Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը միանգամից երկու հաջողություն է գրանցել․ ֆիլմն ընտրվել է Սլովակիայի Fest Anca անիմացիոն միջազգային կինոփառատոնի «Համաշխարհային պանորամա» ծրագրում, միաժամանակ ընդգրկվել է Հնդկաստանի SIFFCY - Smile միջազգային մանկապատանեկան կինոփառատոնի պաշտոնական մրցույթում, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
Պետական ֆինանսական աջակցություն ստացած ֆիլմը «Հոշկի Ֆիլմ» կինոընկերության հայ-իրանական առաջին անիմացիոն ֆիլմն է։ Ռեժիսորի հետ միասին՝ ֆիլմի սցենարի հեղինակ է ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը։
Համաշխարհային պրեմիերայից անցել է մեկ ամիս, ֆիլմն արդեն հայտարարված է վեց կինոփառատոնի ծրագրում։
Ֆիլմը
Ճանապարհորդություն դեպի երազանք՝ անտառում ապրող ու տերևների ծածկոցի տակ գիշերներ լուսացնող 12 տարեկան Սունայի և թաքնված գիտելիքի տիրապետող 200 տարեկան Ծերունու հանդիպման միջով․․․Անդրադարձ՝ Հոր ու դստեր, ուսուցչի և աշակերտի, մեծահասակի և փոքրահասակի հուզիչ ընկերությանն ու անհնարինը հնարավոր դարձնելու նրանց ճանապարհին․․․