Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ մեկնարկեց «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն է։ «Մի բան է, որ նյութը կարդում ես քեզ համար, մեկ այլ բան, որ այն պետք է բեմադրես և ներկայացնես հանդիսատեսին։ Կարդում ես տեքստը ու հասկանում, որ այն այսօրվա ու երեկվա մասին է։ Մոնոներկայացման ուղերձն այն է, որ մեզ պետք են «Դավիթներ»։ Պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի հայ երիտասարդի մեջ չմեռնի Դավիթը։ Պետք է ազատություն տանք մեր ներսի «Դավիթներին»։ Պետք է արմատախիլ անենք դավաճանությունը, նենգությունը, վախն ու քծնանքը։ Այդ ամենն է մեր կորուստների և պարտությունների պատճառը», - ավելի վաղ անկեղծացել էր Արմեն Քուշկյանը։
«Արմմոնո Plus» թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է: Այն հարթակ է, որտեղ երիտասարդ թատերական գործիչները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Լավագույն մոնոներկայացումները կցուցադրվեն նաև «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում։ Այն կկայանա 2025 թվականին: Փառատոնում ցուցադրվել է շուրջ 15 մոնոներկայացում-առաջնախաղ։
Միջազգային ծրագրում ներառված են եղել Ելենա Կալագանովայի (ՌԴ) «Երջանիկ Շառլոտան» և Ջորջի Դվալիշվիլու (Վրաստան) «Մեկ ուրիշը» մոնոներկայացումները։