Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանի ծննդյան տարեդարձն է: Նրա դուստր դերասանուհի և ռեժիսոր Լիլի Էլբակյանը ֆոտոշարք է հրապարակել ինստագրամյան իր էջում և շնորհավորել հայրիկին.
«Աղջկա համար ամենակարևորը լավ հայր ունենալն է, թոռների համար լավ պապիկ ու ընկեր, իսկ երբ ծնողդ Ազգային արժեք է դա արդեն մեծ պատասխանատվություն է... Պապ մաղթում եմ քեզ, որ սիրված ու գնահատված լինես հենց կենդանության օրոք, դու պետք ես մեզ , ժողովրդին, թատրոնին քո ապրածն ու ստեղծածը կարևոր է ոչ միայն մեզ համար այլև քո ժողովրդի, հանդիսատեսի, սերունդների ու ապագայի համար... Ապրիր ապրեցրու, կրթիր, արարիր ու եղիր երջանիկ քո բոլոր օրերում։ Իսկ մենք սիրում ենք քեզ ... Ամեն օր սովորում քեզնից սիրել մերձավորին ու էս աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու պատվիրանը ... Դու իմն ես ու բոլորինը ... Դու կարևոր ես պապ»,-գրել է նա:

Արմեն Էդգարի Էլբակյանը ծնվել է 1954 թ.-ի փետրվարի 11-ին, Երևանում: Նրա հայրը՝ Էդգար Գևորգի Էլբակյանը նույնպես թատրոնի և կինոյի հայ դերասան էր, ՀԽՍՀ վաստակավոր և ժողովրդական արտիստ:
Արմեն Էլբակյանն ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական, ապպա ռեժիսորական բաժինը: Աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, որպես դերասան, ավելի ուշ որպես ռեժիսոր: 2015 թվականից նույն թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Տարիներ շարունակ եղել է Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1988-2012 թվականներին աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որպես դերասանական կուրսի ղեկավար, դոցենտ: 1994 թվականին հիմնադրել է Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնը։ 2000-2015 թվականներին աշխատել է Երևանի խամաճիկների պետական թատրոնում, որպես տնօրեն։
2012 թվականից աշխատում է Հայկական պետական մանկավարժական համալսարանում, որպես Ռեժիսուրայի ամբիոնի վարիչ։
Արժանացել է 3 «Արտավազդ» մրցանակի՝ 2 անգամ լավագույն ներկայացում և լավագույն դերասան անվանակարգերում:



