյանց: Երբ տեսնում ես պրոֆեսիոնալ մոտեցում, դու էլ քո առավելագույնն ես անում, որ նախագիծը լավագույնս ստացվի», - անկեղծացավ Հայկը:
Ռեժիսորն առանձնացնում է Արմուշի և Ռաֆոյի հետ աշխատանքը: Խոստովանում է՝ նրանց տեսարանները նկարահանելիս չեն կարողացել լրջանալ: «Այնպիսի իմպրովիզներ էին անում, այնքան հետաքրքիր հումոր էին անում, որ ամբողջ թիմը ծիծաղում էր: Ես ավելի շատ դրամա եմ նկարահանել: Այնտեղ իմպրովիզը քիչ է, իսկ կատակերգությունում իմպրովիզի 20%-ը դերասանից է գալիս: Սցենարիստը ճանաչելով Ռաֆոյին և Արմուշին՝ իրենց համապատասխան սցենար է գրել: Այսինքն՝ իմացել է՝ ինչ կարող են շատ լավ անել և դրա հիման վրա էլ գրել է սցենարը», - նկատեց Հայկը:
Հատուկ «Ջիմի Ջիմիի» նկարահանումների համար Արմուշը ԱՄՆ-ից եկել է, իր տեսարանները նկարահանվել ու նորից մեկնել է: Անի Մեհրաբյանն էլ մարմնավորել է հնդիկի: Ռեժիսորն ընդգծում է՝ շատ կարևոր է, որ գործողությունները միայն մեկ վայրում չեն կատարվում: «Այս նախագիծը մյուս հայկական սիթքոմներից տարբերվում է նրանով, որ գործողությունները կատարվում են տարբեր վայրերում: Նկարահանումներ ենք ունեցել Սևանում, Ծաղկաձորում, երևանյան փողոցներում», - նշեց Հայկը:
Սիթքոմի վերջին սերիան եթերում կլինի Ամանորին:
Լուսանկարները՝ Հայկ Վարդանյանի արխիվից